Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքները կանխելու կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու համար Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքների իրականացումը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու մտադրությունը դիտարկում է որպես «սադրանք» Երևանի կողմից: Հաջիևի խոսքով՝ Հայաստանի նման քայլերը վնասում են արցախյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին և էսկալացիա են առաջացնում:

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Բաքուն կդիմի միջազգային կառույցներին Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներն արգելելու պահանջով: