Աշխարհն անդունդի եզրի՞ն. հրապարակվել է Մյունխենյան անվտանգության զեկույցը

17 total views, 1 views today

Միջազգային կարգը խախտված է, զինված հակամարտությունների վտանգն աճում է. Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովին ընդառաջ հրապարակված «Մինչ անդունդի եզր և հե՞տ» վերտառությամբ զեկույցի հեղինակները մատնացույց են անում համաշխարհային քաղաքականությունում վտանգավոր փոփոխությունները։

Անցած տարի մարդկությունը չափազանց շատ է մոտեցել եզրագծին, որը տարանջատում է խաղաղությունը լուրջ զինված հակամարտություններից, զեկույցի նախաբանում գրել է անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։ Նա նշել է կոնֆլիկտի վտանգավոր էսկալացիան ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև սրվող մրցակցությունը, Եվրոպայում անփոփոխ լարված հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։

Փոփոխություններ ԱՄՆ արտաքին քաղաքականությունում

Ինչպես նախորդ 3 տարիներին, զեկույցն ինտելեկտուալ հիմք է պատրաստում Մյունխենի համաժողովի համար, որը տեղի կունենա Բավարիայի մայրաքաղաքում փետրվարի 16-18-ը։ Որոշակի իմաստով նոր զեկույցը դարձել է անցած տարի հրապարակված համանման փաստաթղթի շարունակությունը։

2017 թվականի փետրվարին զեկույցի հեղնակներն արդեն նախազգուշացրել էին, որ լիազորությունները նոր ստանձնած նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել միջազգային անվտանգության երաշխավորի դերից, իսկ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ ավելի միակողմանի կամ նույնիսկ ազգայնական։ Այս տարի անվտանգության մասին զեկույցը հաստատել է, որ ԱՄՆ-ը հեռանում է իր առաջատար դերից։

Վաշինգտոնն առանձնահատուկ հետաքրքրվածություն չի դրսևորում գլոբալ կամ տարածաշրջանաին ինստիտուտների զարգացման հարցում, որոնք սահմանում են միջազգային հարաբերությունների կանոնները։ ԱՄՆ-ը հրաժեշտ է տվել քաղաքականությանը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա. համատեղ շահերը Սպիտակ տունն այժմ հաշվի է առնում միայն առանձնահատուկ դեպքերում, փաստում են զեկույցի հեղինակները։

Այդ մասին վկայում է նաև դիվանագիտության հանդեպ հետաքրության էական նվազումը. Պետդեպի բյուջեի չափը զգալիորեն կրճատվել է, միևնույ ժամանակ ռազմական ծախսերը շարունակում են աճել։ Զեկույցում մեջբերվում է արտաքին քաղաքականության ոլորտի ամերիացի փորձագետ Ջոն Այքենբերիի խոսքը, ով եզրափակում է. «Աշխարհի ամենաազդեցիկ երկիրը սկսել է սաբոտաժի ենթարկել այն կարգը, որն անձամբ է հաստատել»։

Եվրոպան սկսում է հոգ տանել իր անվտանգության մասին

Եվրոպացիների համար դա նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ուժգին հոգ տանել սեփական անվտանգության մասին։ Համաժողովին ընդառաջ նախապատրաստված զեկույցը հիշեցնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության մասին, որն արվել է 2017 թվականի մայիսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։

«Ժամանակները, երբ մենք կարող էինք հույս դնել այլոց վրա, անցել են»,-այդ ժամանակ ասել էր Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այժմ եվրոպացիները պետք է սեփական ճակատագիրն իրենց ձեռքը վերցնեն։

Այդ հայտարարությունը, ի թիվս այլ բաների, ենթադրում է նաև պաշտպանական ծախսերի մեծացում։ Եթե ԵՄ բոլոր անդամ երկրներն ու Նորվեգիան մեծացնեն ռազմական կարիքների համար իրենց հատկացումները մինչև ՀՆԱ 2 տոկոս, 2024 թվականին նրանք ընդհանուր 50 տոկոսի աճ կունենան և կհասնեն 386 մլրդ դոլարի մակարդակի։ Սակայն որպեսզի եվրոպական զինված ուժերը մնան մարտունակ, նրանք պետք է վերացնեն համակարգման և թվային համակարգերի ոլորտում թերությունները։

Զեկույցի հեղինակները մատնացույց են անում «կառուցման ու թվայնացման» մեջ առկա միջակայքերը։ Այդուհանդերձ, այդ թերությունների վերացման համար պահանջվում են հավելյալ միջոցներ։ Անհրաժեշտ է նաև ԵՄ երկրների՝ չափազանց մասնատված պաշտպանական արդյունաբերության համախմբումը։

Կլիմայի փոփոխություն, հակամարտություններ, միգրացիա

Այլ հարցերը, որոնք հիշատակվել են Մյունխենյան համաժողովին ընդառաջ վերջին զեկույցում, նույնպես առաջին անգամ շոշափվել են 1 տարվա վաղեմության զեկույցում. 2017 թվականին կարևոր տեղ է հատկացվել միգրացիայի և կլիմայի փոփոխության թեմաներին։ ներկայիս փաստաթղթում ափսոսանք է արտահայտվում Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և այն փաստի առնչությամբ, որ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում Վաշինգտոնը կլիմայի փոփոխությունը չի դիտարկում որպես ազգային անվտանգության սպառնալիք։

Զեկույցը հիշեցնում է այն մասին, որ անցած տարին՝ 2015 և 2016 թվականների հետ, դարձել է ամենաշոգերից մեկը կլիմայի փոփոխության դիտարկումների մեկնարկից ի վեր և ուղեկցվել է աղետալի փոթորիկներով, երաշտներով և ջրհեղեղներով։ Միաժամանակ փաստաթղթում նշվում է անմիջական կապը կլիմայի փոփոխությունների և տարածաշրջանային հակամարտությունների միջև։ Չդադարող բազմաթիվ տևական զինված հակամարտությունները միգրացիայի, հալածանքների, վերաբնակեցման և սովի հիմնական պատճառներից մեկն են, ընդգծվում է Աֆրիկայում իրավիճակին և միգրացիայի թեմային նվիրված գլխում։