«Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ չեն. ովքեր են Հայաստանում իրական քաղբանտարկյալները

12 total views, 1 views today

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ ՀՀ իշխանություններից պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ինչպես նաև պատշաճ գնահատական տալ Հայաստանում ժողովրդավարության հետընթացին եւ մարդու իրավունքների ոտնահարումներին։ «Քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը պետք է հանդիսանա գլխավոր եւ անքննելի նախապայմանը Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար»,- նշել են ՀԿ-ները։

Միևնույն ժամանակ ՀԿ-ները իրենց հաղորդագրության մեջ նշել են ԵԽԽՎ-ի այն չափանիշները, որոնցով անձը կարող է համարվել քաղբանտարկյալ։

Նշենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1900 բանաձեւով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական հանձնաժողովը տվել է «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանումը՝ ամրագրելով, որ իր անձնական ազատությունից զրկված անձը կարող է համարվել «քաղաքական բանտարկյալ», եթե՝

• անձն ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար իրավունքներից/ազատություններից որեւէ մեկի խախտմամբ, մասնավորապես՝ խղճի, մտքի, կրոնի, արտահայտման, տեղեկատվության, հավաքների, միավորումների ազատության,

• անձի ազատազրկումը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով՝ առանց որեւէ հանցանքի հետ առնչություն ունենալու,

• քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմանները հստակորեն անհամաչափ են այն հանցանքին, ինչի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է,

• քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ

• ազատազրկումը արդյունք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերեւույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ: Բանաձեւում նաեւ հստակորեն սահմանվում է, որ ահաբեկչական գործողությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղաքական բանտարկյալներ, եթե նրանք հետապնդվել եւ դատապարտվել են այդ հանցագործությունների համար ազգային օրենսդրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքերով՝ այս չափանիշներին համապատասխան Հայաստանում քաղբանտարկյալ կարող են համարվել բոլոր՝ քաղաքական հայացքների համար դատապարտված կամ կալանավորված անձինք, բացի «Սասնա ծռերից»։ «Սասնա ծռերի» անդամները, ովքեր զենքը ձեռքներին մասնակցել են ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը, ապա նրանք կարող են համարվել քաղբանտարկյալներ, բայց անմիջապես ազատ արձակման ենթակա չեն։ Մնացած բոլոր քաղբանտարկյալները անմիջապես ազատման ենթակա են»,- ասաց իրավապաշտպանը։

Նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ է համակարծիք, որ զենքի, քաղաքացիական կռվի գնացած անձինք չեն կարող համարվել քաղաքական կալանավորներ։ «Ես ընդհանրապես քաղքացիական կռվին դեմ եմ, բռնությանը, համաքաղաքացիների վրա բուլիժնիկ նետելուն դեմ եմ։ Կարծում եմ, որ չպետք է լինեն քաղաքացիական պատերազմի հերոսներ, իսկ մեր մոտ հիմա այդպիսիք կան։ Ես նրանց չեմ ճանաչում որպես հերոս։ Բոլոր նրանք, ովքեր բռնություն են կիրառում մեր նկատմամբ, ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ես չեմ հարգում, ես նրանց խղճի, քաղաքական հալածանքի զոհ չեմ համարում։ Լինի դա իշխանությունը, թե իշխանության ձգտողը։ Ես բռնությանը դեմ եմ։ Եվ եթե «Սասնա ծռերի» գործով անցնողների մեղքը ապացուցվի դատական կարգով, որ նրանք բուլիժնիկ են նետել համաքաղաքացիների վրա, ես կարծում եմ, որ արդեն հստակ հնարավոր կլինի ասել, որ նրանք քաղաքական հալածյալներ չեն։ Նրանք հեղափոխականներ են, իսկ իմ կողմից հեղափոխականները չեն հարգվում, նրանց չեմ աջակցում»,- ասաց Արշակյանը։

Առհասարակ, Արշակյանի խոսքերով՝ քաղբանտարկյալ տերմինը սահմանափակում է մեր հնարավորությունները։ Նրա խոսքերով՝ ավելի ճիշտ է ասել՝ խղճի կալանավորներ, բայց ոչ կրոնական կոնտեքստում, քանի որ շատ հավանական է, որ անձը հետապնդվի իր հասարակական գործունեության համար։ «Պետք է հարցը դնել այսպես, որ ՀՀ իշխանությունները հավատարիմ մնան մարդու իրավունքին և խղճի ազատության սկզբունքին։ Նման պարագայում մեզ համար ավելի պարզ կլինի, կիմանանք՝ ով ով է։ Այն անձինք, ովքեր այդ ցանկում չեն տեղավորվում, պետությունը նրանց անհապաղ պետք է ազատ արձակի, նրանցից ներողություն խնդրի և փոխհատուցում տրամադրի»։

Ազատ Արշակյանը խուսափեց անուններ նշել, թե այսօր ովքեր կարող են Հայաստանում քաղբանտարկյալ համարվել։ «Ես միշտ խուսափել եմ անուններ նշելուց։ Ես ինքս 4 անգամ դատվել եմ, որից 3-ի դեպքում ես արդարացվել եմ, և պետությունն ինձնից ներողություն է խնդրել։ Վերջինին դեռ սպասում եմ։ Քաղբանտարկյալների թիվը և անունները ես ստույգ չգիտեմ, բայց վստահում եմ իրավապաշտպան այն կազմակերպություններին, ովքեր այսօր ասում են, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ»,- նշեց Արշակյանը։