Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Արմեն Սարգսյանն անցավ գործի՞, թե՞ ընդունվեց աշխատանքի

19 total views, 1 views today

Նախօրեին ավարտվեց Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածության շուրջ ոդիսականը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ երկրորդ հանդիպմանը հայտարարեց, որ համաձայն է լինել նախագահի թեկնածու: Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ դա կլինի ազգային համերաշխության ընտրություն և խորհրդանիշ:

Ըստ էության, երկու Սարգսյանների փետրվարի 16-ի հանդիպումը ցույց տվեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե Հայաստանում իրապես պետության գլուխ նախագահի թեկնածու ընտրելու, այլ գործնականում Սերժ Սարգսյանի մոտ նախագահական աշխատանքի անցնող պաշտոնյա ընտրելու խնդրին: Ակնառու էր մի բան՝ Արմեն Սարգսյանը եկել էր Սերժ Սարգսյանի մոտ «աշխատանքի ընդունվելու»: Արմեն Սարգսյանը նույնիսկ բաց տեքստով հայտարարում էր, թե հույս ունի, որ հուսախաբ չի անի Սերժ Սարգսյանին: Մյուս կողմից՝ հարց է առաջանում իհարկե, թե արդյո՞ք որևէ մեկը սկզբունքորեն, իրական քաղաքականության ռեժիմում սպասում կամ պատկերացնում էր այլ բան: Սակայն այդ դեպքում ինչ ազգային համերաշխության խորհրդանիշի մասին կարող է լինել խոսքը:

Միևնույն ժամանակ, ինչքան էլ տարօրինակ չհնչի, այդուհանդերձ, Արմեն Սարգսյանի բուն խնդիրը՝ որպես իշխող համակարգում խաղի մեջ ներգրավվող նոր խաղացող, գործնականում դեռևս հանգուցալուծված չէ, և այստեղ առանցքային նշանակություն ունենալու է այն, թե Սարգսյանը որքանով է կարողանալու իրագործել իր, այսպես ասած, «նախընտրական» խոստում-հայտարարություններից մեկը, գուցե թե՝ առանցքայինը: Խոսքը Հայաստան խոշոր ներդրողների ներգրավման մասին է: Այստեղ է Սերժ Սարգսյանից Արմեն Սարգսյանի քաղաքական անկախության գործոնի «գաղտնիքը» կամ նախադրյալը և ընդհանրապես՝ Արմեն Սարգսյանի խաղային ներուժի, սուբյեկտության գրավականը:

Մեծ հաշվով, մոլորություն և ինքնախաբեություն է, իհարկե, պատկերացնել, որ չորրորդ նախագահը կարող է առաջադրվել և ընտրվել առանց Սերժ Սարգսյանի կամքի, աջակցության, առանց նրա, այսպես ասած, առաջնայնության շեշտադրման: Դա նույնիսկ կլիներ անիրական, կեղծ իրավիճակ: Բուն խնդիրն այն է, թե Արմեն Սարգսյանը հետագայում որքանով է կարողանալու Սարգսյանից անկախանալ իր տնտեսական ներուժն իրացնելու միջոցով, Հայաստան բերելով կապիտալ, որը նրան կտա հայաստանյան ներքին տնտեսաքաղաքական կյանքում տեսակարար կշռի ձևավորման հնարավորություններ:

Այստեղ, իհարկե, կա որոշակի տարածություն, որոշակի ծավալ, որում Արմեն Սարգսյանի հաջողությամբ շահագրգռված է լինելու նաև ինքը Սերժ Սարգսյանը, քանի որ Արմեն Սարգսյանի ընտրությամբ նա ակնհայտորեն փորձում է նաև ներքին խաղում ձևավորել հակակշիռների նոր բևեռ՝ մասնավորապես դրանով փորձելով իր համար մանևրի դաշտ ապահովել մի կողմից Կարեն և Սամվել Կարապետյաններ տանդեմի հետ հարաբերություններում, մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերություններում: Այս երկու ուղղությամբ էլ Սերժ Սարգսյանի առանցքային խնդիրն այն է, որ պարտվում է կապիտալի ռեսուրսով, և այդ կարևորագույն գործոնի մասով ստիպված է որոշակիորեն հաշվի նստել երկու թևերի հետ: Նոր խաղացողի, նոր ռեսուրսային սուբյեկտի ներգրավումով Սերժ Սարգսյանը քիչ թե շատ կընդլայնի այդ թևերի հետ իր մանևրի հնարավորությունը: Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանը անկասկած կանի հնարավորը թույլ տալու համար, որպեսզի Արմեն Սարգսյանն «անկախանա» իր ռեսուրսով: Այդ իմաստով Սարգսյանը մի կողմից դաշնակից է Սերժ Սարգսյանին կամ մեխանիզմ նրա համակարգում, մյուս կողմից՝ մրցակից նրա համար:

Այստեղ, իհարկե, շատ կարևոր է մի հանգամանք, որի մասին առիթ ունեցել ենք արտահայտվել այս օրերին Արմեն Սարգսյանի հանդիպումներին հետևելու ընթացքում: Կարևորագույն խնդիրներից մեկն այն է, թե Արմեն Սարգսյանն ինչպիսի տեսլական ունի Հայաստանում իր գործունեության մասով նախագահի պաշտոնը թողնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար: Այսինքն՝ Արմեն Սարգսյանը պատկերացնո՞ւմ է մասնակցություն Հայաստանի քաղաքական կյանքին դրանից հետո, թե՞ ոչ:

Խնդիրն այն է, որ Հայաստանում խնդիրները այնքան խորն են և տարածական, որ դրանց առնչությամբ դիրքորոշումն ու գործունեության թիրախները, վեկտորները չեն կարող ամբողջանալ և պարփակվել յոթնամյա ժամանակային կտրվածքում: Ըստ այդմ՝ շատ կարևոր է, թե նախագահի թեկնածուն կամ ապագա նախագահը ինչ է պատկերացնում յոթը տարի անց, այսինքն՝ նրա համար որքան է կարևոր հայաստանյան քաղաքականությունն ընդհանրապես: Թե՞ խոսքն իսկապես Սերժ Սարգսյանի մոտ աշխատանքի անցնելու՝ ազգային համերաշխության խորհրդանիշ աշխատելու մասին է, որի բուն առաքելությունը Սերժ Սարգսյանի վարչապետության լեգիտիմացում ապահովելն է:

Ի դեպ, այդ իմաստով ազգային համերաշխության խորհրդանիշի տեսանկյունից խիստ խորհրդանշական է, որ Սերժ Սարգսյանի հետ երկու հանդիպումներում և ընդհանրապես այլ հանդիպումների շարքում Արմեն Սարգսյանը որևէ անգամ չի շոշափել Սերժ Սարգսյանի հետնախագահական կարգավիճակի թեման: