Վաշինգտոնում հայ և քուրդ ցուցարարների վրա հարձակվողներն Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հեղինակները հենց Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել: Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Էրդողանի դեմ խաղաղ ցույցին մասնակցել են հայկական, քրդական համայնքի ներկայացուցիչներ:

Պարբերականի հետ զրույցում ականատեսներից մեկն ասել է, թե Էրդողանի անվտանգության աշխատակիցները ծեծկռտուք են սկսել այն ժամանակ, երբ ցույցի մասնակիցներից մեկը պահել է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դրոշը:

Պարբերականի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի հետևանքով տուժել է 9 մարդ:

Ոստիկանական դեպարտամենտի խոսնակ Դաստին Ստերնբեքը տեղեկացրել է, որ կատարվածի առնչությամբ երկու մարդ ձերբակալվել է: Նրանցից մեկը մեղադրվում է բախման ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ:

Կատարվածին անդրադարձել են ամերիկյան հեղինակավոր մի շարք այլ պարբերականներ:

New York Post-ը ևս գրում է, որ ցուցարարների վրա հարձակվել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Տեղադրված տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են նրանք հայհոյանքներ հնչեցնում խաղաղ ցուցարարների հասցեին: Լրատվամիջոցը հայտնում է, որ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են: