ՍԱՍիմետրիկ աղմուկի սիմետրիկ էֆեկտը

Դատախազությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է «Սաս գրուպի» աշխատակիցների նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունը, որը նախօրեին տարածվել էր համացանցում և դարձել մեծ աղմուկի պատճառ: Ընդ որում, աղմուկը կարող է բնորոշվել «մեծ աղմուկ ոչնչից» տարբերակով: Ոչ այն պատճառով, որ ձայնագրության մեջ չկա դատապարտելի կամ առնվազն մտահոգիչ ոչինչ: Պարզապես ձայնագրությունը բացահայտում է մի իրողություն, որի մասին Հայաստանում բարձրաձայնում են շատ վաղուց․ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը, անհատներ, խմբեր, արտասահմանցի դիվանագետներ՝ տարբեր ձևակերպումներով: Այսինքն՝ տարածվածն ըստ էության ձայնագրություն է Հայաստանի իրականության՝ բոլորին հայտնի իրականության մասին:

Հետևաբար, խնդիրը այդ իրականությունը փոխելն է, այդ իրականության վրա հանրային ազդեցության հասնելը, որպեսզի հանրությունը թելադրի, ոչ թե այսպես ասած խոշոր սեփականատերերը կամ պարզապես քրեաօլիգարխիան: Իսկ դա աղմուկ չէ, որ պահանջում է: Դա պահանջում է անաղմուկ, համբերատար, լուռ աշխատանք: Աղմկել այն ամենի շուրջ, ինչ գործնականում կասկածի տակ չէ ոչ մեկի, անգամ դրան առերևույթ, իբր թե կասկածող իշխանության համար․ նշանակում է վատնել էներգիա, ժամանակ, նշանակում է շեղվել բուն անելիքից: Ըստ այդմ, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ ամենը, պարբերական այդ կայծերը չեն նետվում հրապարակ աղմուկի հրդեհներ բռնկելու և այդպիսով հանրային էներգիան և «մտավոր կալորիաները» այրելու համար, որպեսզի այդ ամենը հանկարծ չդառնա որևէ մտավոր հեռանկարայաին ռազմավարական պրոդուկտ, այլ ընդամենը վերածվի կամ հանգի աղմուկի՝ բոլորին հայտնի իրողությունների շուրջ պարբերաբար կրկնվող աղմուկի:

Հանրությունը կարիք ունի ստանալ այդ հարցի պատասխանը, կարիք ունի ձևակերպել, ինքն իրեն տալ այդ հարցը: Հանրությունը, կամ հանրության առաջնորդելու հավակնություն ունեցող քաղաքական և քաղաքացիական էլիտաները՝ իրական էլիտայի հավակնություն ունեցողները: Իրավիճակը բավական խաբուսիկ է: Առաջին հայացքից մենք ունենք ապացույցներ, մենք ստանում ենք ապացույցներ, թվում է թե անհերքելի ապացույցներ, թե ինչ է կատարվել իրականում և ինչպես է ստացվել ՀՀԿ-ի ձայնը, բացարձակ հերթական մեծամասնությունը: Մյուս կողմից, մենք չունենք անկախ իրավապահ համակարգ, անկախ դատական համակարգ, որը կընդունի այդ ապացույցները, որտեղ այդ ապացույցները կդառնան քննության առարկա և կվերածվեն արդեն արդար և անկախ դատավճիռների, ստեղծելով նախադեպեր և ի վերջո նոր իրականություն: Մեր բոլոր ապաույցները բախվում են մի կողմից իրավապահ-դատական համակարգի լռության պատին, մյուս կողմից՝ իշխանության ցինիզմի ու երեսպաշտության: Հանրությունը չի կարողանում ճեղքել այդ պատը:

Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ նշանակություն և իմաստ են ստանում այդ ապացույցները, ի՞նչին են դրանք նպաստում, ինչո՞վ, իհարկե աղմկոտ, սկանդալային հերթական իրավիճակից բացի: Դրանք չեն լուծում անգամ իրազեկման խնդիր, որովհետև դրանցում մենք տեսնում ենք այն, ինչում համոզված են բոլորը: Օրինակ՝ եթե նույնիսկ չլինի ոչ մի ձայնագրություն, գտնվելո՞ւ էր մեկը, ով կկասկածեր, թե ինչ մեթոդներով է ռեյտինգային ընտրական արդյունքով առաջին տեղը զբաղեցրել ՍԱՍ-ի Արտակը, որևէ մեկը կասկածելո՞ւ էր, թե որն է եղել նրա ընտրական մեթոդոլոգիան: Հետևաբար, ստեղծվում է աղմուկ՝ բոլորին վաղուց հայտնի խնդիրների շուրջ, բայց չկա որևէ լուծում, լուծման որևէ մեխանիզմ, գործընթաց: և դրանից հետո ստեղծվում է հանրային անզորության, անմրցունակության և իշխանության դեմ այսպես, թե այնպես խաղ չլինելու մթնոլորտի սնուցման նոր աղբյուրը, նոր չափաբաժինը:

Առաջին հայացքից թվում է, իսկ ինչ անել, հրաժարվե՞լ այդօրինակ ապացույցներից, մերժե՞լ դրանք, մատնել անուշադրությա՞ն: Իհարկե ոչ: Դա հնարավոր էլ չէ՝ թե՛ մարդկային բնույթից, թե՛ տեղեկատվական դարաշրջանի բնույթից ելնելով: Անհրաժեշտ է պարզապես կառավարել դրանք: Երբ դրանցով տարվում է հանրությունը՝ լայն հանրային շերտերը, երբ նրանց վրա աշխատում է «արհեստական աղմուկի» շեղող, լիցքաթափող, պարպող, միտքը կաթվածահար անող տեխնոլոգիան, ապա դա չպետք է աշխատի քաղաքական և քաղաքացիական էլիտաների վրա: Նրանք չպետք է տրվեն դրան, հայտնվեն «տրորված արահետի» ծուղակում, կամա թե ակամա հայտնվեն սպեկուլյացիոն ցիկլի մեջ, որ գցվում է դաշտ անհայտ աղբյուրից՝ միտումնավոր, թե իներցիայով, կարևոր չէ:

Հանրային միտքը պետք է աշխատի ասիմետրիկ պայքարի և մրցակցության տրամաբանության ուղղությամբ, իշխող համակարգի դեմ ասիմետրիկ պայքարի, համակարգի առաջ ասիմետրիկ խնդիրներ դնելու տրամաբանությամբ: Պատահական չէ, որ համակարգը պարբերաբար տարբեր մեխանիզմներով, անգամ շատ հաճախ ինքն իրեն քննադատության և աղմուկի սուր ալիքի տակ դնելով, այդուհանդերձ ամեն ինչ անում է հանրությանն անընդհատ սիմետրիկ պայքարի դաշտում պահելու, սիմետրիկ հակազդեցության դաշտում պահելու համար: Որովհետև այդ դաշտում նա անպարտելի է, նա այդ դաշտում դուրս է մրցակցությունից, այդ դաշտում նա է թելադրում և տալիս լուծումներ:

Рус