Ֆուտբոլի ժամանակը․ Հայ գործարարների հակամարտությունը խաղադաշտում․․․

11 total views, 1 views today

Դեռևս անցյալ տարի հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մտադիր է մեր երկրում երկու ֆուտբոլային ակումբ հիմնել: Տարեսկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ Կարապետյանը Հայաստանում արդեն ունի ֆուտբոլային ակումբ, որը հաջորդ մրցաշրջանում ելույթ կունենա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ավան Ակադեմիա» թիմը վերանվանվել է «Արարատ Մոսկվա»:

Կարապետյանին է պատկանում նաև Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկավ Մոսկվայի «Արարատը», որն ակտիվորեն նախապատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին: Այս պահին արդեն իսկ ունենք 9 թիմեր, որոնք գալիք մրցաշրջանում ելույթ են ունենալու Բարձրագույն խմբի առաջնությունում: Խոսքը Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 6 թիմերի մասին է՝ գումարած Վանաձորի «Լոռին», Երևանի «Արցախն» ու «Արարատ Մոսկվան»: Եկող տարի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու հավակնություններ ունի նաև Երևանի «Էրեբունին»: Վերջին օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ միանգամից 2 թիմով պատրաստվում է հայկական ֆուտբոլ մուտք գործել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով թիմերից մեկը կկրի Երևանի «Լոկոմոտիվ», իսկ մյուսը՝ Աբովյանի «Կոտայք» անունը: Վերջինս հանդես կգա Աբովյանի Քաղաքային մարզադաշտում: Նշվում է նար, որ Ծառուկյանը ծրագրել է, որ «Լոկոմոտիվը» գալիք մրցաշրջանում հանդես գա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ «Կոտայքը»՝ առաջին լիգայում: Մոտ ժամանակներս թիմերը կկազմավորվեն և կսկսեն մարզումները: Նշենք, որ Ծառուկյանը պատրաստվում է ներդրումներ անել նախկին «Միկա» մարզաբազայում, որն այժմ պատկանում է ՀՀ Սպորտի նախարարությանը: Շրջադարձային այս փուլը բնականաբար կմեծացնի ֆուտբոլի դերը մեր երկրում: Նկատենք, որ հայաստանյան գրեթե բոլոր թիմերը պատկանում են գործարարների: 6 թիմերի պարագայում բնականաբար չէր կարող լուրջ մրցակցություն լինել քանզի առաջնությունն ուներ մոտիվացիայի պակաս և կանգնած էր ճահճանալու վտանգի առաջ: 10 թիմերի դեպքում մրցաշարը ոչ միայն հետաքրքրություն կառաջացնի մարզասերների շրջանում այլևս կվերածվի յուօրինակ մի մրցավազքի: Ավելի ստույգ կանաչ դաշտում ականատեսը կլինենք գործարարների մարզական հակամարտության: Խոսվում էր, որ Սամվել Կարապետյանը մտադիր է երկու ակումբներում 10-ական միլիոն դոլար ներդնել և պայքար մղել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգրի համար: Եթե իսկապես կատավի նման չափի ներդրում ապա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մակարդակը կամա թե ակամա կբարձրանա: Տրամաբանական կլինի, որ մյուս թիմերի ղեկավարները ևս լուրջ քայլեր ձեռնարկեն մրցակցությունից դուրս չմնալու համար:

Վերջին օրերին բավական լուրջ համալրումներ ունեցավ Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը»: Մասնավորապես այս թիմի հետ պայմանագիր կնքեցին մոտ 10 նոր ֆուտբոլիստների հետ: Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում փետրվարի 15-ին «Ալաշկերտը» երկու տարբեր կազմերով երկու ընկերական հանդիպում էր անցկացրել: 2:1 հաշվով դանիական «Նաեսբի Բոլդկլուբի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի չեմպիոնը մրցել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» հետ: Ի դեպ, «Ալաշկերտը» կարելի է ասել ոչ լիարժեք կազմով հավասար պայքար էր մղել «Ամկարի» հետ ինչը նշանակում է, որ այսօր մեր երկում արդեն իսկ առկա է բոլորովին նոր որակի թիմ: «Ալաշկերտից» չի ցանկանում ետ մնալ նաև «Գանձասար-Կապանը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում և փորձարկում է բազմաթիվ նոր ֆուտբոլիստների: Ընկերական խաղում կապանյան թիմին հաջողվել էր հաղթել լեհական «Ռուխին»: Կազմերը լրջորեն համարում են նաև բարձրագույն խմբի մյուս թիմերը «Շիրակը», «Բանանցը», «Արարատը»: Ձմեռային դադարի ընթացքում մեծ թվով լեգեոներներով են համալրվել Բարձրագույն խմբի առաջնությանը նախապատրաստվող «Արցախն» ու «Լոռին», որոնք ելույթ են ունենում առաջին դիվիզիոնում: Արդեն իսկ կարելի է փաստել, որը հայկական ֆուտբոլում սկսվել է բավական հետաքրքիր և դրական մի պրոցես: Վստահ ենք, որ ամիսներ անց այս գործընթացն ավելի լայն թափ է ստանալու: «Արարատ Մոսկվայի» և «Լոկոմոտիվի» հնարավոր մուտքը բարձրագույն կստեղծի նոր իրավիճակ:

Նշենք, որ հարևան Ադրբեջանում որտեղ լուրջ ներդրումներ են կատարվում ֆուտբոլում գոյություն ունի թիմերի սակավության խնդիր: Ադրբեջանի բարձրագույն լիգայում ելույթ են ունենում 8 թիմեր: