Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

ԱՄՆ զեկույցը նորություն չէ․ Պատերազմի վտանգն ամեն րոպե կա

32 total views, 1 views today

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

-Պարոն Սասունյան, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի հրապարակած զեկույցը, որտեղ նշվում է, որ 2018-ին Ղարաբաղում կարող է սկսվել նոր լայնամասշտաբ պատերազմ: Արդյոք ունե՞ք անհամաձայնություն զեկույցում տեղ գտած գնահատականների հետ, մասնավորապես այն, որ 2 կողմերի մոտ զիջումների գնալու ցանկության բացակայություն կա:

-Իմ կարծիքով՝ ԱՄՆ կառավարության այս զեկույցը ոչ մի նորություն չի պարունակում: Ադրբեջանն անընդհատ սպառնում է հարձակվել և գրավել Արցախը, և պատերազմի վտանգն ամեն րոպե կա: Եվ զարմանալի չէ, որ ամերիկացիները, եվրոպացիները, կամ որևէ մեկը, որ մի քիչ գաղափար ունի Արցախի վիճակից, այդպիսի եզրակացության հանգի: Եվ ես սա համարում եմ շատ նորմալ:

-Արդյոք զեկույցում փորձ չի արվո՞ւմ հավասարության նշան դնել կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

-Անշուշտ, մենք տեսնում ենք, որ միջնորդ երեք երկրներն անընդհատ հավասարության նշան են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, մանավանդ որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը հարձակվում է, և մենք զոհ ենք ունենում, Մինսկի խմբի միջնորդները մեղադրում են երկու կողմերին էլ: Նրանք չեն ուզում կողմ բռնել և ուզում են չեզոք մնալ, որպեսզի կարողանան իրենց աշխատանքը, որպես չեզոք միջնորդներ, առաջ տանել: Բայց, անշուշտ, սա մեզ համար ցավալի է, քանի որ իրենք ճշմարտությունը չասելով, մեղավոր կողմին չմեղադրելով՝ քաջալերում են հարձակվող կողմին՝ Ադրբեջանը շարունակի հարձակումները:

-Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում կհայտնվի: Ինչպե՞ս եք գնահատում, արդյո՞ք սա մեծ հարված չէ Հայաստանին:

-Ես հստակ չեմ իմանում, եթե այսպիսի պատժամիջոցներ կարող են գործադրվել, բայց եթե գործադրվեն, սա միայն Հայաստանի պրոբլեմը չէ: Ինչպես բոլորս գիտենք, Ադրբեջանը շատ ավելի մեծ գումարներով և մեծ քանակությամբ ռուսական ամենաարդիական զենքն է ձեռք բերում և, նախ և առաջ, Ադրբեջանը պետք է ենթակա լիներ նման պատժամիջոցների, և հետո նոր Հայաստանը, եթե նման պատժամիջոցներ գործադրվեն:

-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի 2019 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ իր առաջարկները, որոնք ենթադրում են արմատական կրճատումներ, մասնավորապես Հայաստանի մասով առաջարկում է 2019 ֆինանսական տարում 324 մլն դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել: Տարածաշրջանում ամենամեծ օգնությունը 25 միլիոն դոլարի չափով կստանա Վրաստանը: Սա չի փաստում արդյո՞ք, որ հայ-ամերիկյան օրակարգ այսօր չկա:

Ամերիկայի կառավարության մեջ բյուջեի պրոցեսը հետևյալն է. ամեն տարի բոլոր երկրների համար առաջարկվում է մի գումար, հետո բյուջեի առաջարկը գնում է Կոնգրես, և Կոնգրեսը, Ներկայացուցչական տունը և Սենատը որոշում են վերջնական գումարի չափը, թե որքան պետք է ստանա այս կամ այն երկիրը: Եվ տարիներ ի վեր, ոչ միայն նախագահ Թրամփի պարագայում, այլ նաև նախկին նախագահների ժամանակ էլ նախագահները առաջարկել են Հայաստանի համար ավելի փոքր գումար, հետո Կոնգրեսի հայության աջակացիների օգնությամբ մեզ հաջողվել է այդ գումարները բարձրացնել: Եվ Թրամփի առաջարկը վերջնական գումարը չէ, սա առաջարկ է, ոչ թե որոշում: Հաջորդ շաբաթների ընթացքում, երբ այդ գումարը ներկայացվի Կոնգրես, տեսնենք՝ Ներկայացուցչական տունը և Սենատը ինչ կորոշեն, և հուսանք՝ մեզ մեկ անգամ ևս կհաջողվի այդ գումարը բարձրացնել: Երբ նախագահ դարձավ Թրամփը, առաջին օրվանից սկսեց խոսել այն մասին, որ օտար երկրներին տրվող գումարները կրճատեն, որ շատ խանդավառ չէ օտար երկրներին փող տալ, ուզում է այդ փողերը Ամերիկայի մեջ գործածել: Եվ չեմ զարմանում, որ նախագահը այդ խոսքի վրա կրճատում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ երկրների օգնությունը: Հայաստանի գումարը չնչին գումար է, որը չի ազդում բյուջեի վրա, բայց կան ուրիշ երկրներ, որ հարյուրավոր միլիոններ են ստանում, իրենք էլ, մեծ մասը, քիչ գումար են ստանալու: Բայց Թրամփը և իր վարչակազմը կոպիտ սխալ են անում, այն է, որ երբ ԱՄՆ-ը փող է տալիս օտար երկրներին, դա պետք չէ, որ Թրամփը նայի որպես օտար երկրների օգնություն, ԱՄՆ-ն այդ գումարը տալով, քաջալերում է, որ այդ երկրներն ավելի լավ հարաբերություններ մշակեն ԱՄՆ-ի հետ, և այդ գումարները ոչ միայն օտար երկրի շահն են, այլ նաև ԱՄՆ-ի շահն են, որ սիրաշահում են այդ երկրներին, և եթե այդ գումարները չտան, հարաբերությունները կվատթարանան այդ երկրների միջև և նույնիսկ ԱՄՆ, որ գերհզոր պետություն է, միշտ ունի դաշնակիցների կարիք աշխարհի չորս կողմերում:

-Հայ-ամերիկյան առանց օրակարգի հարաբերություններն ինչի՞ մասին են խոսում: Արդյո՞ք սա չի փաստում, որ հայկական լոբբին չի կարողացել ճիշտ աշխատել: Մյուս կողմից էլ Հայաստանը ռուսական ուղղությամբ է տարել վերջին տարիներին:

-Համամիտ չեմ, որ Ամերիկայի լոբբին լավ չի աշխատել, Ամերիկայի լոբբին շատ բան է անում, ամեն օր աշխատում է փոքր միջոցներով ոչ միայն ամերիկյան կառավարության զանզան որոշումների դեմ, այլ նաև հսկայական թուրքական և ազերիական լոբբիների դեմ, որոնք ստանում են միլիոնավոր դոլարներ: Եվ իրենք օգնում են Հայաստանին թե՛ օժանդակությամբ, թե՛ տնտեսական հարցերով, թե՛ Արցախի բանակցությունների հարցերով, հանդիպումներ են ունենում պետքարտուղարության, Սպիտակ տան ներկայացուցիչների հետ, Կոնգրեսի անդամների հետ կապի մեջ են: Բայց մյուս կողմից, մենք չպետք է մտածենք, որ եթե ունենք Հայ դատի հանձնախումբ, ուրեմն կարող ենք ԱՄՆ բոլոր որոշումները փոխել: Եվ չի կարող փոքր հայ համայնքը ԱՄՆ որոշումները փոխել: Օրինակ՝ եթե վաղը մենք պահանջենք, որ մենք Արևմտյան Հայաստանի հողերն են ուզում, որքան էլ լոբբի անենք, մենք շանս չունենք, որ կարող ենք այդ հողերը լոբբիի միջոցով հետ վերցնել: Բայց, օրինակ, երկկողմանի հարկերի վերացման հետ կապված, ի նպաստ հայկական կողմի, հարցը կլուծվի: Անցյալում շատ բաներ ենք արել, չենք կարող ասել, որ մեր ճնշումները անօգուտ են, և ոչ էլ կարող ենք ասել, որ մեր ուզածը կարողանում ենք անել Ամերիկայի մեջ:

-Հայաստանը որքանո՞վ է պատճառների մեջ մեղավոր: Տեսակետ կա, որ տնտեսության կառուցվածքի, տնտեսական հարաբերությունների որակի, կոռումպացվածության մեջ է պատճառը այսպիսի հարաբերությունների համար:

-Կոնգրեսի մեջ որոշ մարդիկ, որ ավելի պահպանողական են և Հանրապետական կուսակցությանն են պատկանում, իրենք միշտ դժգոհ են, որ Հայաստանն ավելի ռուսամետ է և ոչ թե ամերիկամետ: Եվ եթե հայկական համայնքը այսքան աշխույժ չլիներ, հավանաբար Հայաստանը ավելի քիչ բան կստանար ամերիկյան Կոնգրեսից: Եվ այն, ինչ ստանում է Հայաստանի կառավարությունը, ստանում է հայ համայնքի շնորհիվ: Եվ լավ է, որ ունենք հսկա համայնք, որ բավականին աշխույժ է և կարողանում է որոշ հարցերով ազդել ամերիկյան կառավարության վրա, բայց ճիշտ է, որ Կոնգրեսի մեջ կա պահպանողական մի շրջանակ, որ ուրախ չէ, որ Հայաստանն ունի ռուսական բազա, զինվորներ, ԵԱՏՄ անդամ է և ունի ռուսամետ քաղաքականություն: Բայց նրանք, ովքեր մասնագետ են, հասկանում են, որ Հայաստանը շատ տարբեր ընտրություն չի կարող անել, պարտավոր է ռուսամետ լինել, Ամերիկան չէ, որ պետք է Հայաստանին օգնության հասնի մեկ օր, երբ, Աստված մի արասցե, պատերազմ լինի Ադրբեջանի, կամ ավելի վատ՝ Թուրքիայի հետ: Անշուշտ, մենք ուզում ենք, որ լիովին անկախ լինենք և ոչ մեկից պարտավոր չլինենք, բայց փոքր երկրները պարտավոր են ավելի մեծ երկրների: Մենք երկար տարիների կապ ունենք Ռուսաստանի հետ: Մենք այլ տարբերակ չունենք:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի