Դաժան սպանություն Լոռիում. Կինը սպանել է ամուսնուն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու կնոջ կողմից ամուսնու սպանության դեպքի հանգամանքները:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 00:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի 33-ամյա բնակչի դիակը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 33-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ:

Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, վերցվել համապատասխան փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է: