Քանի դեռ կա Արցախի հարցը, հայ-թուրքական սահմանը չի բացվի

25 total views, 1 views today

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ կնքել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Փորձագետները գրեթե բացառում են նման հնարավորություն, նշում, որ սա Թուրքիայի հերթական խաղն է՝ եվրոպացիներին ռուսներով են վախեցնում, ռուսներին՝ Արևմուտքով՝ փորձելով արտոնություններ պոկել:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիհաթ Զեյբեքչիի հայտարարությանը, նշեց, որ սա միտված է Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ի և Եվրոպայի խանդն առաջացնելուն՝ իրենց կուլիսային քաղաքական առևտրի մեջ նոր երակ հաղորդելուն և այդ ամենից փոխադարձ շահեր քաղելուն: Ըստ նրա՝ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների բարելավումը վաղ թե ուշ կարող է երկկողմ հարաբերություններից վերածվել ավելի լայն՝ Թուրքիա-ԵԱՏՄ հարաբերությունների: Նա չբացառեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների աճը մի օր կհանգեցնի նման հավանականության:

Այս դեպքում, Մելքոնյանի կարծիքով, երկու կարևոր հարց է առանձնանում. մեկը՝ Ղազախստանի հանգամանքն է. Նազարբաևը տարբեր հարթակներում փորձում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը տեղափոխել այլ որոտ և փորձել այդ շահերը պաշտպանել: Երկրորդ՝ հայ-թուրքական փակ սահմանի պարագայում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները կարող են վերածվել դե ֆակտո հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների ապասառեցման:

Հարցի մյուս կողմը, Ռուբեն Մելքոնյանի խոսքով, քաղաքական մեսիջներն են: Թուրքագետը նշեց, որ վերջերս Թուրքիայի կողմից С-400 համակարգեր ձեռք բերելու մասին խոսակցություններն են, որոնք ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական բաղադրիչ ունեն, քանի որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի կարևոր անդամ և բանակով երկրորդ մեծությամբ երկիրը, C-400 համակարգեր է փորձում ձեռք բերել իր հավանական հակառակորդից՝ Ռուսաստանից՝ դրանով խախտելով մինչ այս եղած բոլոր քաղաքական և ռազմական ընկալումները: «Հակառակ երկու բևեռ իրար ոչ թե զենք են վաճառում, այլ իրար հետ մրցակցում են զենքի շուկայում: Այս հայտարարությունը այդ նույն օպերացիայի մի մասը կարող են համարել»,-ասաց նա:

Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր հայ-թուրքական սահմանը բացում, թուրքագետը նկատեց, որ հայ-թուրքական սահմանը, բացի երկու երկրների միջև սահման լինելուց, ունի նաև այլ, չգրված տարբեր այլ հանգամանքներ: Առաջինը՝ հայ-թուրքական սահմանը քաղաքակրթական սահման է, և սահմանի բացումը պայմանավորվում է պատմական և այլ հարցերով: Նրա խոսքով՝ Թուրքիան սահմանի բացումը պայմանավորում է Արցախի հարցով և, ի վերջո, դա նաև տնտեսական շրջափակման սահման է, քանի որ Հայաստանը Թուրքիայի կողմից ենթարկվում է տնտեսական շրջափակման:

«Այս համատեքստում Թուրքիայի և ԵԱՏՄ-ի հարաբերությունների բարելավմամբ կարող է հավանական լինել հայ-թուրքական սահմանի միայն տնտեսական ընկալմամբ բացման հնարավորությունը, այսինքն՝ բեռնափոխադրումներ և այլն: Այս պարագայում բացվելու է ոչ անքան Հայաստան-Թուրքիա սահմանը, որքան Թուրքիա- ԵԱՏՄ սահմանը: Ուղղակի այն աշխարհագրորեն գտնվում է Հայաստանի տարածքում, բայց հաշվի առնելով Թուրքիայի առաջնահերթությունները, ադրբեջանական շահերի նկատմամբ նրա վերաբերմունքը, այս պարագայում Թուրքիան փորձելու է այդ խնդիրը այլ հունով տանել և ամեն կերպ հասնել նրան, որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները չհանգեցնեն թեկուզ դե ֆակտո Հայաստան-Թուրքիա սահմանների բացման»,-նկատեց թուրքագետը:

Նույն խնդրին անդրադառնալով «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշեց, որ Հայաստանը վետոյի իրավունքը չի կարող կիրառել, որովհետև Հայաստանը երբեք Ռուսաստանի կամքին հակառակ չի գնում. «Որտեղ Ռուսաստան կա, Հայաստանը ոչինչ չի կարող անել: Ես տեսել եմ՝ շատ ավելի լուրջ հարցերում Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր շահերը, ես չեմ կարծում սա ինչ-որ լուրջ զարգացում կունենա, սա շատ ավելի եվրոպացիներին ցույց տալու համար է, որ մենք այլընտրանք ունենք: Թուրքերը միշտ դրա վրա են խաղում, այսինքն՝ եվրոպացիներին ռուսներով են վախեցնում, ռուսներին՝ Արևմուտքով՝ փորձելով արտոնություններ պոկել, և չեմ կարծում ինչ-որ զարգացում կունենա այս ամենը»:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը Պուտինին չի կարող ասել՝ սա ինչ է, ես վետո եմ դնում, անգամ զենքի վաճառքի հարցում մենք Ռուսաստանին բան չենք ասում, երբ ՀՀ ղեկավարությունը կպած պաշտպանում է, ասում է՝ դե բիզնես են անում, մի քանի հոգի ավել կսպանեն, թե պակաս, ի՞նչ տարբերություն, կարևորը ռուսական բիզնեսը զարգանա: Եթե նման հարցերում որևէ կերպ չենք արձագանքում, ուր մնաց այսպիսի հարցերում ընդդիմանանք:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանը բացման հավանականությանը, Արա Պապյանը նշեց, որ դեռ 90-ականների սկզբին Թուրքիան մշտապես երեք պայման էր դնում մեր առջև՝ հրաժարում որևէ տարածքային պահանջներից և ներկա սահմաների ճանաչում, հրաժարում Ցեղասպանության հարցի հետամուտ լինելուց և Ղարաբաղի հարցի լուծում հօգուտ Ադրբեջանի: Ցյուրիխյան արձանագրությունների մեջ Սերժ Սարգսյանը գնաց բացառիկ չարդարացված զիջումների և երկու նախապայմանն իրականացրեց՝ ճանաչեց սահմանը, և հրաժարվեց, ըստ էության, Ցեղասպանության ճանաչումից, քանի որ պետք է ենթահանձնաժողով ստեղծվեր Ցեղասպանության հարցում, բայց քանի որ երրորդ կետը՝ այն է, Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին, չիրականացրեց, թուրքերը չվավերացրին և չբացեցին սահմանը: Թուրքիան լուրջ երկիր է և ունի ստրատեգիական խնդիր: Ստրատեգիական խնդիրը հայության ոչնչացումն է, և այդ երեքի կետերի իրականացումը կարող է բերել դրան: Քանի որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղը չի կարող զիջել սահմանը բացելու դիմաց, Թուրքիան սահմանը չի բացում: Ուստի կարող է ստորագրվի համաձայնագիր, բայց սահմանը չի բացվի: Թուրքիան կարող է վերապահում անել, որ սա չի վերաբերում ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանին: Քանի դեռ Ղարաբաղը օկուպացված է մնում Հայաստանի կողմից, նա կարող է նման վերապահում անել, որ սա ընդհանրապես չի վերաբերում Հայաստանին: