Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հեռակա երկխոսությունը

28 total views, 1 views today

Այսօր մեկնարկել է Սամվել Բաբայանի և մյուսների կամ, այսպես կոչված, «Իգլայի» գործով դատավարությունը: Այս գործում իրավական բաղադրիչն ամենավերջին տեղում է, և առաջին պլան են գալիս գործոններ, որոնք կապված են Բաբայանի անձի, նրա ու Սերժ Սարգսյանի բավականին բարդ փոխհարաբերությունների հետ: Բանն այն է, որ Սարգսյանի ու Բաբայանի «ջրերը նույն առվակով չեն հոսում» արդեն երկար տարիներ, նրանց հակասությունների հրապարակային լուրջ դրսևորումն արձանագրվեց 2007-ին, երբ Սամվել Բաբայանը ցանկություն հայտնեց առաջադրվել Սարգսյանի եղբոր դեմ Աժ մեծամասնական նույն ընտրատարածքում, սակայն իրազեկ մարդիկ ասում են, որ երկու գործիչների հակասություններն այնքան հին են, որքան` ղարաբաղյան շարժումը:

Խորհրդարանական վերջին ընտրություններին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը ֆորմալ մասնակցություն չուներ, սակայն հենց նա էր ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի փաստացի առաջնորդը, ասում են` նաև այն մարդը, ում միջոցով Ռոբերտ Քոչարյանն ու մոսկովյան խիստ որոշակի շրջանակներ ուղղորդել և ֆինանսավորել են ՕՐՕ-ն: Այս դաշինքը նաև «ծռերի», այսպես կոչված, ոչ պաշտոնական քաղաքական պատվիրակն էր խորհրդարանական ընտրություններում և, ըստ էության, դրանք տապալելու առաքելություն ուներ: ՕՐՕ-ի համար խորհրդարանական ընտրարշավը պետք է դառնար ՊՊԾ գնդի օպերացիայի շարունակությունը: Պատահական չէ, որ Բաբայանը ձերբակալվեց քարոզարշավի պիկին`մարտի 24-ին և, եթե անգամ «Իգլայի» և փողերի լվացման գործերը շինծու չեն, միևնույն է, ինչ-որ բան պետք է մոգոնվեր Բաբայանին գոնե ժամանակավորապես մեկուսացնելու համար:

Ի տարբերություն մյուս աղմկոտ գործերի` Բաբայանն ու ընկերներն իրենց քաղաքական բանտարկյալ չեն հռչակել, այսօր դատարանում սկանդալներ չսարքեցին` չնայած ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարն իրեն շատ ինքնավստահ է պահել ամբաստանյալի կարգավիճակում: «Այսօր որ ստեղ նստած եմ, իրենց արածն է, ես ի՞նչ կապ ունեմ»,- խորիմաստ ակնարկել է Բաբայանն` ակնարկելով, որ ցանկացած պահի կարող է հայտնվել ազատության մեջ: Այսօրվա դատական նիստից հետո Սամվել Բաբայանը մոտեցել է մեղադրող դատախազին և զրուցել է նրա հետ, ինչը ենթադրել է տալիս, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը մտադիր չէ կամուրջներ այրել կամ ավելորդ քաղաքականացնել գործընթացը: Նույնիսկ կարելի է ասել, որ այսօր մեկնարկել է ոչ թե իրավական գործընթաց, այլ հեռակա երկխոսություն Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի միջև, որի ինչ-որ ռաունդում Բաբայանը կհայտնվի ազատության մեջ` անկախ գործի իրավական ընթացքից: