Մոուրինյոյի փչացած ավտոբուսն ու լեգենդի ընտրությունը

26 total views, 1 views today

Բրիտանական որոշ լրատվամիջոցներ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելը որակեցին ձախողում: Goal24 պարբերականն էլ ծաղրանկար հրապարակեց, որում Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին դուրս է հրում ավտոբուսից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով Ալեքսիս Սանչեսը չարախնդում է հայ ֆուտբոլիստին: Ոմանք այն կարծիքին են, որ Մխիթարյանն ուղղակի չկարողացավ դրսևորվել «Յունայթեդում»:

Մխիթարյանի վերաբերյալ բացասական էր արտահայտվել նաև «Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին: «Մխիթարյանն իր էությամբ հաղթող չէ: Նա բավարար ժամանակ ուներ «Մանչեսթեր Յունայթեդում» դրսևորվելու համար, բայց ոչնչով աչքի չընկավ: Ես վստահ չեմ, որ նա ունի հաղթողի հոգեբանություն: Երբեմն Մխիթարյանն ինձ հիշեցնում է Մեսութ Օզիլին, որին պետք է ստիպել և սեղմել, որպեսզի բնավորություն և կամք ցուցաբերի: Օզիլը միայն ճնշման տակ է ցուցադրում իր լավագույն որակները: Ինչ խոսք, Մխիթարյանն ունի գերազանց որակներ, բայց ես կարծում եմ, որ նա այն խաղացողը չէ, որի կարիքն ունի «Արսենալը»»,- նշել էր Պետին:

Այո, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» չփայլեց, բայց կարծում ենք՝ դա բավարար չէ նման կարծիք հայտնելու համար: Ավելին, եթե Մխիթարյանը չունենար հաղթողի և խաղացողներին իր հետևից տանելու հատկություն, Արսեն Վենգերը դժվար թե լուրջ քայլեր ձեռնարկեր հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար: «Այո, Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», և դա իմ որոշումն է: Մխիթարյանին շատ եմ հավանում, ես հետևել եմ նրան դեռևս այն ժամանակ, երբ խաղում էր «Բորուսիայում»: Նա հիանալի խաղացող է և համապատասխանում է մեր թիմի խաղաոճին»,- ասել է Վենգերը՝ նշելով, որ աշխատավարձի չափը խնդիր չէ:

Արդեն այսօր Վենգերը կարծիք էր հայտնել, որ Մխիթարյանը կկարողանա փոխարինել Ալեքսիս Սանչեսին. «Չիլիացու հեռանալը մեզ վրա ծանր չի նստի, քանզի դա հեռացում չէ, այլ փոխանակում: Ես ամենևին հիասթափված չեմ և պետք է նշեմ, որ Սանչեսի հեռանալը հեշտ կմարսենք: Այո, նա հեռանում է «Արսենալից», բայց միևնույն ժամանակ ստանում ենք մեկ այլ ֆուտբոլիստի, որը, կարծում եմ, կարող է փոխարինել Սանչեսին»:

Արսեն Վենգերը «Արսենալը» գլխավորում է արդեն 22 տարի և դասվում է բրիտանական ֆուտբոլի լեգենդար մասնագետների շարքին: Ֆուտբոլիստների ընտրության հարցում Վենգերը բավական բծախնդիր է, քանզի շատ չեն այն խաղացողները, որոնք ունեն մարզիկին հատուկ բարձր ինտելեկտ: Վենգերը դավանում է արագ և կոլեկտիվ խաղի՝ միևնույն ժամանակ ստեղծագործելու հնարավորություն տալով իր ֆուտբոլիստներին: Ի տարբերություն Մոուրինյոյի՝ Վենգերը չի փորձում ամեն գնով միավորներ քամել:

«Արսենալը» հիանալի հարթություն է ֆուտբոլիստների համար դրսևորվելու և բարելավելու որակները: Կարծում ենք՝ եթե 2016 թվականին Մխիթարյանը պայմանագիր կնքեր «Արսենալի» հետ, ապա հավանական կլիներ, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» աստղաբաշխական գումար առաջարկեր հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար: Ամեն դեպքում այսօր էլ ուշ չէ, որ Մխիթարյանն ասի իր խոսքը «Արսենալում», էլ ավելի մեծ ճանաչում ձեռք բերի բրիտանական ֆուտբոլում:

«Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» սենսացիոն է: Ես հայ ֆուտբոլիստի մեծ երկրպագուն եմ և նրա խաղին հետևում էի դեռ այն ժամանակ, երբ խաղում էր Դորտմունդում: «Բորուսիայում» Մխիթարյանը շատ գոլեր էր խփում և ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող: Իրականում շատ դժվար է Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ գտնել հունվարին: Կարող եմ ասել, որ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից էր»,- հայտարարել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը:

Մոուրինյոյի ավտոբուսի ծաղրանկարի հրապարակումից հետո «Յունայթեդի» շատ երկրպագուներ կարծիք էին հայտնել, որ այդ ավտոբուսը վաղուց արդեն փչացել է: Շատ փորձագետներ վստահ են, որ Մոուրինյոյի ավտոբուսը ոչ մի տեղ չի տանում: Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ լեգենդար Վենգերի ընտրությունը շատ ավելի բարձր է Մոուրինյոյի ավտոբուսից: 9 տարի առաջ խաղալով Դոնեցկի «Շախտյորում»՝ Հենրիխ Մխիթարյանն ասել էր. «Իմ ամենասիրելի թիմն «Արսենալն» է: Ես սիրում եմ նրանց հարձակողական ու արագ խաղալու ոճը: Բացի այդ՝ Վենգերը վստահում է երիտասարդներին և միաժամանակ արդյունք է պահանջում նրանցից: Ինձ դա դուր է գալիս, և ուզում եմ մի օր խաղալ այնտեղ»: