Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ինչու հարուստները չեն կարող հասկանալ աղքատներին

26 total views, 1 views today

Ինչպես և սպասվում էր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց «Ելք» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում՝ բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկը, և նվազ ու միջին եկամուտ ունեցողների եկամտահարկը իջեցնելու միջոցով: Այս նախաձեռնությանը դեմ քվեարկեցին հանձնաժողովի ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական անդամները:

«Ելք» խմբակցության կողմից նախաձեռնությունը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրենք փորձագիտական ուսումնասիրություն են արել՝ հասկանալու համար, թե մեկ տարվա կտրվածքով որքան են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները և պարզել են, որ գնաճն անցնում է 21 տոկոսը: Սա ցույց է տալիս, որ Ազգային վիճակագրական ծառության կողմից ներկայացվող 2․6 տոկոսանոց գնաճի ցուցանիշը ոչ հավաստի է, քանի որ այդ ցուցանիշը հաշվարկված է այնպիսի ապրանքներով, որոնց մեծ մասը բնակչության կողմից կամ չեն սպառվում, կամ սպառվում են խիստ հազվադեպ: Նա առաջարկում է վերադառնալ նախկինում գործող ակցիզային հարկին և իջեցնել նվազ և միջին եկամուտ ունեցողների եկամտահարկը, որպեսզի այդ գումարը մնա քաղաքացիների մոտ, և նրանք կարողանան ինչ-որ չափով դիմանալ գնաճին:

Ի պատասխան «Ելք»-ի այս առաջարկության, կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասում է, որ կառավարությունը նախորդ տարի 25-27 փոփոխություններ է կատարել Հարկային օրենսգրքում, որոնց արդյունքում բարելավվել է բիզնես միջավայրը արտադրողների և ներմուծողների համար, բայց նաև պակասել են հարկային մուտքերը: Կառավարությունը այդ ճեղքվածքը որոշել է լրացնել ակցիզային հարկի բարձրացմամբ, այդպիսով հարկային բեռը արտադրողներից տեղափոխելով սպառողների վրա: Անանյանը փորձելով արդարացնել կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, հայտարարեց, որ իրենց նպատակն է կապիտալը հարկելու փոխարեն հարկել սպառումը: Իսկ որպեսզի իր ասածն ավելի համոզիչ լինի, հարցրեց, թե որն է պատճառը, որ Հայաստանում հաջողակ են առևտրականները և ոչ թե արտադրողները: Դավիթ Անանյանն ակնարկեց՝ կառավարությունը շարունակելու է բարելավել բիզնեսի միջավայրը, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ավելանալու է սպառողների վրա դրվող հարկային բեռը: Եթե այսպես մի քիչ էլ շարունակվի, Հայաստանում կլինի կատարյալ բիզնես միջավայր, և ոչ մի սպառող:

Ավելացնենք նաև, որ բենզինի կամ սեղմված գազի ակցիզային հարկի բարձրացումը որևէ կերպ չի կարող փոխել առևտրականների և արտադրողների հաջողակ լինելու բալանսը: Այդ ակցիզային հարկը մտնում է գնի մեջ և նույնիսկ ավելին, շատ առևտրականներ, այդ թվում՝ գազ և բենզին վաճառողները, գերշահույթ են ստանում, ավելի թանկացնելով իրենց ապրանքը՝ պատճառաբանելով հարկերի բարձրացմամբ:

Բայց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները և հատկապես ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, հարցին այլ տեսակետից էին մոտենում: Մելքումյանն ասում է, որ ֆինանսների փոխնախարարի ասածը կարող է աշխատել մի երկրում, որտեղ չկա աղքատության այսպիսի բարձր մակարդակ: Բայց երբ երկրի բնակչության 30 տոկոսից ավելին ծայրահեղ աղքատ է, իսկ մի այդքանն էլ աղքատ, երբ 615 հազար աշխատողներից 280 հազարը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազար դրամ, սպառողների վրա դրվող ամեն լրացուցիչ հարկ, մեծացնում է արտագաղթի ալիքը: Մարդիկ չկարողանալով ապրել, իրավիճակից փրկվելու միակ ելքը տեսնում են երկրից փախչելը: Կամ ինչպես կարելի է խոսել բիզնեսի համար լավ պայմաններ ապահովելու մասին, երբ ցանկացած ներդրող տեսնում է, որ երկրի բնակչության մի մասը աղքատ է, իսկ մյուս մասը պատրաստվում է հեռանալ երկրից: Ինչ ներդրող պետք է լինի, որ այդպիսի երկրում ներդրում անի:

Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունները ամբողջ խորությամբ չեն կարողանում ընկալել, թե ինչպիսի պայմաններում է ապրում Հայաստանի բնակչության մի ստվար մասը: Նրանց համար աղքատությունն ու չքավորությունը տեսական եզրույթներ են, որը նրանք իրականում չեն տեսել: Սա հատուկ է ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ ընդհանրապես իշխանություն ունեցողներին: Կան որոշ գիտական հետազոտություններ, ըստ որոնց՝ իշխանությունը վնասում է մարդու ուղեղը և նրա որոշ ֆունկցիաներ: Օրինակ՝ Հենրի Ադամսը ասում էր, որ իշխանությունը նման է մի ուռուցքի, որն իր զոհի մեջ սպանում է դիմացինին կարեկցելու ընդունակությունը: Իսկ Բերկլիի համալսարանի պրոֆեսոր հոգեբան Դաչեր Կելտները 20 տարվա հետազոտություններից հետո գրել է. «Իշխանություն ունեցող սուբյեկտները վարվում են այնպես, կարծես՝ տառապում են գանգ-ուղեղային տրավմայով. ավելի իմպուլսիվ են, ավելի հակված են դիմել ռիսկի, և որ ամենակարևորն է, կորցնում են իրերին ուրիշի աչքերով նայելու ընդունակությունը»:

Աշխարհը գտել է այս հիվանդության բուժման ամենաարդյունավետ միջոցը, թույլ չտալով, որ մարդիկ երկար ժամանակ մնան իշխանության մեջ և իշխանության ազդեցության տակ: Դա օգտակար է ինչպես այդ մարդկանց այնպես էլ հանրային օրգանիզմի առողջության համար: Մնում է, որ բուժման այդ արդյունավետ մեթոդները կիրառվեն մեզանում: