«Գազպրոմ»-ի քեֆին՝ «աշխատանքային» այցի փաթեթավորմամբ

14 total views, 1 views today

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ մի շարք հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ և հեռանկարային ծրագրեր:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաև ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Պաշտոնական տեղեկատվության առաջին մասը, կարծում ենք, նման է քողածածկույթի, որպեսզի մոտիվացվի Կարապետյանի մոսկովյան այցը: Ավելի քան ակնհայտ է, որ գործարարների հետ հեռանկարային հարցերի քննարկման համար պատեհ ժամանակ չէ. Կարեն Կարապետյանը երկու ամիս հետո, ըստ ամենայնի, հեռանալու է իր պաշտոնից, և անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի նրա նոր կարգավիճակը, նա այսօր, ըստ էության, ժամանակավոր վարչապետ է, ով առավելագույնը կարող է կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա:

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Կարապետյանը գուցե ներքուստ չի համակերպվել ապրիլին պաշտոնի գրեթե անխուսափելի կորստյան հետ և Մոսկվայում գործադրելու է վերջին ջանքերը՝ ցույց տալու համար, որ վայելում է ռուսական կապիտալի աջակցությունը:

Սակայն այս ամենն ազդեցիկ PR կարող էր լինել մեկ տարի առաջ, երբ դեռևս չէր թառամել «նոր ոգու» հմայքը: Անցած մեկ տարում Կարեն Կարապետյանի՝ հայկական ծագմամբ ռուսաստանյան հովանավորները նույնացել են կա՛մ հանցագործ աշխարհի հետ, կա՛մ էլ հայտնվել են ամերիկյան առնվազն երկու «սև ցուցակներում»:

Սակայն անկասկած է, որ Կարապետյանին Մոսկվա տանում է «Գազպրոմի» 25-ամյակին նվիրված միջոցառումը: Կարապետյանը հարազատ միջավայրում հանդիպելու է մոսկովյան էլիտայում իր հիմնական հովանավոր Ալեքսեյ Միլլերի հետ՝ թերևս վերջին անգամ ապրիլյան համատեքստից առաջ: Այս հանդիպումն իհարկե հազիվ թե փոխի Հայաստանի ներիշխանական տրամադրությունները, դասավորությունը, այն համատեքստը, որը գրեթե կանխորոշված է դարձնում Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը: Թերևս նույնիսկ գլխավոր «գազավիկ» Միլլերն է հասկացել, որ հայաստանյան ապրիլյան պարտիայում անիմաստ է խաղադրույք կատարել Կարեն Կարապետյանի վրա:

Սրանով հանդերձ՝ բաց է մնում մյուս ինտրիգը: Արդյոք Կարապետյանը 2011-ի օրինակով վերադառնալու է «Գազպրո՞մ», թե՞ Հայաստանում շարունակելու է իր աշխատանքը` ենթադրաբար, առաջին փոխվարչապետի պաշտոնում: Առողջ բանականությունը հուշում է, որ Կարապետյանը հարազատ հիմնարկին պետք է ոչ Մոսկվայում, այլ Երևանում, մանավանդ, որ ապրիլին իշխանության համար պայքարը ոչ թե ավարտվում, այլ նոր թափ է ստանում: Առաջին փոխվարչապետությունը Կարապետյանին թույլ կտա ոչ միայն ֆորմալ առումով երկրորդը լինել իշխանության մեջ, այլև պահպանել դրա ժառանգորդը դառնալու շանսերը:

Այնուամենայնիվ, չափազանցած չենք լինի, եթե նկատենք, որ Կարապետյանի այսօրվա այցը որոշիչ է նրա առաջիկա պլանների համատեքստում: