Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Եթե Սերժ Սարգսյանն ասի՝ Արմեն Սարգսյանը վատն է, պետք է ընտրել հարևան Վարդուշին, ՀՀԿ-ն նույն կերպ կգովի վերջինիս

47 total views, 1 views today

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է իր հանդիպումները Հայաստանում և արտերկրում: Շատերը թեև առարկություն չունեն նրա թեկնածության շուրջ, սակայն նշում են, որ նրան չի հաջողվի փոփոխություններ իրականացնել, որովհետև իշխանությունը թույլ չի տա: Ինչպե՞ս եք Դուք գնահատում:

– Իրավունքի մեջ կա մի դրույթ՝ անօրինականության վրա օրենք չի կարող խարսխվել: Սահմանադրությունը միանշանակորեն ընդունվել է օրենքի խախտումներով, այսինքն՝ հանրաքվե կոչվածը կեղծված է եղել: Հետևաբար Սահմանադրությունը կեղծ է, և դրանից բխող ցանկացած քայլ արդեն կեղծ է: Սա ընդունենք որպես հիմք: Հիմա կա Սահմանադրություն՝ թեկուզ կեղծ, խախտումներով ընդունված, թեկուզ շատ վատ, բայց կա: Եվ նախագահի լիազորությունների շրջանակը ցույց է տալիս, որ ինքը հարց լուծող չէ: Կոնկրետ Արմեն Սարգսյանը գուցեև լավ մարդ է, մի քանի անգամ հանդիպել եմ իրեն, բայց երբ ինքը ասում է, որ այս բանից տեղյակ չեմ, այն բանից տեղյակ չեմ, կամ որ ասում է՝ ես որևէ խնդիր չեմ ունեցել որևէ շրջանակի հետ, ես բացասաբար եմ գնահատում, վատ է, որ չես ունեցել, բա պիտի ունենայիր, քո երկրում ժողովրդին ստրուկի վիճակի են հասցրել, ձայները խլում են, գնդակահարում են: Հետևաբար նա ոչինչ չի կարող անել: Եթե Արմեն Սարգսյանը լիներ այն թեկնածուն, որը կարող էր և պատրաստ էր ինչ-որ մի բան անելու, Սերժ Սարգսյանը նրա թեկնածությունն առաջ չէր քաշի: Նա հենց առաջ է քաշել մի մարդու թեկնածություն դրա համար, որ ոչինչ չանի: Իրեն փող են տալու և պաշտոն են տալու ոչինչ չանելու համար: Ես չեմ հասկանում՝ ինքն ինչու է հանդիպումներ ունենում Ռուսաստանում, Միլանում կամ «Սինոփսիսում», ի վերջո՝ իրեն ընտրողները նրանք չեն: Ինքը պետք է գնա ՀՀԿ խմբակցության հետ հանդիպի, և նրան չեն ընտրելու, նշանակելու են, անգամ Հանրապետական կուսակցության ներսում չեղավ ընտրություն, գոնե երկու թեկնածու առաջ քաշեին, ընտրապայքարի մեջ մտնեին: Հանրապետականն ունի մեծամասնություն՝ գումարած Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, և իրենց ինչքան ձայն պետք է, կարող են հանգիստ ապահովել: Եվ սա արտաքին շղարշ է: Ես չեմ ասում՝ Արմեն Սարգսյանը չի ուզի փոխել, բայց ես էլ լինեի, որևէ բան չէի կարող անել, քանի որ հատկապես նոր իրողությունը թույլ չի տալիս դա: Իսկ ինչո՞ւ հնարավոր չէ բան անել, որովհետև իշխանությունը չի ուզի, հո իշխանությունը ապուշ չի: Ինքը ստեղծել է մի համակարգ, որ թալանի և իշխի: Ինքը պետք է թողնի, որ մեկը գա ու խոչընդոտի իր թալանելուն և իշխելո՞ւն: Տեսեք վերջին դեպքը քաղաքապետարանի մակարդակով. աննորմալ ծախսեր է անում քաղաքապետարանը, երբ կենսական ապահովման խնդիրներ կան լուծելու: Եվ սա համատարած է, պարզապես մենք դեռ իներցիայով, նախկին ռեսուրսների հաշվին որպես միավոր գոյատևում ենք: Ես չեմ օգտագործում «պետություն» բառը, որովհետև չգիտեմ՝ մենք պետությո՞ւն ենք, թե՞ արդեն պետություն չենք: Որովհետև եթե, Բագրատյանի տվյալներով, Հայաստանի բնակչության 1 տոկոսը ազգային հարստության 88 տոկոսն է տնօրինում, սա արդեն պետություն չէ, սա սեփականություն է, մի քանի հարյուր մարդու սեփականությունն է: Այսինքն՝ այս ամբողջը, այդ թվում և մենք, այդ մարդկանց սեփականությունն ենք: Ես հաջողություն եմ մաղթում Արմեն Սարգսյանին, բայց ինքը, բացի զանազան արարողակարգերի ժամանակ լավ անգլերեն խոսելուց և շատ հաջող հանդիպումներ իրականացնելուց, դրանից ավելի բան չի կարող անել, քանի որ ո՛չ կթողնեն, ո՛չ էլ դրա իրավական հիմքը կա:

– Անդրադառնալով իր լիազորությունների սահմանափակմանը՝ լրագրողների հետ զրույցում նա ասել է՝ հնարավոր է կառավարել՝ ղեկավարելով, և հնարավոր է կառավարել՝ առաջնորդելով, գաղափարներ, ուղենիշներ հաղորդելով: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է դա հնարավոր հայաստանյան իրականությունում: Ըստ էության նա լիահույս է, որ անգամ այսպիսի սահմանափակումներով ինքը կկարողանա կառավարել՝ առաջնորդելով: Նման ցանկությունը կարո՞ղ է հաջողել:

– Գիտեք, դրանք շատ սիրուն խոսքեր են, ես էլ կարող եմ ավելի գեղեցիկ մտքեր ձևակերպել: Մեզ մոտ անգամ սահմանադրական իրավունքները չենք կարողանում պարտադրել, որ իրենք կենսագործեն: Ազատ ընտրությունը սահմանադրական իրավունք է, դրան չենք կարողանում հասնել: Մենք չենք կարողանում կոռուպցիայի դեմ պայքարում հասնել ինչ-որ հաջողությունների, որոնց համար օրենքով հիմքը կա: Հիմա դուք ուզում եք, որ այս իրողության մեջ, չունենալով անգամ իրավական հիմք, ես չեմ պատկերացնում, որ նա կարողանա առաջնորդել: Օրինակ՝ ասում են, ինքը կարող է արդարադատության ոլորտում ինչ-որ բան փոխել: Կներեք, դատավորը երբ մասնավոր բիզնես ունի, իրեն կկանչի ղեկավարությունը, կասի հարկայինը կմտնի քո ռեստորանը և այնպիսի տուգանքներ կգրի, որ դու կսնանկանաս: Մեր ամբողջ արդարադատության համակարգը անձ առ անձ թաթախված է կոռուպցիայի մեջ, դա ամենուր է: Եվ իրական լծակները մնում են վարչապետի ձեռքում: Ավելին ասեմ՝ մենք տեսնում ենք, որ ուժային շատ կառույցներ ընդհանրապես դուրս են գալիս կառավարության վերահսկողությունից և դառնում են վարչապետի ենթակայության տակ: Մենք դարձել ենք կուսակցապետություն, և ինչպես Սովետի ժամանակ կար սովետական համակարգ, բայց իշխում էր կուսակցությունը, նույնն էլ այս դեպքում է, իրեն նշանակում է կուսակցությունը, իրեն էլ հանելու է կուսակցությունը, իսկ ո՞վ է ղեկավարում այդ կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանը: Եվ Սերժ Սարգսյանը, անկախ նրանից՝ կլինի վարչապետ, թե ոչ, ինքն է ռեալ այս երկրի իշխանությունը:

– Շատերի գնահատմամբ՝ հենց նա էլ դառնալու է վարչապետ: Փորձագետները նշում են, որ խորհրդարանական համակարգի դեպքում արդեն շատ ավելի դժվար կլինի, իշխանության խմբերի միջև պայքարը կսրվի, բրգաձև համակարգը այլևս չի գործի: Հնարավո՞ր է՝ վերևից գան փոփոխությունները:

– Չեմ կարծում, թե դա հնարավոր է: Դրա համար առնվազն մենք պետք է տեսնեինք, որ կուսակցությունների ներսում կարևորագույն հարցերի շուրջ կա բանավեճ, և հատկապես ՀՀԿ ներսում, և դրանց շուրջ մտքերի բախում կա, բայց մենք դա չենք տեսնում: Այսօր Հանրապետական կուսակցությունն ավելի վատ է, քան Ստալինի ժամանակ բոլշևիկյան կուսակցությունը, որովհետև այն ժամանակ գոնե բոլշևիկյան կուսակցության մեջ կային մարդիկ, ովքեր համաձայն չէին Ստալինի հետ: Ճիշտ է, հետո դա վերջանում էր գնդակահարությամբ, բայց կային այդ մարդիկ, կար տեսակետների բախում, իսկ ՀՀԿ-ի մեջ չկա տեսակետների բախում, նույն նախագահի թեկնածության մասին ՀՀԿ ղեկավարությունից որևէ մեկը չգիտեր, մինչև ասաց Սերժ Սարգսյանը, որ դա Արմեն Սարգսյանն է, և բոլորը համաձայնեցին: Վստահեցնում եմ՝ եթե վաղը Սերժ Սարգսյանն ասի, որ Արմեն Սարգսյանը շատ վատն է, հայրենիքի դավաճան և թշնամի է, և պետք է երկրի նախագահ ընտրել մեր հարևան Վարդուշին, ՀՀԿ-ն նույն կերպ գովելու է, ասելու է՝ այո՛, Վարդուշն է ամենակարևորը: Եվ ցավոք սրտի, նման նախադրյալ չեմ տեսնում: Միակ խնդիրն այն է, որ պատերազմն անխուսափելի է դառնում, պատերազմը միշտ բերում է փոփոխություններ, անկախ նրանից՝ պատերազմը կլինի հաղթակա՞ն, թե՞ պարտվողական: Իսկ կարծես թե Ալիևը գնում է վա բանկ, որովհետև Ալիևն էլ հասկանում է, որ նավթի գների անկումը և նոր տեխնոլոգիաները Ադրբեջանի ձեռքից վերցնում են տնտեսական առաքելությունը, և ինքը պետք է այդ բանը փորձի, հետևաբար սպասենք զարգացումներին: