Վրացի ամուսինները ՀՀ-ում սպանություններ են կատարել.26 ամյա վարորդի դաժան սպանության մանրամասները

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երեւանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաեւ`սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 31-ին՝ Սեւանի թերակղզուց դեպի Սեւանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղին, հայտնաբերվել էր 26-ամյա Ժորա Մարտիրոսյանի դին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին, եւ վերջիններիս ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սեւան: Քննությամբ պարզվել է, որ ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ, առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ճանապարհին ուղեւորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել միմյանց հետ՝ արժանանալով Ժ.Մարտիրոսյանի դիտողությանը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ամուսինները, շահադիտական դրդումներով, զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երիտասարդ վարորդի մարմնի տարբեր մասերին. ամուսինը, նստելով գետնին ընկած երիտասարդի ոտքերին, իսկ կինը կքանստելով գլխի հետնամասում, քարերով հարվածներ են հասցրել գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչին ականատես է եղել նրանց ընկերը:

Այնուհետեւ վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին եւ երեքով միասին վերադարձել են Երեւան: Հետքերը թաքցնելու նպատակով ամուսինները լվացել են իրենց հագին եղած արյունոտ հագուստները, իսկ հաջորդ օրը Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում վաճառել երիտասարդից հափշտակած ոսկյա մատանին:

Հիշեցնենք, որ բացի Ժ.Մարտիրոսյանի սպանությունից, նախաքննության ընթացքում բացահայտվել էր վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ սպանություն եւս:

Հունվարի 15-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, իր բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երեւան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Պարզվել էր, որ կինը դարձել է սպանության զոհ:

Նախաքննության ընթացքում պարզվել են կնոջ սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Այսպես՝ վրացի ամուսինները ՀՀ-ում իրենց ծանոթների միջոցով ծանոթացել են Ա.Ալեքսանյանի հետ: Վերջինս, լինելով մասնագիտությամբ բժշկուհի, թոշակի անցնելուց հետո զբաղվել է ոչ ավանդական բժշկությամբ: Ամուսինները դիմել են նրան, իբր առողջական խնդիրների լուծելու համար, մտերմացել նրա հետ եւ տեղեկանալով, որ կինը խնայած գումար, ոսկյա եւ արծաթյա զարդեր ունի՝ ծրագրել են հափշտակել դրանք:

Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նրանք հյուրընկալվել են Ա.Ալեքսանյանին, միասին ընթրել են, օգտագործել ոգելից խմիչք, որի ընթացքում տղամարդը, տարեց կնոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, թիկունքի կողմից մոտեցել է նրան, գրկել, մի ձեռքով պահել բերանը, որպեսզի չկարողանա օգնություն կանչել, իսկ մյուս ձեռքով սկսել է խեղդել եւ որպեսզի կոտրի Ա.Ալեքսանյանի դիմադրությունը, կնոջը հրահանգել է բռնել տարեց կնոջ տքերը, իսկ ինքը շարունակել է խեղդել նրան:

Տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, պառկեցրել անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա եւ արծաթյա զարդեր, ինչպես նաեւ՝ այլ իրեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (2 դրվագ) եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջիններիս ընկերոջը՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: