Ինչու Վանաձորի քաղաքապետարանը չի կարողանում ժամանակին վճարել աշխատավարձերը

38 total views, 1 views today

Վանաձորի քաղաքապետարանը ոչ մի կերպ չի կարողանում ժամանակին վճարել իր ենթակայությամբ գտնվող կառույցների և աշխատակիցների աշխատավարձերը։ Դրանք մշտապես ուշանում են և վճարվում են միայն դրա մասին բարձրաձայնվելուց հետո։ Օրինակ՝ նախորդ մի քանի ամիսներին աշխատավարձերը վճարվել են Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից բարձրաձայնվելուց հետո։ Այս անգամ հարցը բարձրացրել է Լոռու մարզպետարանի ֆինանսական բաժինը։ Չի վճարվել հոկտեմբեր ամսվա աշխատավարձը, որը պետք է վճարվեր ամենաուշը նոյեմբերի 15-ին։ Այսինքն՝ շուրջ կես ամիս ուշացում է եղել։

Այս անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աշխատավարձերը վճարելու մասին գրություն չի ուղարկել, քանի որ նախորդ անգամ իրենց վստահեցվել է, որ այլևս չի կրկնվի աշխատավարձերի ուշացումը։

Ի դեպ, թեև քաղաքապետը վստահեցնում է, որ այս ուշացումը ուշացում չէ, բայց մեզ հասած տեղեկություններով՝ աշխատավարձերի ուշացման խնդիրը մշտապես առաջանում է այն պատճառով, որ նախկին քաղաքապետի օրոք դոտացիա է եղել, որը հիմա՝ գործող քաղաքապետի ժամանակ կրճատվել է։ Եվ հենց դրա պատճառով է խնդիր առաջանում, ուշանում են աշխատավարձերը, մինչև իրենք կարողանում են այդ պակասը լրացնել։ Այսինքն՝ աշխատավարձերի ուշացումը նախկինում եղած դոտացիայի կրճատումն է։

Նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքապետարանի և իր ենթակայության տակ գործող հիմնարկների աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 104 մլն դրամ։