«Հայտնաբերել եմ «սևազգեստների». Խաժակյանն ահազանգում է, որ ոստիկանները հարբած ծեծել են իր մերձավորին եւ կոտրել քիթը

Հայտնաբերել եմ «սևազգեստների». Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին և դիմում ոստիկանապետին։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերն այսպես է վերնագրել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով միջադեպ է տեղին ունեցել իր մերձավորներից մեկի հետ, երբ ուշ երեկոյան իր վարձակալած տարածքի դուռը կողպելիս, մոտեցել են երկու անձինք՝ հարբած վիճակում եւ սկսել վիճաբանության բռնվել. «Հարբած մոտեցել են, հարցրել են, ինչ ես անում, դու ով ես, էս տարածքն ես ուզում թալանել: Մերձավորս բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է՝ ումից է վարձակալել, հետո հարցրել է, թե դուք ով եք: Այս երկու հարբած անձինք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո մերձավորս երկար ժամանակ ստիպված է եղել նրանցից պահանջել վկայականը։ Քիչ անց նա ներկայացրել է իր վկայականը, նա եղել է ոստիկան, որից հետո հարվածելով, քաշքշելով իրեն նստեցրել են ավտոմեքենան եւ տարել ոստիկանության բաժին»,– ասել է Խաժակյանը։

Նա հավելել է, որ բաժնի դիմաց եւ ճանապարհին եւս նրան հարվածել են, որի հետեւանքով կոտրվածք է ստացել դեմքի շրջանում. «Երբ հասել են ոստիկանության բաժանմունքի դիմաց, միացել են եւս մի քանի ոստիկաններ եւ նրանք եւս շարունակել են հարվածներ հասցնել նրան: Այնուհետեւ մոտեցել է մեկ այլ ոստիկան, ով ճանաչել է եւ հասկացել, որ այդ մարդն այդ տարածքի տիրպետողն է, նրան բաց են թողել: Կա նաեւ հիվանդանոցում տրված թուղթը, որը հավաստում է, որ այդ ընթացքում նա քթի շրջանում վնասվածք է ստացել: Այսինքն այդ «սեւազգեստ» մարդիկ եղել են ոստիկաններ եւ հարբած վիճակում փաստորեն քաղաքացուն տարել, ծեծել են»,-ընդգծել է Խաժակյանը:

Նա հարց է բարձրացնում,. «Այսպե՞ս է կատարվում վարչապետի հորդորը: Եթե մեկը մատով կպչում է ոստիկանին, միանգամից քրեական գործ է հարուցվում: Ես դիմում եմ ոստիկանապետ Օսիպյանին եւ այն բոլոր ոստիկանները, որոնք ներգրավված են եղել դրանում, պետք է այսօր կալանավորվեն եւ առաջիկայում ազատվեն աշխատանքից: Թող գնան պարզեն, ձայնագրությունները կան: Հուսով եմ ոստիկանության շենքի դիմաց տեսանկարահանում իրականացվել է: Մենք եւս փաստեր ունենք, որ կտրամադրենք: Բոլորը պետք է անխտիր պատիժ կրեն: Ակնկալում եմ, որ նրանց վրա գույնզգույն բաբոչկաներ կախվեն եւ իրենց պատիժը կրեն»,-հայտարարել է «Լույսի»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ գնում է ոստիկանություն անձամբ ճանաչելու այդ ոստիկաններին: