Համաձայնագրի արդյունավետությունը ապացուցելու է ժամանակը, բայց դրա համար ընդդիմության միավորման խնդիր չկա

37 total views, 1 views today

 

«Եկեք ապրենք մինչև երկուշաբթի, ապրենք մինչև ապրիլ, կգա՞ ապրիլը, մենք կխոսենք ստեղծված նոր իրավիճակի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ իրենց չի կարող գոհացնել այն, որ մեր տարածաշրջանում մեզ մոտ ամենաբարձրն է արտագաղթը, գործազրկության մակարդակը, աղքատությունը:

«Հայաստանում երկու խնդիր կա. առաջինը տնտեսական մոդելի փոփոխության խնդիրն է։ Եթե հիշում եք, մենք ասացինք, որ Հայաստանում 7 հոգի ներկրում են 12 նիշով դասակարգված 20 հազար ապրանք։ Դա ընդհանուր ներկրման 36 տոկոսն է կազմում։ Դա անում է մոտ 1․2 մլրդ դոլար։ Ներկրեցին, էդ դրամն առաջացավ, փոխանակեցին դոլարի, ու երբ մյուսները փորձում են մտնել շուկա, էդ խոշորները դեմպինգ են անում, գներն էնքան են գցում, որ փոքրերն ու միջինները տուժում ու դուրս են շպրտվում շուկայից։ Արդյունքում այլևս ռիսկ չեն անում նման փորձ անել։ Եթե 2-3 անգամ փորձենք մտնել որևէ շուկա ու չստացվի, այլևս չենք զբաղվի դրանով»,- ասաց Մելքումյանը։

Նրա խոսքերով՝ հիմա այդ 7 հոգին կենտրոնացնում են այդ փողերը, բայց ինչ-որ պահի էդ փողերն այլևս Հայաստանում ներդնելու տեղ չկա. «Փողն ո՞ւր պետք է գնա, հոսում է դուրս։ Հիմա խոսում ենք ներդրումների մասին, բայց մենք պետք է այդ փողերը պահենք Հայաստանում, որ ներդրվի։ Այս մոդելը նոր չի, Հայաստանում այն գործում է արդեն 10-15 տարի»։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ ինքը որպես տնտեսագետ, օրենսդրական, վարչարարական, քաղաքական բոլոր տիպի գործիքներով փորձելու է ձևակերպել այդ հարցը և խնդիր դնել, որ կամ պետք է լրացուցիչ մի հարկատեսակ սահմանել խոշորի վրա, կամ էլ պետք է շուկաներն ազատականացնել։

«Ես կողմ եմ ազատականացմանը, որ 7 հոգու փոխարեն լինի 700, 7000, որ մի կողմից ապրանքներն էժանանան, մյուս կողմից՝ լինի արդար մրցակցություն։ Սա մոդել է ու ես ուզում եմ, որ այս մոդելի գոյության հիմքերը փոխվեն։ Ցավոք, կառավարությունը չկարողացավ այդ մոդելի վրա ազդել ու չէր էլ կարող ազդել, որովհետև քաղաքական հիմքի վրա է դա դրված։ Այն մարդիկ, որոնք այդ 7-ի կամ 17-ի մեջ են, նրանք տնտեսական իշխանավորներ են, հենց իրենք են ձևավորում քաղաքական իշխանության օրակարգը, իշխանությունը հենվում է իրենց վրա։

Երկրորդը՝ Հայաստանում սոցիալական բևեռացումը շատ ծայրահեղացված է։ Այդպես է նաև Եվրոպայում, որտեղ ամենաունևորների 10 տոկոսը տիրապետում է Եվրոպայի ունեցվածքի 55 տոկոսին, իսկ չունևորների 40 տոկոսը տիրապետում է 3 տոկոսին։ Հայաստանում ունևորների 10 տոկոսը տիրապետում է ունեցվածքի 90 տոկոսին, իսկ չունևորների 50 տոկոսը տիրապետում է 1տոկոսին։ Եթե ունևորներն իրենց ժառանգներին փոխանցում են նյութական բարիքներ, իրենց ակտիվներն ու միջոցները, նրանց համար ապահովում են բարձրակարգ կրթական և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն, արդեն հարուստների երեխաները մշտական մրցունակ են դառնում, իսկ չունևորների երեխաները՝ ոչ։ Ես առաջարկում եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է կոնսոլիդացվեն և չունևոր խավի զավակների համար ապահովեն բարձրակարգ կրթական և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: