Քոչարյանի գործով դռնբաց նիստին մասնակցում է գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայր, որտեղ  դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Բացի Արթուր Դավթյանից այս գործով մեղադրանքը պաշտպանելու են նաև Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, Կարեն Բիշարյանը, Հայկ Պետրոսյանը։ Նախքան նիստի մեկնարկը Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին, որ դատական նիստերի դահլիճը փոքր էև  միջնորդեցին գործի քննությունն անցկացնել Երևան քաղաքի ընդահանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ ավելի ընդարձակ դահլիճներ կան։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը  հայտարարեց, որ  կարգադրիչները փակել են դատարանի դահլիճի դուռը և թույլ են տալիս  մասնակիցներին ներս մտնել։

«Սա դռնբաց դատավարություն համարվել չի կարող»,–արձանագրեց փաստաբանը։ նախագահող դատավորը որոշում կայացրեց բացել դատական նիստերի դահլիճի դուռը, ինչից հետո Քոչարյանի աջակիցները ծափահարություններով և «Ազատություն» վանկարկելով մտան ներս։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նախկինում նման որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու,  ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը  մեղադրվում են այլ անձանց հետ հանցակցությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։