Նամակ Սերժ Սարգսյանին․ Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»

15 total views, 1 views today

«Ամբողջ պլանը գծված է, սցենարն էլ գրված։ Այսպիսի անարդարություն, այսպիսի բացահայտ լկտիություն ես ոչ մի երկրում չեմ տեսել։ Ես ուղղակի ապշած եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, որն այս օրերին Հայաստանում էր և մասնակցում է եղբոր սպանության գործով դատական նիստերին։

Նշենք, որ փետրվարի 16-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ, Մանուկ Սիմոնյանի կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ նշելով, որ Ռուզաննա Մկրտչյանը Մանուկ Սիմոնյանի կողմից տարիներ շարունակ նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել, իսկ դեպքից ժամեր առաջ ծեծի է ենթարկվել: Պաշտպանի խոսքերով՝ Ռուզաննան սպանության պահին աֆեկտի վիճակում է եղել և նրան առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի: «Հիմա ուզում եմ երկրորդ փորձաքննությունով աֆեկտ դնեն ու Ռուզանին հանեն։ Ես լսել եմ նաև, որ էդ փորձագիտական կենտրոնում, հանձնաժողովում նաև իրենց ազգականն է ներգրավված, դրա համար էլ իրենց հեշտ կլինի աֆեկտ որակելը։ 100 տոկոսով մաքուրով կհանեն, կտեսնեք։ Իր շրջապատում արդեն խոսում են, որ մայիսին Ռուզաննան արդեն պետք է ազատության մեջ լինի։ Բայց ես դեմ արտահայտվեցի կրկնակի փորձաքննությանը, փորձաքննություն արդեն եղել է, նրա վիճակը գնահատվել է։ Եվ հետո նա դատարանում շատ լավ վիճակում էր։ Հենց տեսախցիկն իր վրա չէր, Ալիսիկի (նկատի ունի որդու՝ Նորիկ Սիմոնյանի հարսնացուին) հետ լավ էլ մատներով, ժեստերով խոսում էր։ Լկտի պահվածք»,- մեզ հետ զրույցում ասաց եղբայրը։

Ի դեպ, կայացած նիստի ժամանակ Արամ Սիմոնյանը դատարանին միջնորդել է փաստեր ներկայացնել կատարվածի հետ կապված, սակայն դատարանը հետաձգել է միջնորդության քննարկումը։ «Բայց ես ուզում էի փաստեր ներկայացնել, որոնք հերքում են բոլոր ներկայացված ցուցմունքները։ Հիմնական ցուցմունքները վկաների ցուցմունքներն են, որոնք բոլորն էլ սուտ մատնություններ են։ Բայց չցանկացան ինձ լսել։ Իրենց ոչ մի ապացույց էլ պետք չէ։ Իրենք ամեն ինչ որոշել են արդեն, բոլոր հարցերն էլ լուծել են»,- ասաց Սիմոնյանը։

Եղբայրը նամակ է գրել Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու Նորիկ Սիմոնյանին բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»։

Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զորակոչվելու մի քանի շաբաթ առաջ զինգրքույկ է ստացել։ Արամ Սիմոնյանի խոսքերով՝ ամենայն հավանականությամբ, իր եղբայրն է գումար տվել և որդուն ազատել բանակից։ Այդ փաստն ապացուցող ձայնագրություն էլ կա, որտեղ Մանուկ Սիմոնյանն ասում է, որ իր որդին դեռ կհասցնի իր ծառայությունը մատուցել հայրենիքին։