Փաստաբանների պալատի նախագահի քայլը պատվաբեր չէ և իմիտացիոն բնույթ ունի

15 total views, 1 views today

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն օրերս նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով չստորագրել դատարանի կողմից փաստաբաններին տուգանքի ենթարկելու դրույթ պարունակող երեք օրինագծերը։

Ավելի վաղ Փաստաբանների պալատի նախագահի կողմից հայտարարվել էր նաև գործադուլի մասին, ինչը, սակայն չեղարկվեց։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում Արա Զոհրաբյանի այս քայլն ի՞նչ օգտակար գործողության գործակից կարող է ունենալ, փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանեց․

«Այս քայլն ավելի շատ վնասարար է և չի կարող որևէ արդյունք տալ։ Մենք չենք համարում, որ սա արդյունավետ պաշտպանության միջոց կամ, առհասարակ, որևէ հեռանկար ունեցող գործողություն է և այդ ամբողջ բողոքի ակցիան ըստ իս՝ ավելի շատ իմիտացիոն բնույթ է կրել, որովհետև փաստաբանական համայնքի համար մեղմ ասած հեղինակավոր չէ այսպիսի կցկտուր, լիարժեք չտրամաբանված, լուրջ ռազմավարական գիծ չունեցող ենթադրյալ «պայքարները» և սա բացարձակ պատվաբեր չէ Փաստաբանների պալատի համար»։

Այս ամենից բացի, Տիգրան Եգորյանը նաև կարծում է, որ Սերժ Սարգսյանին դիմելու գործընթացը բավարար չափով թափանցիկություն չի ունեցել և լիարժեք չի տրամաբանվել, հետևաբար, նրա խոսքերով, սա ոչ մի արդյունք չի տալու և այդ օրինագծերը չեղարկելու հետ կապված չկան նաև ակնկալիքներ Սերժ Սարգսյանից։

«Տարբեր աղմկահարույց գործերով, թիրախային գործերով իշխանությունների համար ոչ հաճելի և ըմբոստ կեցվածք ունեցող փաստաբանների նկատմամբ տարբեր հետպնդումները ցույց են տալիս, որ իշխանությունները շատ ավելի խորն են ներթափանցել այս պրոցեսներում և շատ ավելի լուրջ գործողություններ են նախաձեռնել, քան միայն 100 հազար դրամ սանկցիա կիրառելը , ինչը նաև երևում է արդարադատության նախարարի հրապարակած այն առաջարկից, համաձայն որի նաև փաստաբանների մասին օրենքում են նախատեսում փոփոխություններ իրականացնել»,-ընդգծեց Եգորյանը։

Վերջինիս համոզմամբ, այսօր պետության՝ ի դեմս այսօրվա իշխանությունների կողմից շատ լուրջ արշավ է իրականացվում ընդդեմ փաստաբանների, ինչը չի կարող հաղթահարվել Փաստաբանների պալատի կողմից ձեռնարկված նման միջոցներով։

«Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ հնարավոր է այս միջոցներով հաղթահարել այդ արշավը, ապա նրանք իրավունք չունեն նման մեծության ու լրջության կառույցներ, համայնքներ կամ շարժումներ ղեկավարելու»,-հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը նախորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական և Քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխությունները, և Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։ Այս երեք փաստաթղթերում էլ տեղ են գտել դատավարության մասնակցի, այդ թվում և փաստաբանի նկատմամբ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու մասին դրույթները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։