Գիտնականին չեն մոռանում, եթե նա թողել է ժառանգություն

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու Կարո Ժամխարյանի «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրիայում և Լիբանանում 1920-1930-ական թթ.» գրքի շնորհանդեսը: Հեղինակի գիտական աստիճան ստանալուց 4 տարի անց մեր սեղանին նրա առաջին մենագրությունն է, որն, ավաղ, Կարոն չհասցրեց տեսնել: Կյանքի չարագույն բոթը ընդհատեց երիտասարդ գիտնականի երկրային ուղին…

Գրքի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:  Գրքի ներկայացումը վստահված էր պ.գ.թ թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանին. «Աշխատանքի ամենակարևոր արժանիքներից մեկը նաև այն է, որ հեղինակն իսկապես օգտագործել է մեծաքանակ գրականություն: Ցավոք, Կարոն հնարավորություն չունեցավ հետազոտական աշխատանքներ իրականցնել Սիրիայում և Լիբանում, բայց ինչպես տեղեկանում ենք նրա կնոջից՝Էթերիից, Կարոն  նամակ էր ուղարկել Կիլիկիայի Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին՝ նշելով, որ ցանկանում է տպագիր աշխատության շրջանակներում ներկայացնել 1920-1930-ական թթ.-ի սիրիահայ և լիբանանահայ համայնքների մշակույթը, քանզի հայագիտության շրջանում մինչ օրս վերոնշյալ թեմային վերաբերող համակարգված աշխատանք չի կատարվել: Ապա շարունակելով գրել, որ գործը թերի կլինի, եթե գիտական շրջանառության մեջ չդրվեն և աշխատանքի մաս չկազմեն Անթիլիասում պահպանված արխիվային նյութերը, խնդրել  Կաթողիկոսին, որ իրեն արխիվային նյութերը ուսումնասիրելու և Անթիլիասի շրջափակում գիշերակաց ունենալու հնարավորություն տրվի»:

Գրքի խմբագիր՝ պ.գ.թ դոցենտ Էդիկ Գևորգյանն էլ Կարոյի այս գիրքը համարեց յուրահատուկ հուշարձան, որը դեռ շա՜տ երկար կմնա ու սերունդներ կդաստիարակի:

Հաջորդիվ ելույթ ունեցավ ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության դեկան, պ.գ.թ դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, ում պնդմամբ Կարո Ժամխարյան անուն-աղգանունը երբեք չի մոռացվի, քանի որ գիտնականին չեն մոռանում, եթե նա թողել է ժառանգություն, իսկ Կարոն թողել է ժառանգություն՝ կարևոր պատմագիտական ժառանգություն… «Վստահ եմ նաև, որ հետագայում այս ժամակաշրրջանի Սփյուռքի պատմությամբ զբաղվող մասնագետների համար այս գիրքը դառնալու է առանցքային, լինելու է հղման աղբյուր և կայուն տեղ է ունենալու պատմագիտության մեջ»,-հավելեց Հովհաննիսյանը:

Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Անի Ֆիշենկճյանը հիշեց. «Կարոյին խոստացել էի իր ատենախոսությունը հարստացնելու համար տրամադրել Սիրիայից իմ բերած գրականությունը, ավա՜ղ…

Մենք Կարոյի հոգին ձգել ենք գրքի մեջ…

Այս գիրքը պետք է դառնա սկզբնաղբյուր այս ոլորտի պատմաբանների համար»:

Շնորհանդեսը եզրափակեց հեղինակը կինը՝ Էթերի Մամուլյանը. «Ինձ մոտ մի ամբողջ էություն է, 3 տասնյակ տարվա կյանք… Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս գիրքը Կարոյի 2-րդ երեխան է, համենայն դեպս իր համար այդչա՜փ սպասված ու արժեքավոր էր լինելու այն, գիտության մարդիկ, հատկապես, կհասկանան ասելիքս…Խիստ պատասխանատու գործ էր դիպչել նրա ամեն տառին, ամեն մտքին, և հենց այդ պատասխանատվությունն էր, որ թույլ չտվեց, անկախ կատարված փոփոխություններից, կրճատել աշխատանքը: Կարոյի գրչի դիսերտացիոն տարբերակից դուրս է մնացել ընդամենը  6 էջ, որն ապրեցնելու համար ևս պետք է փորձենք ճիշտ ուղի գտնել: Ինչպես որ անդադար փորձում եմ ուղիներ գտնել նրա շուրթով խոսելու, նրա խոհերը վերհնչեցնելու, նրա անուն ազգանունը, նրա դեմքը վառ պահելու համար… Ավաղ, ծանր է քայլել նրա փոխարեն, բայց քանի դեռ ես շունչ ունեմ, պիտի նրա խոսքի ամեն մասունքը արձագանքի, նրա գրչի ամեն տառը նորից ու նորից վերահրատարակվի… »: Ապա եզրափակեց խոսքը՝ շնորհավորելով Կարոյի ծննդյան 33-րդ օրը, որը նշվում էր նույն օրը. «Շնորհավոր ծնունդդ, իմ ուրիշ աշխարհ…»: