Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Ելք»-ի ելքը

29 total views, 1 views today

Կառավարությունը նախօրեին տեղի ունեցած նիստում մերժել է «Ելք» դաշինքի օրենսդրական նախաձեռնությունը՝ իջեցնել կամ այսպես ասած՝ ելման դիրք բերել ակցիզային հարկի դրույքաչափը, որը բարձրացվել է հունվարի 1-ից և հանգեցրել գնաճի: «Ելք»-ն այդ առաջարկը ներկայացրել է գնաճի դեմ պայքարի տրամաբանությամբ: Դաշինքն այդ կապակցությամբ նախաձեռնել է նաև խորհրդարանի արտահերթ նիստ, սակայն անկասկած է, որ հաջողություն չի լինելու նաև խորհրդարանում:

Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ «Ելք»-ի նախաձեռնության հանդեպ իշխանության դիրքորոշումը, ըստ էության, դաշինքի քաղաքական անհաջողության արձանագրումն էր: Բանն այն է, որ «Ելք»-ը նախաձեռնեց գնաճի դեմ փողոցային պայքար՝ հայտարարելով, որ խորհրդարանում ամեն ինչ սպառված է: Բայց, ինչպես ցույց տվեցին, ըստ էության, երկու անհաջող բողոքի երթերը, «Ելք»-ի համար ամեն ինչ սպառվեց նաև փողոցում: Համենայնդեպս, դաշինքի փորձը ձախողվեց: Ընդ որում, ինչպես հետագայում տարբեր հարթակներում արտահայտվում էին դաշինքի առաջնորդները, հնարավոր էր դրանից եզրակացնել, որ այդ մեթոդաբանության հարցում դաշինքում ամենևին չի եղել միակարծություն:

Անկասկած է, որ «Ելք»-ի փողոցային պայքարի հաջողությունից էր կախված լինելու նրանց նախաձեռնության հանդեպ իշխանության արձագանքը, և կառավարության նախօրեի որոշումը այդ անհաջողության դե ֆակտո արձանագրումն էր: Այդ որոշումը կարտացոլվի նաև արտահերթ նիստում: Այդպիսով ստացվում է, որ «Ելք»-ը սպառվեց թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում: Ունի՞ դաշինքը այդ իրավիճակից դուրս գալու ելք, մոտեցում, թե՞ ոչ: Դա պարզ կլինի տեսանելի ապագայում, սակայն մի բան թերևս հստակ է, որ խորհրդարանական ընտրությունից մեկ տարի անց՝ մեկ տարի առաջ տպավորիչ քաղաքական հաջողություն արձանագրած նորաստեղծ ուժը, ըստ էության, լատենտ ճգնաժամի մեջ է:

Ընդ որում՝ այստեղ իրավիճակն, իհարկե, հարաբերական է: Մի կողմից բավականին մտահոգիչ է, որ Հայաստանում, փաստորեն, չեղավ բավական ազդեցիկ գնաճի դեմ հանրային մոբիլիզացիա, իսկ մյուս քաղաքական ուժերն էլ, ըստ էության, ընդամենը սպասեցին «Ելք»-ի տապալմանը՝ այդպիսով, ըստ էության, հասնելով մեկ տարի առաջ ապրիլին «կրած պարտության» ռևանշին: Մյուս կողմից, սակայն, խնդրին հարկ է նայել ավելի լայն, քան կոնկրետ իրավիճակային կոնտեքստը, և այստեղ հերթական անգամ բախվում ենք ընդդիմադիր գործունեության մեթոդաբանության, հաշվարկային հեռահարության բացակայության խնդիրներին:

Այդ իմաստով, «Ելք»-ը տրորված ճանապարհով շարժվելու փոխարեն ուներ նոր ճանապարհ գցելու անհրաժեշտություն, որը գուցե այսօր չէր ունենա էպոտաժային էֆեկտ, չէր կարող արդյունավետ սպասարկել ներկայիս սոցիալական խնդիրները, սակայն երկարաժամկետ առումով Հայաստանում կձևավորեր նոր որակի ընդդիմության գոնե ողնաշարը՝ այդպիսով հանրությանը տալով առավել համակարգային և կենսունակ գործիք՝ սեփական խնդիրները սպասարկելու համար: Եվ վերջին հաշվով, արդարացում կլինի ընդամենը մեղադրել մյուս՝ չմիացած ուժերին կամ հանրությանը, քանի որ, խոշոր հաշվով, հենց այստեղ է խնդիրը՝ մեկ ուժը, ինքն իրենով ինչ խնդիրներ է կարողանում ձևակերպել և լուծել, ոչ թե հետագայում անհաջողության համար փնտրել մեղավորներ: Վերջին հաշվով, հենց սա է եղել նաև տարիներ շարունակ Հայաստանում ընդդիմության խնդիրներից մեկը՝ մեղավորներ փնտրել սեփական անարդյունավետության համար: Ուղիղ, բաց տեքստով է այդ փնտրտուքը, թե ոչ, էական չէ:

Այդ տեսանկյունից, խորհրդարանի ընտրությունից մեկ տարի անց «Ելք»-ը, ըստ էության, կանգնել է ճամփաբաժանի առաջ, ընտրության առաջ, սեփական գոյությունը վերաիմաստավորելու առաջ: Ընդ որում՝ կենսունակ ու մրցունակ հեռանկարների բացակայության դեպքում գուցե պետք է հնարավոր տարբերակների շարքում դիտարկել նաև առանց վախենալու, համարձակ կերպով ընդունել գոյության իմաստի բացակայությունն ու չգնալ արհեստական «շնչառության» ճանապարհով: