Թուրքիան գնալով ավելի վտանգավոր է դառնում ամբողջ տարածաշրջանի համար. Հայաստանը պետք է զգոն լինի

12 total views, 1 views today

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն իրական փորձության կենթարկվեն Մամբիջի հետ կապված իրադարձությունների զարգացման ֆոնին՝ այս համատեքստում հիշեցնելով պաշտոնական Անկարայի այն հայտարարությունները, թե Թուրքիայի հաջորդ թիրախը լինելու է հենց Մամբիջը։
«Ակնհայտ է, որ Թուրքիան չի կարող Մամբիջի ուղղությամբ հարձակում կազմակերպել, որովհետև այնտեղ տեղակայված է ամերիկյան զորքը և ԱՄՆ-ն չի պատրաստվում իր զորքը դուրս բերել այնտեղից։ Մամբիջը հենց այն կարմիր թելն է, որը կարծում եմ Թուրքիան չի անցնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքիայի անվտանգության ապահովումը կապված է ՆԱՏՕ-ի հետ և ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան այնքան հեռու չի գնա, որ հրաժարվի դրանից։

«Ես դեռևս չեմ տեսնում որևէ լուրջ նախանշան, որ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները ռազմավարական առումով լրջորեն վտանգված լինեն․ Թուրքիան դեռ մնում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր և ոչ մի ցանկություն չունի ՆԱՏՕ-ից դուրս գալու և Թուրքիան ու ԱՄՆ-ն շարունակում են դաշնակիցներ լինել, այսինքն այս առումով լուրջ սպառնալիք դեռ չեմ տեսնում»,-ասաց թուրքագետը։

Փետրվարի 13-ին Անկարայում` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկացիները շարունակում են անտեսել այն հանգամանքը, որ քրդական ուժերի մի զգալի մասը կազմված է ահաբեկչական ճանաչված կառույցների զինյալներից։

«Այն մարդիկ, որոնք կանգնում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողքին, իսկ հետո հայտարարում են, թե որևէ նշույլ չկա, որ նրանք այդ կառույցի անդամներ են, կամ մոլորության մեջ են, կամ կույր են, կամ էլ` հիմար: Ես շատ հստակորեն կարող եմ ասել՝ ովքեր պնդում են, թե մեր հարվածներին ի պատասխան կարող են ագրեսիվ գործողությունների դիմել, երբեք չեն զգացել օսմանյան ապտակի ուժգնությունը»,-մասնավորապես ասել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով Էրդողանի այս հայտարարությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց․ «ԱՄՆ-ի հետ հարաբերություններում այն հռետորաբանությունը, որն օգտագործում է Էրդողանը մասնավորապես այդ Օսմանյան կայսրության միֆը՝ դա նորություն չէ․ Էրդողանը հայտնի է իր անզուսպ հռետորաբանական հայտարարություններով՝ և ԱՄՆ-ի նկատմամբ և Գերմանիայի նկատմամբ, այնպես որ կարծում եմ, որ Թուրքիայի արևմտյան դաշնակիցներն այս հռետորաբանության հետ ընտելացել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։