Զինված խմբի պարագլուխը կալանավայրում վիճել ու քաշքշել է իր խցակցին

10 total views, 1 views today

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատական նիստին, ի ուրախություն ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի՝  ներկայացել էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ հանրային պաշտպանի գրասենյակը նախկինում որոշում էր կայացրել այս գործով Վաղինակ Ստեփանյանի շահերը նախաքննությունից պաշտպանող Լյուդվիգ Ավետիսյանին՝ մեծ ծանրաբեռնվածության պատճառով, փոխարինել մեկ այլ հանրային պաշտպանով՝ Անժելիկա Հակոբյանով:

Ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանը երեք նիստ շարունակ պնդում էր, որ հրաժարվում է Անժելիկա Հակոբյանի ծառայություններից, ցանկանում է, որ իր շահերը շարունակի պաշտպանել Լյուդվիգ Ավետիսյանը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ ապա՝ միմիայն տղամարդ հանրային պաշտպան:

Հանրային պաշտպանի գրասենյակը, փաստորեն, չցանկանալով իրավիճակը անհարկի լարել, ընդառաջ է գնացել ամբաստանյալին ու հանրային պաշտպան Անժելիկա Հակոբյանին փոխարինել է Լյուդվիգ Ավետիսյանով:

Ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանը ամբողջ նիստի ընթացքում մի կուշտ զրուցեց վերջապես նորից իր կողքին նստած Լյուդվիգ Ավետիսյանի հետ՝ ամբողջ ժամանակ ժպտալով ու բարձր տրամադրությամբ:

Պաշտպանը ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը, համաձայն որի՝ Լյուդվիգ Ավետիսյանն այսուհետ այս գործով ներկայացնելու է ամբաստանյալներ Վաղինակ Ստեփանյանի ու Արթուր Եղիազարյանի շահերը:

Հանրային պաշտպանն ասաց, որ օբյեկտիվորեն՝ չափազանց մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ներկա պահին իր վարույթում կա…67 գործ…

Դատարանը վերջապես կարողացավ շարունակել անցած տարվանից ընդհատված՝ քրեական գործում առկա փաստաթղթերի հրապարակումն ու հետազոտումը:

Այս նիստին հրապարակվեցին ու հետազոտվեցին քրեական գործի 12 և 13-րդ հատորների նյութերը:

Երբ հրապարակվում էին հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի կողմից Նորք-Մարաշում վարձակալած առանձնատան խուզարկության մասին փաստաթղթերը, Արթուր Վարդանյանը հայտարարեց. «Բաներ կան, որ այդ տանն են եղել, բայց գոյություն չունեն՝ իմ ամուսնական մատանին, ժամացույցները, շորերը…»:

Նախագահողը նշեց՝ երբ հետազոտվեն բոլոր ապացույցները ու պարզվի, որ ամբաստանյալի թվարկածները չկան, դատարանը այդ հարցին կանդրադառնա:

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ կալանքի տակ գտնված Արթուր Վարդանյանի ու նույն կալանավայրի նույն խցում գտնվող կալանավոր Հակոբյանի միջև տեղի էին ունեցել  վեճ և քաշքշուկ: Միջամտել ու վեճը դադարեցրել էր ՔԿՀ աշխատակիցը: Նախապատրաստվել են նյութեր, Արթուր Վարդանյանը լրացուցիչ հարցաքննվել է:

Հրապարակվեց ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի առանձնատան, ավտոտնակի, վագոն-տնակի խուզարկության արձանագրությունը, համաձայն որի՝ խուզարկությունից առաջ Գառնիկ Մարգարյանը ներկայացրել է երկու որսորդական հրացան՝ առանց փամփուշտների: Գառնիկ Մարգարյանի տան խուզարկությամբ, բացի հիշյալ հրացաններից, առգրավվել է միայն դյուրակիր համակարգիչ: Գործին առնչվող կամ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր չեն հայտնաբերվել: Արձանագրության մեջ նշված է, որ առանձնատան մոտ գտնվող վագոն-տնակը Գառնիկ Մարգարյանի համար ծառայել է որպես աշխատասենյակ…

Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանիք վրա, որ Գառնիկ Մարգարյանի առանձնատանն ու ավտոտնակում խուզարկություն կատարելու որոշումն ընդունվել է 2016 թվականի հունվարի 13-ին, բայց Գառնիկ Մարգարյանին ներկայացվել է հունվարի 14-ով՝ սխալ թվագրված որոշում:

Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի տեսակցությունների ու հեռախոսակապի արգելքը՝ մերձավոր ազգականների հետ: Պարզվեց՝ այդ խնդիրը հուզում է կալանքի տակ գտնվող բոլոր ամբաստանյալներին: Դատարանը բոլորի մասով հանեց  միայն օրենքով նախատեսված մերձավոր ազգականների հետ տեսակցությունների ու հեռախոսակապի արգելքը:

Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հարցրեց. «Իսկ ընկերնե՞րը»: Մեկ այլ ամբաստանյալ հարցրեց. «Բա փեսանե՞րը»: Նախագահողը ժպտաց: Ընկերներն ու փեսաները օրենքով նախատեսված «մերձավոր ազգականների» ցուցակի մեջ չեն մտնում…

Հրապարակվեց «Հ1» հեռուստաընկերության պատասխան գրությունը՝ կապված քննչական խմբի ղեկավարի հարցման հետ: Գրության մեջ նշված էր, որ 2015 թվականի սեպտեմբերի 14 –ին, ժամը 18-ից մինչև ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում քննվող գործով անցնող Նելլի Մինասյանը, Մարինե Կաթանյանն ու Ասյա Մկրտչյանը գտնվել են «Հ1» հեռուստաընկերության տարածքում՝ նրանք մասնակցել են «Երգ երգոց» հաղորդման նկարահանումներին: Նրանց ուղեկցել է Տիգրան Բոյաջյանը: Նկարահանումներին մասնակցելու հարցով Նելլի Մինասյանը զանգահարել էր «Երգ երգոցի» ադմինիստրատոր Աստղիկին: Վերջինիս իրավասության մեջ չի մտնում՝ թույլ տալ կամ մերժել, նա միայն գրանցել է:

Գրության մեջ նշված էր, որ «Երգ երգոցի» հանդիսատեսը հեռուստաընկերության հիմնական տարածք մուտք չի գործում: Հիմնական տարածք մուտք գործող ցանկացած անձ պետք է անցնի հեռուստաընկերության հիմնական անցակետով:

Այս գրության հրապարակումից հետո պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ գրության մեջ սխալ է նշված, թե աղջիկներին ուղեկցել է Տիգրան Բոյաջյանը: Վերջինս աղջիկներին չի ուղեկցել, դա հետագա քննության ընթացքում պարզվել ու ճշտվել է, սակայն Տիգրան Բոյաջյանի կալանքի առաջին երկարացումը կատարվել է հենց այս հանգամանքը նկատի առնելով…

Հրապարակվեցին «Հ1»-ի նախկին աշխատակից, ներկայումս ամբաստանյալ Արման Հայրապետյանի վերաբերյալ դրական բնութագրեր՝ տրված բնակության վայրից ու այն դպրոցից, որտեղ նա սովորել է: Դպրոցական բնութագրում նշված էր, որ Արման Հայրապետյան-աշակերտը եղել է «սրտացավ ընկեր, բարի մարդ»…

Պաշտպան Հովիկ Արսենյանը հետաքրքրվեց այս գործից անջատված մասի քննության ընթացքով՝ ընթանո՞ւմ է, վերջացե՞լ է, քանի որ իր պաշտպանյալի տեսակցություններն ու հեռախոսակապը սահմանափակող որոշման հիմքերից մեկն էլ այդ անջատված մասով քննության կատարման հանգամանքն է:

Մեղադրողը պատասխանեց, որ  այս գործից անջատված մասով  նախաքննությունը շարունակվում է:

Այնուհետև պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ վատացել  է իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը, հարկավոր է շտապօգնություն հրավիրել:

Վերջերս մայրացած ամբաստանյալ Նելլի Մինասյանն էլ ասաց, որ երեխային կերակրելու ժամանակն է…

Դատարանը շտապօգնություն հրավիրեց Վահան Շիրխանյանի համար ու դատական նիստը հետաձգեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով: