Օզոնի շերտի պաշտպանությամբ հպարտանալու պատճառ չունենք. արտադրությունները փակված են, տնտեսությունը՝ կաթվածահար

33 total views, 1 views today

Մի քանի օր է՝ Հայաստանի բնապահպանության նախարարությունը ուրախությամբ և հպարտությամբ հայտարարում է, որ Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշրջանային առաջին երկիրը: Այս հաղորդագրություններից հետո, սակայն, սկսեցին մեկնաբանություններ արվել, որ թեև օզոնի շերտի պահպանությունը կարևոր է, դա գլոբալ խնդիր է, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ոչ մի պատճառ չունի հպարտանալու այս մրցանակով, քանի որ երկրում արդյունաբերություն չկա, արտադրություն չկա, ամեն ինչ ոչնչացված է, փակված է, տնտեսություն չկա, եղածն էլ հիմնված է ներկրումների ու արտահանումների վրա։

Տվյալ պարագայում ստացվում է, որ Հայաստանն առանձնապես ջանք չի թափել օզոնի շերտի պաշտպանության համար, դա ինքնաբերաբար է ստացվել։ «Ես կարծում եմ, որ Հայաստանն այս հարցում հպարտանալու առիթ իսկապես չունի, որովհետև մի բան է, որ դու տնտեսություն, արդյունաբերություն չունես ու հասկանալի է, որ արտանետումներ չես ունենա, մեկ այլ բան է, որ դու ունես տնտեսություն, արտադրություն, բայց քո ստանդարտները, բնապահպանական միջոցառումները այնքան բարձր են, որ արտանետումները քիչ են և պատճառված վնասը նվազագույնի է հասցվել։ Պարզապես երևի մերոնք մտածել են, թե ոչ ոք այդքան չի խորանա և որոշել են հպարտանալ, ցույց տալ, որ աշխատում են, մեդալ են ստացել, իրենք էլ ուրախացել են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը։ Նրա խոսքերով՝ ճիշտ է, բնապահպանության նախարարը պատասխանատու չէ արդյունաբերության համար, բայց այն քաղաքական ուժը, որը նա ներկայացնում է, պատասխանատու է երկրի վիճակի համար։ «Ի վերջո կառավարությունն է պատասխանատու երկրի տնտեսության համար։ Իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն վաղուց են կոալիցիայի մեջ, և տնտեսական, արդյունաբերության զարգացման համար իրենք իրենց պատասխանատվության բաժինն ունեն»,- հավելեց պարոն Բալանյանը։

Եվ հետո, մեր զրուցակցի խոսքերով, օզոնի շերտի պաշտպանությունը, այնպես չէ, որ առնաձնապես հուզում է մեր կառավարության ներկայացուցիչներին, քանի որ երբ իրենց պետք է լինում, իրենք թքած են ունենում նույն օզոնի շերտի պահպանության վրա։ «Եթե իրենց պետք է լինում, իրենք լավ էլ աչք են փակում դրա վրա. գործարանների պոչամբարներ, պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումներ, հանքաարդյունաբերություն, հանքերի շահագործման թույլտվություններ։ Այնպես որ, այդ մեդալով ուրախանալու փոխարեն, բնապահպանության նախարարը լավ կաներ հենց իր ոլորտով զբաղվեր, տեսներ, թե հիմա ամեն քայլափոխի վաճառվող փայտը որտեղից է հատվում, ինչպես է դա ստացվում։ Մեդալի տեղը թող իրենց անմիջական պարտականությամբ զբաղվեն։ Թե չէ այս տարիներին մեր արդյունաբերությունը կանգ է առել, «Նաիրիտ»-ը, մնացած արտադրությունները փակվել են։ Հպարտանալու ոչ մի առիթ, պատճառ չունենք։ Մնացածը զավեշտալի է»,- ասաց Հայկ Բալանյանը։