Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

ՀՅԴ խոստովանությունը Սերժ Սարգսյանի մասին

60 total views, 1 views today

Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած շրջանակային համաձայնագիրը գրեթե արտացոլում է Հայաստանի Սահմանադրությունը, դրանով նախատեսված եվրոպական պառլամենտարիզմի մոդելը և չիրականացնել համաձայնագիրը՝ նշանակում է չիրականացնել Սահմանադրությունը: Սա ամենևին ընդդիմադիր քաղաքական գործչի կամ ուժի հայտարարություն չէ, այլ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարի հայտարարությունը: Դրա ուշագրավ մասը, սակայն, Արմեն Ռուստամյանի մեկ այլ միտքն է, որով նա, կամա թե ակամա, փաստորեն խոստովանում է, որ Հայաստան-ԵՄ նախորդ համաձայնագիրը չի ստորագրվել Սերժ Սարգսյանի վրա ճնշումների պատճառով:

 

«Սրանով իսկ  ավելացել է ՀՀ ինքնուրույնությունը, դրա համար հաջողվեց կնքել պայմանագիր այն պարագայում, երբ ՀՀ-ն մինչ այս զարգանում էր այլ վեկտորով: Այժմ մի հոգի չէ ամբողջ իշխանությունը կենտրոնացրել, մի հոգի չէ, որ ներկայացնում է երկիրը: Այժմ խորհրդարանը  կոլեգիալ մարմին է, բնականաբար, ճնշումները՝ կապված ՀՀ-ի այս կամ այն քաղաքական գիծ ընտրելու հետ, չեն կարող իրականացնել այնպես, ինչպես նախկինում կարող էին մեկ անձի նկատմամբ անել», հայտարարում է Ռուստամյանը:

Այստեղ, իհարկե, կամա թե ակամա խոստովանություն է, սակայն ամենևին ոչ բացահայտում, քանի որ հանրության համար գործնականում կասկած չկար, որ Սերժ Սարգսյանը չէր կայացնի ԵՏՄ մտնելու որոշում, եթե չլիներ ճնշումը նրա վրա: Եթե Հայաստանում հիմնական ընդդիմությունը լիներ ոչ թե ԵՏՄ հարցում ՀՀԿ-ից ավելի կաթոլիկ դիրքորոշում ցուցաբերած ոչ իշխանական բևեռը, այլ եվրոպական ինտեգրացիայի սկզբունքային և գաղափարական հետևորդ որևէ ուժ, ապա հազիվ թե հաջողվեր Հայաստանը կցել կամ բռնակցել ԵՏՄ-ին շանտաժի ու սպառնալիքի միջոցով: Իսկ այդ շանտաժն ու սպառնալիքը ամենևին անվտանգության կամ տնտեսական հարցերին չէ, որ վերաբերել են, ինչպես փորձում է ներկայացնել ՀՀԿ-ն, այլ պարզապես Սերժ Սարգսյանի իշխանությանը:

Տվյալ դեպքում, սակայն, ավելի հետաքրքիր է ոչ թե անցյալի, թեկուզ ոչ վաղ անցյալի վերաշարադրումն ու վերլուծությունը, այլ ներկայի հետ կապված հարցը, որ առաջանում է Արմեն Ռուստամյանի ոչ վաղ անցյալին տված գնահատականից: Այժմ, երբ Հայաստանը պառլամենտական պետություն է, արդյո՞ք վերացել է մեկ մարդու վրա ճնշումով հարց կամ քաղաքական որոշում պարտադրելու հնարավորությունը, եթե որևէ մեկը ունենա նման ցանկություն: Զուտ տեսականում Ռուստամյանն, անկասկած, իրավացի է, ներկայումս մեկ մանդատի փոխարեն՝ կա 100-ից ավելի մանդատ, և նրանք բոլորը հավասարապես քվեարկում են քաղաքական այս կամ այն որոշման օգտին: Հետևաբար, եթե այդ որոշումը նախկինում մեկ մանդատի տիրույթում էր, ապա այսօր արդեն պայմանական ասած՝ 101 մանդատի: Սակայն դե ֆակտո իրականությունն արդյո՞ք համապատասխանում է դե յուրե տրամաբանությանը:

Այստեղ արդեն հարկ է դանդաղեցնել ընթացքը՝ հատկապես այն դեպքում, երբ իշխող ուժը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը եղել է, կա ու կմնա իրենց առաջնորդը, իշխանության առաջնորդը, և կլինի այնպես, ինչպես նա կառաջարկի: Դատելով Արմեն Ռուստամյանի իրավիճակին տված գնահատականից և քաղաքական վերափոխման մեկնաբանությունից՝ ՀՀԿ-ն, ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի ընդմիշտ առաջնորդության մասին իրենց հայտարարություններով այլ բան չեն անում, քան ուղղակի «մատնում» են Հայաստանը, այսինքն՝ այսպես ասած ցանկացողներին մատնացույց են անում Սերժ Սարգսյանին, որ թեև դե յուրե իշխանության բացակայությանը, նա շարունակում է մնալ իշխանության կենտրոնացածության դրսևորում, և հետևաբար ճնշելով նրան՝ հնարավոր է շարունակել Հայաստանին քաղաքական որոշում պարտադրելու գործելաոճը:  Իսկ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ օրինակ ՀՅԴ-ն այդ կապակցությամբ չեն արտահայտում որևէ մտահոգություն, չեն հորդորում ՀՀԿ մեծամասնությանը դադարեցնել «մատնությունն» ու այլևս գոնե հանուն Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության դադարել մատնացույց անել Սերժ Սարգսյանին որպես հավերժ կամ ցմահ առաջնորդ:

Պետության ինքնուրույնությունն, անշուշտ, կառավարման մոդելով չէ, որ որոշվում է: Կիսանախագահական մոդելի պարագայում էլ ամեն ինչ չէ, որ նախագահն է որոշում, և խորհրդարանն ունի էական քաղաքական լծակներ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի խորհրդարանը չունի քաղաքական նկարագիր և ձևավորվում է ոչ թե քաղաքական, այլ ֆինանսատնտեսական գործընթացի արդյունքում: Իսկ հետո ծախսերը դուրս են գալիս հանրության, պետական բյուջեի հաշվից: Այդպիսով, իշխանության ձևավորման քաղաքական լեգիտիմ մեխանիզմ և արդյունավետ կառավարում՝ ահա միակ մոդելը, որ պետությունն օժտում է ինքնուրույն և ինքնիշխան քաղաքականությամբ: Նախագահական է համակարգը, կիսանախագահական, թե խորհրդարանական՝ այդ հարցում սկզբունքորեն չունի նշանակություն, եթե ինքնին այդ մոդելը կամ համակարգն էլ չեն ձևավորվում քաղաքական լեգիտիմ գործընթացի միջոցով: Առանց դրա՝ ձևավորվող մոդելները կամ համակարգերը ոչ թե գործիք են դառնում Հայաստանի համար, այլ դառնում են գործիք Հայաստանի դեմ, անկախ սահմանադրական ձևաչափից:

Այդ տեսանկյունից է արժեքավոր Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, քանի որ առնվազն տեքստային առումով այն գործնականում հանդիսանում է Հայաստանում քաղաքական լեգիտիմ գործընթացի դրսևորում, թերևս՝ բացառիկ դրսևորում: Հետևաբար շանս իսկապես կա, որ համաձայնագիրը կլինի Հայաստանի ձեռքի գործիք, ոչ թե գործիք Հայաստանի դեմ: