Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Մաուզերիստների» իշխանության ավարտը

58 total views, 1 views today

Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, սյսօր մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով։ Իհարկե, դատավարությունը չտվեց այն հարցի պատասխանը, թե Բաբայանն ու մյուսներն ինչքանով էին մեղավոր կամ անմեղ, ու հայաստանյան արդարադատությունից որևէ մեկն այդ հարցի պատասխանը չի էլ ակնկալում:

Միայն այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պիկին, երբ նրա փաստացի առաջնորդությամբ գործող ՕՐՕ դաշինքն, ըստ էության, պատրաստվում էր «տրաքացնել» ընտրական գործընթացը, արդեն քաղաքական որոշակի ենթատեքստ է հաղորդում գործին, ավարտված դատավարությանը: Բայց տեղի ունեցածը քաղաքական և հանրային ընդվզման տեղիք չտվեց` որոշակիորեն լեգիտիմացնելով իշխանության քայլերը, մանավանդ, որ ՕՐՕ դաշինքը ընտրական կամպանիայի ակնհայտ հետնապահներից մեկն էր: Սա ինքնին խոսուն հանգամանք է և հուշում է, որ մեր հասարակությունն ավելի պրագմատիկ է դարձել և, ըստ էության, մերժում է պսևդոհեղափոխականությունն ու «մաուզերիստական» մտածողությունը:

Ինքը` Սամվել Բաբայանը, ամբողջ դատավարության ընթացքում հրաժարվեց այն քաղաքականացնել` չնայած տողատակերով անընդհատ ուղերձներ էր հասցեագրում Սերժ Սարգսյանին, ու շատերին թվում էր` ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի ու իշխանությունների միջև ձևավորվել է կոմպրոմիս, սակայն այսօրվա դատավճիռը եկավ հաստատելու հակառակը:

Խնդիրը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանն ամեն գնով Բաբայանին մեկուսացնելու խնդիր ուներ: Տեղի ունեցածը միայն այդ մոտիվով բացատրելը շատ պարզունակ կլիներ, որովհետև նախկին ամենազոր հրամանատարը, ով արցախյան բեսպրեդելի խորհրդանիշն էր, ըստ էության` վաղուց էր մեկուսացված քաղաքական և հանրային մերժումի հետևանքով:

Այսօրվա դատավճիռն ավելի խորքային փոփոխությունների հետևանք է: Հայաստանում ավարտվում է «մաուզերիստների» իշխանությունը և այդ կարգավիճակը նրանց այլևս արտոնություններ չի տալիս դատարաններում կամ այլուր:

«Մաուզերիստներին» իշխանությունները սկսել են համարել կամ սովորական մահկանացու, որոնց հանդեպ օրենքը տարածվում է ողջ խստությամբ, կամ էլ` օլիգարխ, ով պատժվում է, երբ հակադրվում է իշխանությանը: Սամվել Բաբայանը առաջինն էր, որովհետև էպոտաժային կերպար է:

Հաջորդ խորհրդարանում «մաուզերիստների» չենք տեսնի: Դա չի նշանակում, որ քաղաքական համակարգի որակը լավանում է. այն «քաղաքակրթվում» է` այլևս չունենալով «հրացանով» մարդկանց անհրաժեշտությունը: