«Տարաձայնությունները դնենք մի կողմ ու թույլ չտանք, որ ապրիլին հանցագործ ուժի ղեկավարը վերարտադրվի»

11 total views, 1 views today

Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերջնական որոշում հայտնելու համար։ Մինչ այդ, Ա. Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Սփյուռքում, Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում՝ մտավորականների, քաղաքական ամենատարբեր ուժերի, այդ թվում՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների հետ։

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը նշեց, որ իրենք Արմեն Սարգսյանի հետ մեծ հույսեր չեն կապում, քանի որ նրա լիազորությունները սահմանափակ են, պաշտոնն էլ՝ ներկայացուցչական։ Միևնույն ժամանակ, տիկին Մուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առավել նախընտրելի կլիներ, որ Արմեն Սարգսյանը զբաղեցներ վարչապետի պաշտոնը, իսկ Սերժ Սարգսյանը իր՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ արած հայտարարության համաձայն՝ չհավակներ ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնին. «Արմեն Սարգսյանի հետ մեր հանդիպման ընթացքում ես հետևյալ հարցն եմ բարձրացրել. միևնույն հորիզոնականի վրա չդնելով ձեզ և Կարեն Կարապետյանին, արդյո՞ք մտահոգություն չունեք, որ ձեր գալուց հետո հասարակությունը ևս հիասթափություն կապրի։ Կարեն Կարապետյանի հետ ժողովուրդը հույսեր էր կապում, բայց ոչինչ չստացվեց ու արդյունքում մեծ հարված հասցվեց նաև Կարեն Կարապետյանի իմիջին։ Նորից եմ նշում՝ չեմ դնում իրենց նույն հորիզոնականի վրա, ավելի բարձր եմ գնահատում Արմեն Սարգսյանին, բայց ասել եմ՝ չընտրված, վարկաբեկված, բյուջեն թալանած ուժն է լինելու ձեր երաշխավորը, և եթե դուք համաձայնվեք՝ նույն ոչ լեգիտիմ ուժը լինելու է ձեզ ընտրողը, ուստի ձեր լեգիտիմության հետ խնդիր է լինելու․ այդ ուժն ընտրված չէ և դա աքսիոմա է։ Եվ երկրորդ՝ նշել եմ, որ նա լծակների չի տիրապետելու և փոփոխություններ իրականացնելու առումով կաշկանդված կլինի»։

Արմեն Սարգսյանն ի պատասխան այս դիտարկումներին, նշել է. «Ես ոչ թե կառավարիչ եմ լինելու, այլ առաջնորդ»։ «Մի քիչ վատ եմ պատկերացնում, թե նա ինչ էր ուզում դրանով ասել, բայց մեր կուսակցության վարչության կարծիքով՝ հենց նա պետք է վարչապետ լիներ՝ ավելի մաքուր անցյալով ու ավելի մաքուր ձեռքերով մեկն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Արմեն Սարգսյանն ունի խիստ սահմանափակ լիազորություններ։

Սուսաննա Մուրադյանը հավելում է՝ երկրում իրավիճակ փոխելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի միավորում. «Որպեսզի թույլ չտանք, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի։ Մենք համագործակցություն պատկերացնում ենք և՛ «Ծառուկյան», և՛ «Ելք» դաշինքների հետ։ Փոքրիկ տարաձայնությունները պետք է դնենք մի կողմ և միասնական ճակատով չպետք է թույլ տանք, որ ապրիլին հանցագործ ուժի ղեկավարը վերարտադրվի»։