Իրանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. ԼՂ հակամարտության կարգավորումը կտեղափոխվի՞ Թեհրան-Մոսկվա-Անկարա ձևաչափ

33 total views, 1 views today

 

Իրանագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Հայաստան կատարած այցին։ Վարդանյանի կարծիքով՝ քննարկման հիմնական թեմաները լինելու են Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող տնտեսական և էներգետիկ հարցերը։ Ըստ իրանագետի՝ դրանք համահունչ չեն երկու պետությունների միջև առկա քաղաքական հարաբերություններին։

Մեր այն  դիտարկմանը, որ վերջերս ռուսական հեռուստաալիքներով բացահայտ հայտարարվում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է տեղափոխվել Մոսկվա-Թեհրան-Անկարա ձևաչափ, Վարդանյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չպետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից։ Դա այն ձևաչափն է, որտեղ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Ռուսաստանը համագործակցում են։ Այդ ձևաչափի փոփոխությունը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Պետք չէ իլյուզիաներ ունենալ, այդ ձևաչափի փոփոխությունը մեր շահերից չի բխում՝ առավել ևս, որ Իրանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ»։

Միևնույն ժամանակ Արմեն Վարդանյանը նշում է՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, այո՛, համագործակցում են Սիրիայի հարցում, բայց որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  ևս կարգավորվի այդ պետությունների կողմից. «Այստեղ ուրիշ տարածաշրջան է, ուրիշ կոնֆլիկտ։ Մանավանդ Թուրքիայի ներգրավումն այս հակամարտության լուծման մեջ անընդունելի է Հայաստանի համար։ Ռուսաստանի և Իրանի շահերը ևս չեն համընկնում՝ շատ պարզ պատճառով. Իրանը կտրականապես դեմ է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեն խաղաղապահ ուժեր»։

Մեր զրուցակիցն անդրադարձել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմանը և դրա հետագա ճակատագրին։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: