Ինչպես ազատվել աղբից

22 total views, 1 views today

Օրինակ, Իտալիայում ֆուտբոլը ոչ միայն մարզաձև է, այլև` մարդկանց կենսակերպ, գործոն, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն են ստանում դրսևորել ոչ միայն իրենց տեղական (միլանցիներ, թուրինցիներ, հռոմեացիներ), այլ նաև` համազգային (իտալական) հայրենասիրությունը: Եվ ահա վերջերս իտալական իշխանությունները որոշեցին կարգի բերել ֆուտբոլային տնտեսությունը, ու պայքար սկսվեց այդ ոլորտ թափանցած կրիմինալի, կոռուպցիոն դրսևորումների դեմ: Օրինականության հաստատումն այնքան կարևորվեց, որ «նվաստացվեց» անգամ իտալական ֆուտբոլի ու ոչ միայն ֆուտբոլի հենասյուներից մեկը` «Յուվենթուսը»:

Հայաստանում անկարելի է պատկերացնել, որ կրիմինալի ու կոռուպցիայի դեմ պետական մակարդակով պայքար տարվի, որովհետև բոլոր մարդիկ էգոցենտրիկ են, ու դժվար է պատկերացնել մեկի, ով պայքարում է իր կամ իր տեսակի դեմ: Հայաստանում բացակայում են նաև «ներքևից» ծնված ազգային արժեքները. դրանք պարտադրվում են «վերևից»: Եթե որևէ միամիտի մտքով անցնում է, որ մենք իտալացիների նման հանուն օրինականության պետք է թքենք մեր ազգային արժեքների վրա` չարաչար սխալվում է: Շմայսները, բուռնաշները, Կոտայքի, Սյունիքի, Արարատի մարզի «ցարիբոգերը» մեր այսօրվա «հերոսներն» են, եթե կուզեք` ազգային արժեքները: Ու մեր «ինքնատիպ մենթալիտետը» հուշում է, որ ժողովուրդն ու օրենքը պետք է խոնարհվեն նրանց առաջ` հակառակը լինել չի կարող, որովհետև մենք իտալացիների նման տխմար չենք. եթե «Յուվենթուսը» աշխարհի հինգ չեմպիոն է տալիս, ապա մերոնց բուծածը սափրագլուխներ են:

Հիմա ընդդիմությունն է խոսում անտիկրիմինալի մասին ու միամտորեն ակնարկում է միայն ՀՀԿ-ին: Չեմ վիճում` իրավամբ այդպես է, ու Հանրապետականն էլ, մի տեսակ, կրիմինալի թանգարան է` բաց երկնքի տակ: Սրա մասին նույնիսկ իշխանության էն մյուս թևից են խոսում` ակնարկով կամ փսփսոցով` իրենց ոչ պակաս «փառահեղ թանգարանը» քողարկելու նպատակով: Ու չլինի` միամիտ-միամիտ ջուր լցնենք իշխանության մի կենտրոնի ջրաղացին, առիթ տանք, որպեսզի տղերքը մեկը մյուսի հետ իրենց «հաշիվները» մաքրեն` մեր հաշվին, մեզ «հարիֆացնելու» և գայթակղելու հաշվին:

Կրիմինալի ձևակերպումը և տարածականությունը ճշտելու կարիք չկա: Դրա համար նորից հավաքվելու անհրաժեշտություն` առավել ևս: Դա միայն հանրապետականը չէ, դա Հանրապետությունը ոչնչացնելու գնով իշխանությանը տիրացածներն են` իրենց ցեղվող ու բարգավաճող թևերով: Այնպես որ, ժողովրդին աղբի տեղը ցույց տալ պետք չէ, տունը մաքրելու եղանակը պետք է հուշել: