Թեղուտում տեղի ունեցածը բնապահպանական լրջագույն աղետ է. «Վալեքս»-ը պետք է պատասխանատվություն կրի

23 total views, 1 views today

«Երբ նոր էին սկսվել Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկումները, մենք՝ էկոլոգներով, գիտաժողով կազմակերպեցինք և բոլոր փորձագետները, տնտեսագետները, էկոլոգները , կենսաբանները միաբերան տվեցին բացասական եզրակացություն այս հանքի շահագործման համար՝ շեշտելով, որ դրա բացասական հետևանքներն ավելի շատ են լինելու, քան ստացված տնտեսական օգուտները և ոլորտ առ ոլորտ հիմնավորումներ էին ներկայացվել , սակայն՝ ապարդյուն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։

Վերջինս նաև հավելեց․ «Այն, ինչի մասին այն ժամանակ բոլոր մասնագետներն ահազանգում էին, որ այդ տարածքի ջրային և հողային ռեսուրսներին մեծ և լրջագույն վնաս է պատճառվելու՝ այսօր, փաստորեն, իրականացավ և ըստ էության այսօր այդտեղի մարդիկ չեն կարող վերականգնել նաև իրենց այգիները, քանի որ այդ այգիներն արդեն աղտոտված են ծանր մետաղներով և տարբեր տեսակի այլ թունավոր նյութերով և հիմա այդտեղ գյուղատնտեսական ապրանքներ էլ չեն կարող աճեցնել։

Ժամանակին այդտեղի բնակիչներն իրենց գյուղատնտեսական արտադրանքը տանում էին Սադախլո և վաճառում էին, սակայն հետո չգիտես ինչպես նրանց այլևս արգելվեց դա անել և կարծես դա հատուկ արվեց՝ հենց նրա համար, որպեսզի այդ մարդիկ համաձայնեն , որ այդ հանքը սկսի շահագործվել․ հիմա ինչպես տեսնում ենք այդ մարդկանց սոցիալական խնդիրներն էլ չեն լուծվել , այլ հակառակը և մարդիկ մնացել են առանց եկամտի աղբյուրի և փաստորեն, արտագաղթի մի նոր խթան ունեցանք»։

Այն, ինչ տեղի ունեցավ Թեղուտում մի քանի օր առաջ ըստ Կարինե Դանիելյանի՝ բնապահպանական լրջագույն աղետ է, որի պատասխանատվությունը պետք է առաջին հերթին կրի հենց «Վալեքս» ընկերությունը, ինչպես նաև այն բոլոր լիազոր մարմինները, որոնք տվել էին այդ հանքի շահագործման թույլտվություն և չեն իրականացրել նաև վերահսկողություն։

Հիշեցնենք, որ հայտարարություն է տարածել Թեղուտի հանքավայրի սեփականատեր «Վալեքս» ընկերությունը, որում նշվում է, որ հանքավայրում ներգրավված 1190 աշխատողներից կմնա միայն 300-ը։ «Վալեքս»-ը հայտարարում է, որ նրանցից հատկապես բարձր որակավորում ունեցող 200-ին կտեղափոխեն ընկերության սեփականություն հանդիսացող այլ հանքավայրեր՝ աշխատանքի համար:

Նշենք նաև, որ «Վալեքս»-ը Թեղուտի վերաբերյալ օրերս նաև մեկ այլ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ դադարեցնում է հանքավայրի աշխատանքը: Հայտարարության մեջ նշվում էր, որ ընկերությունն ունի տեխնիկա-տեխնոլոգիական, գիտական աջակցության կարիք՝ թե Հայաստանից, թե արտերկրից, իր առաջ դրված խնդիրները լուծելու և աշխատանքը արդյունավետ շարունակելու, արդյունավետությունը բարձրացնելու և վարկը վերադարձնելու համար:

Նկատենք, որ Թեղուտի խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ Դանիայի կենսաթոշակային մասնավոր ֆոնդը նախորդ տարի հոկտեմբերին դադարեցրեց Թեղուտի ֆինանսավորումը, որի պատճառ դարձան դանիացի լրագրողների հրապարակումներն այն մասին, որ Թեղուտի շահագործումը տեղի է ունենում բնապահպանական կոպիտ խախտումներով:

Մանրամասները՝ տեսանյութում։