ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հերթական հաղթանակը հայ մարդու նկատմամբ

8 total views, 1 views today

Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց, որ Դավիթաշենի կամրջից ցած են նետվել 37-ամյա մայրը և նրա 9-ամյա դուստրը: Երեկ Ազգային ժողովի Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները դեմ քվեարկեցին «Ելք» խմբակցության նախաձեռնությանը, որով առաջարկվում էր վերադառնալ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը գործող վառելիքից գանձվող ակցիզային հարկի դրույքաչափերին և փոքր-ինչ իջեցնել նվազ և միջին եկամուտ ունեցող քաղաքացիների աշխատավարձից գանձվող եկամտահարկի դրույքաչափերը: Այս երկու իրադարձությունները մենք չեն կապել իրար, դրանք իրար կապել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, երբ խոսելով գնաճից, ասում էր, որ 2011թ. Հայաստանում գնաճը եղել է 7 տոկոս, բայց դրանից որևէ մեկը չմահացավ: Արամյանի և իշխանության տրամաբանությունն այն է, որ քանի դեռ Հայաստանում մարդիկ սովից չեն մահանում, ամեն ինչ լավ է, նշանակում է, որ կառավարությունն էլ շատ լավ է աշխատում: Կամրջից նետված կինը հաստատ սոցիալական լավ վիճակից չէ, որ դիմել է նման ծայրահեղ քայլի, նա ուղղակի չի ցանկացել տեսնել, թե ինչպես է իր աչքի առաջ սովամահ լինում իր երեխան: Չնայած չի բացառվում, որ իշխանություններն այս կնոջը հոգեկան հիվանդ հռչակեն: Բայց դա էլ արդարացում չի և չի փրկում իրավիճակը, որովհետև իրենց կառավարած երկրում նման հիվանդների թիվն ավելանում է ժամ առ ժամ:

Երիտասարդ կնոջ և նրա դստեր ողբերգական մահվան լուրն ու Ազգային ժողովի քվեարկությունը համընկան նաև ժամային կտրվածքով: Մինչ այդ կինը մտադրվում էր ինքնասպանություն գործել ու սպանել իր դստերը, Հանրապետական խմբակցության պատգամավորները ԱԺ ամբիոնից հայ հասարակությանը բացատրում էին, որ Հայաստանում ԱՊՀ տարածքում ամենափոքր գնաճն է՝ ընդամենը 2․6 տոկոս, որ Հայաստանում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերն են՝ 6․5 տոկոս, որ Հայաստանը զարգանում է այնպիսի արագությամբ, որ նրան հասնել ուղղակի հնարավոր չի: Այն պահին, երբ երիտասարդ մայրը պատրաստվում էր նետվել կամրջից, Հայաստանի ֆինանսների փոխնախարարներ Վախթանգ Միրումյանը և Դավիթ Անանյանը բացատրում էին, որ Հայաստանում ակցիզային դրոշմապիտակները հունվարի 1-ից տրամադրվում են անվճար, և դրա արդյունքում բիզնես միջավայրը երկրում էականորեն բարելավվել է, իսկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը բացատրում էր, որ պետք է պայքարել ոչ թե գնաճի, այլ մարդկանց եկամուտների ավելացման օգտին, իսկ դա հնարավոր է միայն արտադրողականության աճի միջոցով: Նրանք բոլորը միասին բացատրում էին, որ այդ փոփոխությունների արդյունքում քաղաքացիների եկամուտների աճը կլինի շատ չնչին, ընդամենը մի քանի հազար դրամ, իսկ դա ինչ է որ: Հայաստանի իշխանությունները տարեցտարի եկամուտների աճ է գրանցում, և հարց է առաջանում, արդյո՞ք դա ինչ-որ կապ ունի նրանց արտադրողականության աճի հետ, կամ այդ ի՞նչ են նրանք արտադրում, որ մի հատ էլ աճում է:

Երբ հայտարարվեցին քվեարկության արդյունքները, և ցուցատախտակի վրա երևաց, որ գնաճը փոքր-ինչ մեղմող օրինագծին դեմ է քվեարկել 38 հանրապետական և դաշնակցական պատգամավոր, իսկ կողմ՝ ընդամենը 35 «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, հանրապետականները և դաշնակցականները հաղթական տեսքով ոտքի կանգնեցին: Իսկապես նրանք հաղթել են, հաղթել են ոչ միայն երեկ կամրջից ցած նետված կնոջն ու նրա դստերը, այլ բոլոր նրանց, ում արտադրողականությունը, ի տարբերություն իրենց, չի աճում: Ամեն նման մի նոր դեպքով հանրապետականների ու դաշնակցականների Հաղթանակը ավելի կամրապնդվի, իսկ Առաջընթացն ավելի համոզիչ կդառնա: