Հայաստանում պատշաճ կենսամակարդակ կլինի, եթե լավ ընտրություններ և լավ ԱԺ ունենանք

37 total views, 1 views today

ԵՊՀ տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը պնդում է իր այն կանխատեսումը, որ 2017թ. Հայաստանը կունենա 4 տոկոս տնտեսական /ՀՆԱ-ի/ աճ: Դեռ ավելին՝ ԱՎԾ ներկայացրած տնտեսական ակտիվության /ՏԱՑ/ 6-7 տոկոս աճի ցուցանիշը նրան հույս է տալիս, որ ՀՆԱ-ն կարող է աճել մինչև 5 տոկոսը: Նա հորդորում է տարբերել ՏԱՑ-ը և ՀՆԱ-ն: Իսկ ոչ վաղ անցյալում ԱՎԾ-ն ոչ թե ՏԱՑ, այլ ՀՆԱ-ի աճ էր ներկայացնում: Եվ տպավորություն կա, որ ՏԱՑ-ի ցուցանիշ հրապարակելով՝ հիմա փորձում է տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշը քողարկել: Հ. Սարգսյանը համաձայն չէ այս դիտարկման հետ և վստահ է, որ ԱՎԾ-ի մեթոդաբանության փոփոխության մեջ մանիպուլյացիաներ չկան: Ներկայացնում ենք Հ. Սարգսյանի հետ զրույցն ամբողջությամբ:

– Դուք ասել էիք, թե 5 տոկոս տնտեսական աճ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել տարեկան ՀՆԱ-ի մեկ քառորդի չափ կամ 2-2․5 մլրդ դոլարի ներդրումներ: Բայց ԱՎԾ-ն տարեվերջին կարող է այդքան աճ ցույց տալ՝ չունենալով 2-2․5 մլրդ դոլարի մեկ երրորդի չափ ներդրումը:

– Հայաստանի տիպի երկրները, որպեսզի երկարատև հատվածում կարողանան պարբերաբար 5-7 տոկոս աճ ապահովել, պետք է ունենան այդքան ներդրում: Ընդ որում, դրանք կարող են լինել թե՛ օտարերկրյա, թե՛ ներքին ներդրումների տեսքով: Տարին դեռ չի ամփոփվել, և այն կառավարության հռչակումը, որ մենք կունենանք 800 մլն դոլարի ներդրումներ, կարծում եմ, իրագործելի է: Եվ մենք դեռ պետք է լսենք այդ ուղղությամբ մեր կառավարության հաշվետվությունը:

– Եթե անգամ այդ 800 մլն դոլարի ներդրումը լինի, դա Ձեր ասած գումարից երեք անգամ քիչ է: Այդպիսով չե՞ք կարծում, որ թե՛ ՏԱՑ-ի գրանցված 7 տոկոսանոց աճը, թե՛ ակնկալվող ՀՆԱ-ի ավելի քան 4 տոկոս աճը կլինի մանիպուլյացիայի արդյունք, պարզապես թիվ:

– 2-2․5 մլրդ դոլարի ներդրումները պետք է երկարատև տնտեսական աճ ապահովեն: Մենք կարող ենք ցածր բազայի պարագայում որևէ տարում թռիչքաձև աճ ունենալ, բայց դա շարունակական չի լինելու: Նախորդ տասնամյակում, երբ երկնիշ աճ կար, շինարարությունն ընդհուպ մինչև 40 տոկոս աճ ուներ: Այդ պարագայում ՀՆԱ-ի երկնիշ աճը բացատրելի էր: Բայց, ցավոք, դա չէր կարող լինել մշտական, քանի որ խարսխված էր մի բաղադրիչի վրա:

– Իսկ նման՝ 2-2․5 մլրդ դոլարի ներդրումներ ներգրավելու համար ի՞նչ է պետք անել:

