Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Առաջինը` ոչ Առաջինի կարգավիճակում

32 total views, 1 views today

Նույնիսկ 1991-ի հոկտեմբերի 16-ի նախագահական առաջին ընտրությունները, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, մրցակցությունից դուրս էր, ուղեկցվեցին բուռն քարոզարշավով և նույնիսկ փոքր հետընտրական ցույցով, որովհետև Պարույր Հայրիկյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ պնդում էին, թե սահմանամերձ Պառավաքար գյուղում գրանցված աննշան մի միջադեպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Հայաստանի հետագա բոլոր նախագահական ընտրությունները նույնացել են իշխանության ձևավորման հետ և աղմկոտ են եղել` 2008-ին նույնիսկ հանգեցնելով զոհերի: Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության ելքը կանխորոշվել է դեռ հունվարի 19-ին, երբ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում առաջադրվելու առաջարկություն արեց Արմեն Սարգսյանին: Նա մարտի 2-ին կդառնա Հայաստանի առաջին նախագահը, ով կարգավիճակով առաջինը չի լինելու պետական համակարգում: Արմեն Սարգսյանը նաև առաջին նախագահն է, ով ընտրվելու է ոչ թե հասարակության, այլ` խորհրդարանի կողմից, առանց մրցակիցների:

Մարտի 2-ին խորհրդարանի շենքի մոտ չեն հավաքվի ոչ Արմեն Սարգսյանի կողմնակիցները, ոչ էլ` ընդդիմախոսները, նրա ընտրությունը չի ոգևորի, ոչ էլ` կհիասթափեցնի հասարակությանը: Սերժ Սարգսյանի նշած ազգային համերաշխությունը միֆ է, որովհետև հանգելու է ընդամենը պատգամավորների համերաշխ քվեարկությանը` հասարակության անտարբերության ֆոնին: Սակայն Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունը ուշագրավ է հատկապես բովանդակային համատեքստում: Արմեն Սարգսյանը Հայաստանի առաջին նախագահն է լինելու, որին այդ պաշտոնին բերելու է ոչ թե քաղաքական գործընթացն, այլ` մեկ մարդու ցանկությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը համազգային շարժման հետևանք էր, Ռոբերտ Քոչարյանինը` իշխանության տոտալ ճգնաժամի և ԼՂ խնդրով պայմանավորված` էլիտայի երկփեղկման, Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեխը դարձավ Տեր-Պետրոսյանի «քիրվայությունը» կանխելը: Արմեն Սարգսյանը հրապարակային քաղաքական առաքելություն չունի, տեսանելի չէ այն լեգալ կամ ներհամակարգային գործընթացը, որը նրան Լոնդոնի դեսպանի կաբինետից տեղափոխելու է Երևան` Մատենադարանի հարևանությամբ գտնվող նախագահական նոր նստավայր:

Առաջին անգամ հասարակությունը տեղեկացված չէ իր ապագա նախագահի քաղաքական դիրքորոշումներին: Անցած մեկ ամսվա ընթացքում Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ամենակենսական` ԼՂ խնդրի մասին հրապարակավ խոսել է երկու անգամ: Լրագրողների հետ ճեպազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, թե Արցախում մենք գտանք կամ վերագտանք մեր ազգային հպարտությունը:

Համաձայնեք` նման շաբլոն ձևակերպումներ, առանց մեծ դժվարության, կարող է տալ անգամ մոռացության դատապարտված Տիգրան Կարապետիչը: Մարտի 2-ին մեզ իսկապես սպասվում է ազգային համերաշխության հետաքրքիր դրսևորում, սակայն` ոչ թե նոր նախագահի կամ նրա ծրագրի, այլ` Սերժ Սարգսյանի որոշման շուրջ:

 

Լուսանկարը՝ Photolure-ի