Ռուսաստանն ընդունակ չէ արդար մրցակցության. Ցավոտ հարված Մոսկվային

34 total views, 1 views today

Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Հարավային Կորեայի Փխենչխան քաղաքում անցկացվելիք 2018-ի ձմեռային օլիմպիդայից: Նման աննախադեպ որոշում կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն` երեկ ուշ երեկոյան Լոզանում անցկացված դռնփակ նիստում, որտեղ լսվել են միանգամից երկու համապարփակ զեկույցներ` ռուսական դոպինգային սկանդալի թեմայով: Սա օլիմպիական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի ամբողջ երկիր հեռացվում է խաղերից: Սա աննախադեպ հարված է Ռուսաստանի միջազգային հեղինակությանը, որը ոչ միայն ստվերում է այդ երկրի մարզական հաջողությունները, այլև կասկածի տակ է դնում նրա միջազգային հեղինակությունը` բառի համապարփակ իմաստով:

ՄՕԿ գործկոմի երեկվա որոշումը Ռուսաստանը նույնացնում է կեղծիքի, պետական մասշտաբով կազմակերպված մանիպուլացիայի հետ` ապացուցելով, որ այդ երկիրն ի վիճակի չէ հաղթանակ տանել արդար մրցակցության պայմաններում: Տվյալ դեպքում` խոսքը վերաբերում է սպորտին, սակայն ինքնին հասկանալի է օլիմպիադայի հսկայական միջազգային նշանակությունը, ըստ այդմ` Ռուսաստանի մասին հետևությունները, պատկերացումները համապարփակ են` չսահմանափակվելով միայն սպորտով, ավելի շուտ` սպորտի միջոցով տարածելով բոլոր բնագավառների վրա, մանավանդ, որ Մոսկվան մանիպուլացիաների միջոցով փորձել է միջամտել նաև ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին, արևմտյան մի շարք երկրների ընտրական գործընթացներին:

ՄՕԿ-ի հետաքննող հանձնաժողովի նախագահ Սամուել Շմիդն ասել է, թե օլիմպիական պատմության մեջ դեռևս չի եղել մանիպուլացիայի և խաբեության նման դրսևորում, մասշտաբ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկված է, սպորտի նախկին նախարար, ներկայումս Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն և Սոչիի 2014թ-ի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն, ով ներկայումս «Գազպրոմ-Մեդիայի» ղեկավարն է, ցմահ որակազրկել են բոլոր օլիմպիդաներից: ՄՕԿ հակադոպինգային հետաքննությունների բոլոր ծախսերը` 15 միլիոն դոլար, պետք է հատուցի Ռուսաստանը: Սակայն սրանով ռուսական նվաստացումը չի սահմանափակվում:

Ռուսաստանցի առանձին մարզիկներ, ովքեր ներքաշված չեն դոպինգային սկանդալում, ՄՕԿ-ի որոշմամբ կարող են մասնակցել օլիմպիական առաջիկա խաղերին` չեզոք դրոշի տակ, այսինքն` նրանց հնարավոր հաղթանակի դեպքում չի հնչելու ռուսական հիմնը, չի բարձրացվելու Ռուսաստանի դրոշը: Հարավկորեական Փխենչխանից առհասարակ բացակայելու են Ռուսաստանի դրոշն ու օրհներգը:

Մոսկվայի առաջին արձագանքների մեջ արդեն առկա է քաղաքական ենթատեքստ: Մուտկոն, Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն ակնարկել են Ռուսաստանի դեմ Արևմուտքի ինչ-որ «դավադրության» մասին` չնայած այն հանգամանքին, որ այս հետաքննության առանցքային վկան Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխված Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովն է, ով անհերքելի փաստերի հիման վրա պնդել է, որ Ռուսաստանում գործում է դոպինգի խրախուսման պետական ծրագիր` Պուտինի իմացությամբ, Անվտանգության դաշնային ծառայության` ФСБ-ի վերահսկողությամբ:

Այսպիսով` Սոչի 2014-ը ոչ միայն չդարձավ Ռուսաստանի միջազգային հեղինակության բարձրացման միջոց, այլ միայն խորհրդանշեց Ռուսաստանում կոռուպցիայի և խաբեության նոր դրսևորումը, մասշտաբը` լուսանցքային դարձնելով նույնիսկ ռուսական սպորտը: Անհրաժեշտ հետևություններ պետք է անեն մեր իշխանությունները, սպորտի պատասխանատուները, որովհետև մեծ է ռիսկը, որ մեր մարզիկները Մոսկվայի «օգնությամբ» կարող են հայտնվել միջազգային սկանդալի կիզակետում: