Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Սեյրան Օհանյանի դժգոհությունը տարբեր երևույթների նկատմամբ այնպես չէ, որ նոր է»

65 total views, 1 views today

Զինված խմբի գործով դատական նիստի ժամանակ ուշագրավ ձայնագրություն հրապարակվեց, որը, ըստ էության, թույլ է տալիս մտածելու, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշակի կապ է ունեցել խմբի հետ կամ թերևս ցանկացել է կապ ունենալ։

Դատարանում մասնավորապես հրապարակվեց Լիլիթ Ք.-ի կողմից Վահան Շիրխանյանի տանը կատարված ձայնագրությունը: Զրուցում են Վահան Շիրխանյանը և Արթուր Վարդանյանը: Խոսք է գնում նախապատրաստվող գործողությունների և Սեյրան Օհանյանի մասին:

Վահան Շիրխանյանը ասում է. «Սեյրանը ավելի վառված ա էդ ավազակներից, Մանվել, Սեյրան, ինքը ատում ա, ժամանակ ա գալու՝ հետևից շան պես վազելու են: Մուկին ընդհանրապես մարդու տեղ չի դնում: Սեյրանին եթե հանեն, մի ամիս հետո կուսակցություն ա բացում, դրսում ռեսուրսներ ունի ֆինանսական, տալու են անմիջապես, շատ մարդիկ սպասում են Նյու Յորքում, Լոսում: Ասել են՝ եթե դու եկար, ամեն ինչ կանենք… հազար ու մի հարցով Սեյրանը ստիպված գնում ա Սերժի մոտ, բայց տանել չի կարող, Քոչարյանի մասին էլ նույն կարծիքին ա, դեռ ավելի վատ, նրա հանցագործությունները լավ գիտի, նույն կարծիքին ա դոդի, լֆիկի, մկի մասին… ժամանակին լափել են, նրանցից պետք է ազատվեն»:

Արթուր Վարդանյանը առաջարկում է գաղտնի հանդիպում կազմակերպել Սեյրան Օհանյանի հետ. «Քեզ շատ-շատ եմ վստահում, Վահան ջան, բայց պետք ա իրա հետ խոսամ, ես, դու, ինքը՝ ավել մարդ չլինի, բառիս բուն իմաստով մարդ չլինի»:
Վահան Շիրխանյան. «Էսօր ինքը կզգուշանա, գաղտնի Հայաստանում ոչինչ հնարավոր չէ»: Արթուր Վարդանյան. «Օրինակ՝ Արագածի փեշին, եթե անհնար լիներ, Արցախը հետ չէինք բերի, կամ, ասենք, Թոխմախի Մհերի մոտ»: Վահան Շիրխանյան. «Չպետք է իմանան նպատակը: Մարդ կա, Սեյրանին ասում ա՝ լավն ա, մարդ կա, ասում ա՝ ամենաքիչ կեղտոտվածն ինքն ա, կարևորը ինքը ժողովրդի հետ ա, բայց կարող ա ժողովուրդը մտածի՝ էսի պրծավ, էնի էկավ, մի կեղտից հետո էնի էկավ»:

Արթուր Վարդանյանը նշում է. «Հազար հոգի գլուխ ա բարձրացնելու, եթե Սերժը վարի գնա: Բոլորը Սեյրանին համարում են սերժական, ասում են՝ նույն զիբիլն ա, էս ժողովուրդը աչքերը փակ չի վստահում»: Վահան Շիրխանյանը ավելացնում է. «Ժողովուրդը քայլերին է հետևում. եթե ընդհարումներ լինեն, Ղարաբաղի զորքը ստեղ ա լինելու»: Արթուր Վարդանյան՝ ես դրա հարցը կլուծեմ: Վահան Շիրխանյան. «Այդ ամենը պետք է լինի սուսուփուս»:

Նշենք, որ Զինված խմբի հետ Սեյրան Օհանյանի առնչության մասին շատ է խոսվել։ Այդ լուրերը սկսեցին շրջանառության մեջ դրվել այն ժամանակ, երբ պաշտպանության նախկին նախարարը գլխավորեց իրեն ընդդիմադիր հռչակած ՕՐՕ դաշինքը։ Այդ ժամանակ անգամ մամուլը գրեց, որ բանը կարող է հասնել ընդհուպ մինչև Սեյրան Օհանյանի կալանավորմանը զինված խմբի գործի շրջանակներում։

ՕՐՕ դաշինքի համակիր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն հավանական չի թվում վարկածը, թե Սեյրան Օհանյանը կապ է ունեցել զինված խմբի հետ։ «Ես ինչքան որ ճանաչում եմ Սեյրան Օհանյանին, նա շատ կարգապահ է։ Իմ իմացած Սեյրան Օհանյանը օրենսդրության և զինվորական կանոնակարգից դուրս բան չէր անի։ Նա, օրինակ, ընտրարշավի ժամանակ պահանջում էր, որպեսզի իր ավտոշարասյունը հանկարծ չխախտի երթևեկությունը։ Նա բոլոր հարցերում է այդպես։ Իմ անձնական կարծիքով՝ Սեյրան Օհանյանը ոչ մի պարագայում որևէ ընդհատակյա գործունեության, խմբի կամ գործողության մասնակից չէր կարող լինել։ Իմ մոտեցումն այդպիսինն է։ Իմ ներկայությամբ, իմ իմանալով նա գերմանական կարգապահությամբ զինվորականի վարքագիծ է ունեցել»,- ասաց Արշակյանը։

Մեր դիտարկմանը՝ բացառո՞ւմ է, որ պաշտոնին սպառնացող վտանգը կարող էր դրդել Օհանյանին իշխանության դեմ քայլ անել, Արշակյանը արձագանքեց. «Այո, բացառում եմ։ Ես Օհանյանին ճանաչում եմ վաղուց, դեռևս 90-ական թվականներից։ Այդ ժամանակվանից նա հայտնի է իր գերմանական կարգապահությամբ և բաց լինելով։ Որևէ բան, որը կանոնից, օրենքից դուրս է, նրա համար ընդունելի չէ։ Անգամ պաշտոնանկության հեռանկարը չէր կարող ստիպել Օհանյանին համագործակցել ընդհատակյա որևէ կառույցի հետ, որը հակաօրինական որևէ քայլ էր պատրաստվում անել։ Սա է իմ մոտեցումը»,- ընդգծեց Արշակյանը։

ՕՐՕ դաշինքի համակիր, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես քիչ հավանական է համարում պաշտպանության նախկին նախարարի մասնակությունը զինված խմբի գործունեությանը։ Եվ հետո, Մարտիրոսյանի խոսքով, ամեն մարդ կարող է իր դատողություններն անել, ինչ-որ զրույցների մասին պատմել, բայց Սեյրան Օհանյանի արարքների մասին եզրահանգումներ անել կարելի է միայն Վահան Շիրխանյանի և Սեյրան Օհանյանի զրույցը լսելուց հետո, ոչ թե զրույցի մասին պատմող ինչ-որ ձայնագրությունից հետևություններ անել։

«Ներքին խոսակցությունների մասին մեկնաբանություններ անելը սխալ է, քանի որ ներքին խոսակցությունը մի բան է, դա մեկնաբանելը՝ մեկ այլ բան։ Էնքան բան են ասում, խոսում։ Մեքենա ես վարում, մեկը գալիս է և դիմացդ կտրում է։ Դու էլ հասնելով նրան՝ ասում ես՝ կտամ գլուխդ կջարդեմ։ Բայց հո չե՞ս տալիս գլուխը ջարդես։ Հիմա, եթե մեքենայիս մեջ ժուչոկ լինի, և այդ արտահայտությունը ձայնագրված լինի, դա չի նշանակում, որ ես պատրաստվում էի մարդ սպանել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Մեր դիտարկմանը, որ իր համեմատությունը մի քիչ տեղին չէ, քանի որ խոսքը այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին է, ով, ըստ Շիրխանյանի, հայտարարել է, որ զզվում է Սերժ Սարգսյանից և ՀՀ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներից, Մարտիրոսյանը արձագանքեց. «Ես պնդում եմ, որ ինչ-որ մեկի մասին դատողություններ անելիս հարկավոր է, որ անմիջապես նրա ասածը լսենք։ Մարդու քայլն է գնահատվում և ոչ թե ինչ-որ ցանկություն։ Ես չգիտեմ, թե պարոն Օհանյանը ինչ է ասել Շիրխանյանին, բայց ես երբ դեռ պատգամավոր էի, Սեյրան Օհանյանի հետ հանդիպել եմ և իր դժգոհությունը տարբեր երևույթների նկատմամբ այդ ժամանակ էլ եմ լսել։ Այնպես չէ, որ դա նոր է։ Եվ հենց դա է պատճառը, որ ես նրա հետ համագործակցեցի առանց խոչընդոտի։ Նրա պետական մտածելակերպն առկա է և գերակշռում է։ Իհարկե, բոլորն էլ սխալներ ունեցել են, մանավանդ, երբ նրանք համակարգի մեջ են, բայց մի բան է, երբ դու համակարգի մի մասն ես, մեկ այլ բան է, որ դու որոշում ընդունող ես դառնում, առավել ևս, եթե կա այդ պատկերացումները»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ եթե առանց ներկայանալու մենք՝ լրագրողներս, խոսենք ցանկացած քաղաքացու հետ, ապա նրանց գերակշիռ մասը ավելի կոպիտ բնորոշումներ կտա ձայնագրության մեջ նշված անձանց։

«Եթե Սեյրան Օհանյանը հանդիպել է Վահան Շիրխանյանին, որի հետ երկար տարիներ աշխատել են, դա դեռ չի նշանակում, որ ինչ-որ հետին նպատակ է եղել, կապ է ունեցել այդ խմբի հետ։ Ես էլ այդ դեպքից առաջ բազմաթիվ անգամներ Խաչիկ Ավետիսյանի հետ եմ հանդիպել։ Հիմա ի՞նչ, ինձ է՞լ պետք է մեղադրեն զինված խմբի հետ առնչություն ունենալու մեջ»,- եզրափակեց Մարտիրոսյանը։