– Պետք է բարելավել ներդրումային միջավայրը, պետք է երկրում բարձրացնել սահմանադրականության մակարդակը: Մենք նախ պետք է կարողանանք գնահատել, ախտորոշել սահմանադրականության մակարդակը: Տնտեսական օրգանիզմն իր զարգացումներում չի կարելի իրավական, ժողովրդավարական, քաղաքական միջավայրից առանձնացնել: Տնտեսությունը պետք է այս ամբողջության մեջ դիտարկել, և մոտեցումը պետք է լինի համակարգային, ամբողջական, ու այս պարագայում սահմանադրականության բազմաշերտ երևույթը պետք է դառնա տնտեսության զարգացման չափանիշ: Ինչպիսին է այդ մակարդակը, այդպիսին կարող է լինել տնտեսական զարգացման մակարդակը: Օրինակ, սահմանադրական նորմ է պատշաճ կենսամակարդակը: Ընդ որում՝ ժամանակին վիճարկվում էր հարցը՝ նոր Սահմանադրության մեջ դրա համար կոնկրետ թվեր ամրագրե՞նք, թե՞ ոչ: Պարտադիր չէ, որ մայր օրենքում նման թվեր ամրագրվեն, դրանք կարող են լինել օրենքներում:

– Բայց Սահմանադրության մեջ նման կոնկրետացում ամրագրելը նշանակում է իշխանության պատասխանատվության ուժեղացում, հակառակ պարագայում այն կարող է դիտարկվել որպես պատասխանատվությունից խուսափում:

– Ոչ: Այդուհանդերձ կա պարտադրանք, որ պետք է ընդունվի օրենքը, որտեղ կոնկրետ նշաձողեր կլինեն: Իսկ պատշաճ կենսամակարդակի կբերի լավ ընտրությունը և լավ խորհրդարանը: Խորհրդարանը լավ կլինի այն պարագայում, եթե նրա ընդունած օրենքները կկանխորոշեն մեր հետագա առաջընթացը:

– Ընդունված կարծիք կա, որ մեր օրենքները լավն են, բայց դրանք ըստ էության չեն կիրառվում:

– Մենք կարող ենք ասել, որ օրենքները բավարար չափով չեն իրականացվում կյանքում, որի անունն է սահմանադրականության դեֆիցիտ: Ընդ որում պետք է նշել, որ այդ դեֆիցիտն առկա է բոլոր երկրներում՝ տարբեր չափերով: Պատշաճ կենսամակարդակի լավ խորհրդարանի, լավ օրենքների, լավ ինստիտուտների գործադրմամբ արդեն կկրճատվեն տարբեր բացասական դրսևորումները՝ կոռուպցիան, դատական համակարգի անկախությունը կմեծանա: Այս ամենը թույլ կտա, որ սոցիալ-տնտեսական ինդիկատորներն ավելի բարձր մակարդակի լինեն:

– Դուք տնտեսագետ եք և ասեք, թե պատշաճ մակարդակն ինչ թվերով կարելի է ներկայացնել: Նվազագույն աշխատավարձ, սոցիալական զամբյուղի ի՞նչ մակարդակ պետք է սահմանել:

– Պատշաճ մակարդակն օրենսդրորեն իր նվազագույն շեմն ունի, որը ՀՀ-ում սահմանված է նվազագույն աշխատավարձի ցուցանիշ:

– 55.000 դրամը պատշա՞ճ կենսամակարդակ է:

– Ես չեմ կարծում, որ այսօր պատշաճ մակարդակ է, և կարծում եմ, մենք մեր բոլոր հնարավորությունները չենք գործադրել, որ այդ պատշաճությունն ապահովվի:

– Այդպիսով կարո՞ղ ենք եզրակացնել, որ մեր իշխանությունները Սահմանադրության այդ շատ կարևոր նորմը խախտում են:

– Այդ հարցում մենք դեռ պետք է ձեռքբերումներ ունենանք: Եթե արդեն օրենքում նշվի, թե այդ պատշաճը ոչ թե նվազագույն աշխատավարձն է, այլ նվազագույն զամբյուղը, որի մեջ պետք է ներառվի և՛ պարենի, և՛ կոմունալ վճարումների, և՛ այլ էլեմենտներով համալրված զամբյուղը, ապա պարտադրված կլինեն դա ապահովել: Իսկ եթե ռացիոնալը լինի, շատ ավելի լավ, որը դրված է զարգացած երկրների կենսամակարդակում, շատ ավելի լավ: Եվ պատահական չէ, որ մենք շարունակում ենք աղքատության հաղթահարման մասին խոսել:

– 30 տոկոս աղքատություն, մոտ 20 տոկոս գործազրկություն: Այսինքն՝ սոցիալ-տնտեսական ոլորտում սահմանադրականությունը խախտվում է համատարած կերպով:

– Դուք կարող եք նշել բազում բացասական երևույթներ՝ ընդհուպ մինչև դեպի դուրս միգրացիոն հոսքը, բայց ես կարծում եմ, դրանք մեր անցումային քառորդդարյա ժամանակահատվածի համար բնորոշ, բայց լուծելի խնդիրներ են: Որևէ մեկը չի ասում, որ տնտեսական զրկանքներին զուգահեռ պահպանել ենք ազատագրված տարածքները, շրջափակման պայմաններում տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են արվել: Իհարկե, ես դա բավարար չեմ համարում, և տնտեսության այսօրվա կառուցվածքը որևէ կերպ չի կարող արդարացվել: Տնտեսության մեջ 5-10 տարի հետո ՏՏ, արդյունաբերության, գյուղատնտեսության մասնաբաժինները էապես կարող են փոխվել: Նույն կերպ՝ զբաղվածության մակարդակը: Կես միլիոն մարդ զբաղված է գյուղ ոլորտում, բայց գործնականում արտադրողականություն չունենք: Մենք պետք է զարգացնենք այս ոլորտը, բարձր տեխնոլոգիաներով հագեցնենք: Գյուղատնտեսական օգտագործելի հողերը մոտ 2 մլն հա են, կես միլիոն վարելահողը մենք չենք օգտագործում: Իսրայելում այդ հողը տեղափոխում են անապատների վրա ու ներդրումներ կատարում, օդում ու հիդրոպոնիկայի եղանակով հող են ստեղծում և դառնում ինքնաբավ երկիր: Մենք այդ ներդրումն արդեն ունենք հողի տեսքով, բայց դա չի օգտագործվում: Սա ընդամենը մի օրինակ է: Մենք չպետք է տառապենք գիգանտամանիայով և ներկրենք 1 մլն տոննա մետաղ, հաստոցներ ու արտադրություն կազմակերպենք և ԽՍՀՄ տարիների նման ու դուրս ուղարկենք: Այդ նոստալջիին պետք է վերջ տալ: Մենք ոգևորված էինք ԵՏՄ 170 մլն բնակիչ ունեցող շուկայով, բայց ի՞նչ ենք իրացնում: Վերամշակվող արտադրության ինչ-որ տեսակներ: ԵՄ-ի հետ այս համաձայնագրի ստորագրմամբ նոր հնարավորություններ կընձեռնվեն, շատ ավելի մեծ՝ 500 միլիոնանոց ավելի վճարունակ շուկա մտնելու: Բայց մենք պատրա՞ստ ենք դրան, արդյո՞ք նրանց տնտեսական սպասասրահները սպասում են մեր արտադրությանն ու ծառայություններին:

– Որևէ մեկն էլ չի սպասի, պետք է համապատասխան որակի արտադրանք ապահովել և փորձել շուկա ձեռք բերել:

-Այո, շուկա ձեռք բերելու համար բարձր պահանջներ բավարարող ապրանք պետք է ունենանք: Մենք այսօր դա չունենք, բայց ունենք դա ձեռք բերելու հնարավորությունները: Դա պահանջում է ֆինանսական և որակավորված մարդկային կապիտալ:

– Մեր որակյալ կադրերը արտագաղթում են, միաժամանակ երկրից կապիտալի արտահոսք կա: Այսինքն՝ բարձր տեխնոլոգիաներ ներդնելու առանձնապես ցանկություն էլ չկա: Սա բիզնես մտածողությա՞ն, թե՞ վստահության բացակայությունն է: Ինչո՞ւ բիզնեսը չի ցանկանում այստեղ խոշոր ներդրումներ անել:

– Այդ և այլ բաղադրիչները առկա են, ցավոք: Բայց հեշտ չէ միանգամից այդ խնդիրները լուծել, պետք է մեր մտածողությունը փոխել: Շրջափակված արաբական աշխարհով և մինչև հիմա էլ պատերազմական խնդիր ունեցող Իսրայելը մտածողության կազմակերպվածության արդյունքում զարգացում ունեցավ:

– ԵՏՄ-ին անդամակցելը չստիպեց ՀՀ-ին որակյալ արտադրանք ու տնտեսություն ունենալ, քանի որ անդամ երկրները նման պահանջ չունեն: ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կստիպի՞ լուծել այդ խնդիրը:

– Առկա է նման մեկնաբանություն, բայց ես չեմ տեսնում գլխավորը, որը ստեղծվում է «և,և» բանաձևի պայմաններում: Մենք կարող էինք ոչ բարձր ստանդարտներին բավարարող մեր արտադրանքն իրացնել ԵՏՄ տարածքում, բայց դա չի լինի ԵՄ տարածքում: Իսկ դա շատ լավ ազդակ է, որ վերակառուցես քո արտադրանքը, կարողանաս առավել պահանջարկված ապրանք ստեղծել:

– Տնտեսության մեջ գիգանտոմանիայով չտարվելու մասին խոսեցիք, արդյո՞ք դրա մի դրսևորում չէ այն վիճակը, որ այսօր մեր տնտեսության, հարկերի 70 տոկոսը բաժին է ընկնում խոշոր բիզնեսին, և ընդամենը 30 տոկոսն է, որ ՓՄՁ-ն է զբաղեցնում: Չե՞ք կարծում, որ դա պետական քաղաքականության արդյունք է:

– Համաձայն եմ, որ մեզ մոտ միջին խավը դեռ ձևավորված չէ, շատ երկրներում դա 50 տոկոսից բարձր է: Մենք, ցավոք, ունենք աղքատություն, մինչև 3-5 տոկոս չքավորություն: Մեզ մոտ 3 մլն բնակչության կամ 700 հազար ընտանիքի 10 տոկոսը կարողանում են իրենց գրեթե ամեն ինչ թույլ տալ: Կա մեկ ուրիշ 70 հազար ընտանիք, որոնք կարոտ են նորմալ սննդի: Ցավն այս բևեռացումն է, որը պետք է հնարավորինս մեղմացվի: Մեր խոշոր բիզնեսը կամ պետական լծակները պետք է հնարավորություն ընձեռեն, որ ձևավորվի այդ միջին խավը: Կարծում եմ, որ կառավարության որոշումները շատ դեպքերում պետք է միտված լինեն նման խնդիրների լուծմանը:

– Իսկ կառավարությանը հաջողվե՞լ է ազատ տնտեսական մրցակցություն կամ հավասար հարկային դաշտ ստեղծել:

– Այսօր ոչ խտրական մրցակցային միջավայր դեռևս չունենք: Որքան էլ այդ նպատակով ստեղծված ինստիտուտները՝ ՏՄՊՊՀ-ն և այլ կառույցները լինեն, կարծում եմ, այսօր ընտրողականությունը դեռևս տեղ ունի, բայց հույս ունեմ, որ վիճակը կբարելավվի: Իսկ սահմանադրականության ապահովումը թույլ է տալու լուծել սոցիալական խնդիրները: Մենք մեր փոքր խմբով անցած շաբաթ Հռոմում մասնակցեցինք մի գիտաժողովի, որտեղ ներկայացրեցինք զեկույց և անդրադարձանք սահմանադրականության մակարդակի խնդիրներին, այդ թվում՝ ՀՀ-ում կուտակված խնդիրներին, դրանց լուծման տնտեսաիրավական կարգավորումներին: Մեկ օրինակ ներկայացնեմ՝ այս նոր Սահմանադրության շրջանակներում փոխվում են Կենտրոնական բանկի գործառույթները, և, կարծեք թե, կա հնարավոր վտանգ, որ ԿԲ անկախությունը կարող է սեղմվել: Գուցե փող տպելու միջոցով կառավարությունները կարճաժամկետ տնտեսական աճ, զբաղվածություն ապահովելու նպատակով ունենան գայթակղություն կրճատելու ԿԲ-ի անկախությունը: Եվ մեր հետազոտական խումբը մտածում է, ինչպես անել, որ այդ գայթակղությունը չլինի անկախ անձերից. որ ԿԲ վարկունակության, հասարակության վստահության աճ լինի, որ ԿԲ անկախության և գնաճի միջև բացասական կապ չլինի: