«Ատոմակայանը պարտադիր է Հայաստանի համար. Փոքր ՀԷԿ-երը ոչ մի պարագայում չեն կարող այլընտրանք լինել»

18 total views, 1 views today

«Ատոմակայանի 10 տարվա շահագործման ժամկետ դեռ ունենք, ատոմակայանը հիմա վերազինվում է, վերակառուցվում է, վերանորոգվում է ռուսական վարկի միջոցով, իսկ թե 2027-ից հետո ինչ կլինի, դեռ վաղ է խոսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը շատ իրավացիորեն է հայտարարել, որ ատոմակայանից հրաժարվել պետք չէ։ Այն ապահովում է Հայաստանի էներգաապահովության 45 տոկոսը, 35 տոկոսը ապահովում է փոքր էներգետիկան, իսկ մնացածը գազից ստացվող էներգիան է։ «Հիմա մենք շատ մեծ ծրագիր ենք մշակում՝ արևային էներգիան մտնի իր հզորություններով։ Երկու կայան ունենք արդեն՝ Մասրիկն ու Թալինը»,- ասաց տիկին Նահապետյանը։

Հայտնի է, որ փոքր ՀԷԿ-երը ամենաէժան էլէկտրաէներգիա արտադրող կառույցներն են։ Առաջիկայում պլանավորվում է նոր Շնող ՀԷԿ-ի կառուցումը։ Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր չէ այս հզորություններով փոխարինել, կամ այլընտրանք ստեղծել ատոմակայանին, տիկին Նահապետյանն արձագանքեց. «Ոչ։ Ոչ մի պարագայում չենք կարող փոխարինել ատոմակայանին։ Մենք չենք կարող ամբողջ սպառումն ապահովել, որովհետև Հայաստանում հէկերը կիսվում են երկու մասի՝ ոռոգման ջրի և գետերի ջրի վրա աշխատող ՀԷԿ-եր։ Ամռանը գետերի ջրերը ցամաքում են և ոռոգման համար սկսում են օգտագործել ջրամբարների ջուրը։ Այս պարագայում մի հէկը չի կարող 24 ժամվա ռեժիմով 12 ամիս աշխատել։ Դրա համար դա չի կարող փոխարինել ատոմակայանին։ Ատոմակայանը պարտադիր է Հայաստանի համար»,- ասաց Նահապետյանը։

Նրա խոսքերով՝ 2027-ից հետո տեխնոլոգիաների բավականին լուրջ փոփոխություն է լինելու։ Հիմա հնարավոր չէ ասել, թե ինչ է լինելու 15-20 տարի հետո։ «Այսինքն՝ տեխնոլոգիաները փոփոխության են ենթարկվում, եթե կառուցվի, ապա նոր ատոմակայան պետք է կառուցվի, հնի վրա շարունակելը հնարավոր չէ»։

Մեր հարցին, թե ինչ միջոցներով և ով պետք է կառուցի նոր ատոմակայանը, քանի որ այն հսկայական միջոցներ է ենթադրում, Նահապետյանը նկատեց. «Չենք կարող դա ասել, չենք էլ կարող ասել, թե ինչ միջոցներ է ենթադրում»։ «Կարող է վաղը, մյուս օրը ինչ-որ գյուտ է արվում և ավելի էժան ու ավելի որակյալ տարբերակ է գտնվում։ Մենք սրանից 15-20 տարի առաջ չէինք կարող ենթադրել, որ արևային էներգետիկան նման տարածում կգտներ։ Այնպես որ հիմա էլ չենք կարող ասել, թե 2027-ին ինչ է լինելու»,- եզրափակեց Նաիրա Նահապետյանը։