ՄԻԵԴ-ը կանխել է դատախազության սխալը. քաղաքացին չի արտահանձնվի և ազատ կարձակվի

18 total views, 1 views today

Առաջիկայում հնարավոր չի լինի ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ` արտահանձնման գործընթացը կասեցվել է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի շահերի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանի դատախազությունը, հաշվի չառնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը, փորձել է արտահանձնել նրան Ռուսաստանի Դաշնությանը։ Մինչդեռ եվրոպական կոնվենցիան հստակ սահմանում է, որ անձի արտահանձնումն այլ պետությանը արգելվում է, եթե նրա առողջական վիճակը բավարար չէ, որպեսզի նա հանձնվի այլ պետությանը: «Իսկ իմ պաշտպանյալ Խաչատուրովի առողջական վիճակն այնքան վատ է եղել, որ նա չի կարողացել անգամ ներկայանալ դատական նիստերին։ Բայց այս ամենը մեր դատախազությունը հաշվի չի առել և որոշել է, որ Խաչատուրովի առողջությանը վտանգ չի սպառնա ՌԴ տեղափոխման ընթացքում: Նշեմ նաև, որ այս որոշումը կայացվել էր այն պայմաններում, երբ մեր պետական մարմինների և բժշկական հաստատությունների կողմից տրվել էին գրություններ, որ նրան հնարավոր չէ տեղափոխել ՌԴ ոչ ցամաքով, ոչ օդով։ Բայց դատարանը դռնփակ նիստ է արել՝ առանց փաստաբանի, չի թույլատրել, որ դատավարությանը մասնակցեն մեղադրյալի ազգականները, ԶԼՄ ներկայացուցիչները»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրենց հաջողվել է Խաչատուրովի արտահանձնումը կանխել միայն ՄԻԵԴ որոշման արդյունքում: «Մենք նախապես ՄԻԵԴ էինք դիմել, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, որպեսզի անհապաղ նրա հանձնման գործընթացը կասեցվի, որի արդյունքում էլ Սուրեն Խաչատուրովը ազատության մեջ պետք է հայտնվի, քանի որ պահման առավելագույն ժամկետը լրանում է դեկտեմբերի 11-ին: Եթե քաղաքացու հանձնումը չի կատարվում, ինչը եղել է այս գործով, պետք է կալանավորված քաղաքացուն ազատ արձակել»,-նկատեց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատուրովը երկար ժամանակ ընտանիքի հետ բնակվել և աշխատել է Ռուսաստանում։ Աշխատանքի բերումով նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ի պաշտոնե վերահսկողություն է իրականացրել այլ անձանց, այդ թվում նաև ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմայիլովի օբյեկտների նկատմամբ և այդ ժամանակ բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել նրա օբյեկտում։ Իսմայիլովը դրանք չբացահայտելու համար փորձել է հաշվեհարդար տեսնել Խաչատուրովի նկատմամբ, ապա նաև նրա կնոջ նկատմամբ է հաշվեհարդար տեսել, որի վերաբերյալ ՌԴ-ում հարուցվել է քրեական գործ։ Այնուհետև Իսմայիլովը Սուրեն Խաչատուրովին սպառնացել է, որ քրեական հետապնդում կսկսի նաև նրա նկատմամբ: Այդպես էլ եղավ։ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետախուզում սկսվեց, որից հետո նա, հասկանալով, որ Ռուսաստանի իշխանությունների կամայականություններից չի կարող պաշտպանվել, լքել էր Ռուսաստանի տարածքը և առողջական լուրջ խնդիրներով տեղափոխվել Հայաստան։ Տեղափոխվելուց հետո նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նա կալանավորվել էր և 8 ամիս է՝ անազատության մեջ է։