Վավերացումը կարող է տևել 1-1․5 տարի, բայց մենք կարող ենք չսպասել ու սկսել բարեփոխումները

32 total views, 1 views today

 

«Շատ ծրագրերում Հայաստանն արդեն կարող է ներգրավվել ու իրականացնել՝ չսպասելով վերջնական վավերացմանը։ Մի քանի երկրում ընտրական ցիկլեր են, հնարավոր է՝ ժամանակը ձգվի։ Մեր պարագայում գուցե տեխնիկապես տևի 1-1․5 տարի։ Եվ նույնիսկ եթե մեկ երկիր չի վավերացնում, ժամանակ է ձգվում: Պայմանագիրը համարվում է իրավական ուժ ունեցող, որի շրջանակում Հայաստանը կարող է սկսել իր բարեփոխումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ հանրությունը ևս պահանջատեր պետք է լինի, բարեփոխումները բխում են ՀՀ քաղաքացիների շահերից: «Տնտեսական զարգացումների մեջ շահագրգռված չլինելու խնդիրներ պետք է որ չլինեն։ Իշխանության մեջ գտնվող մի քանի խումբ մարդիկ ունեն մեծ սեփականություններ, բիզնեսներ։ Ինչո՞ւ միայն ռուսական շուկա արտահանել, եթե նույն ապրանքները կարող են արտահանել եվրոպական շուկա։ Նույնիսկ իրենց անձնական շահերը կան՝ պետք է շահագրգռված լինեն։ Քաղաքական իմաստով դժվար է ասել, որ կոռուպցիայի հաղթահարման մասով շահագրգիռ կլինեն, բայց պետք է հասկանան, որ դիմացինն էլ միամիտ չէ»,- ընդգծեց նախկին պատգամավորը։

Թևան Պողոսյանը հավելում է. «Ես կարող եմ պայմանագիր չունենալ, բայց «և-և»-ի քաղաքականություն վարել։ Արդյո՞ք մենք մեր շահերով ենք առաջնորդվում. եթե ունենք շահեր և՛ այս դաշտում, և՛ այն, պետք է օգտվել դրանից։ Կարող ես թուղթ ունենալ ու չօգտագործել, բայց կարող ես ոչինչ չունենալ ու օգտագործել հնարավորությունը։ Այսօրվա դրությամբ մեր ձեռքերում է ամեն ինչ։

Գուցե պայմանագրային իմաստով հավասար չենք՝ մի տեղ անդամ ենք, մյուս տեղում՝ խորը և համապարփակ գործընկեր, բայց, օրինակ, լինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ մենք այսօր ՆԱՏՕ-ի հետ ավելի շատ բարեփոխումներ ենք իրականացնում, քան ՀԱՊԿ-ի դաշտում»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: