Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Տեր-Պետրոսյանը դժվար թե համաձայնվի դառնալ ուրիշի խաղի շարքային մասնակիցը

29 total views, 1 views today

Փետրվարի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրան և ՀԱԿ ներկայացուցիչներին հրավիրելով մասնակցել փետրվարի 23-ին Ազգային ժողովում կազմակերպվող խորհրդարանական լսումներին, որոնք վերաբերվելու են «Ելք» խմբակցության կողմից ԱԺ ներկայացված հայտարարության նախագծի քննարկմանը: ՀԱԿ-ը պաշտոնապես պատասխանել է այս նամակին, մերժելով հրավերը, որովհետև հասկանալի է, թե ինչ է թաքնված այդ նամակի և հայտարարության նախաձեռնության տակ:

Մարտի 1-ի սպանդը հայ հասարակության ցավոտ կետերից մեկն է: Այդ օրը, մինչև այժմ անհայտ հանգամանքներում, սպանվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ: Մինչև այժմ պարզված չէ, թե ովքեր են հանցագործները, ոչ միայն նրանք, ովքեր գնդակահարեցին անզեն քաղաքացիներին, այլ նաև այդ սպանդի պատվիրատուները, այն մարդիկ, ովքեր սպանությունների իրականացման անմիջական հրամանն են տվել: Այս հարցում առնվազն երեք տեսակետ կա։ Ըստ առաջինի՝ սպանությունների հրամանը տվել է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հենց նա էր այդ պահին հանրապետության նախագահը, իշխանության ղեկավարը, Գերագույն գլխավոր հրամանատարը, նրան էին ենթարկվում բանակը և ոստիկանական ուժերը: Ըստ առաջին վարկածի՝ Ռոբերտ Քոչարյանը սպանությունների հրաման տվեց, ցանկանալով այդ սպանությունների բեռը թողնել ապագա իշխանության, ապագա նախագահի վրա, դրանով արնաթաթախ անելով ապագա նախագահին ու նրա իշխանությունը:

Երկրորդ տարբերակի համաձայն՝ սպանությունների պատասխանատուն նախագահի թեկնածու և այդ պահին արդեն ԿԸՀ կողմից հաղթած թեկնածու հռչակված, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանն էր: Նա էր ղեկավարում ոչ պաշտոնապես ստեղծված և գործող հակաճգնաժամային շտաբը, որի խնդիրը նախընտրական և հետընտրական դժգոհության կանխումն էր: Սերժ Սարգսյանն էր Մարտի 1-ի սպանդի շահառուն, քանի որ, եթե իշխանությունը չգնար բիրտ ուժի կիրառման և արյան մեջ չխեղդեր հանրային դժգոհության ալիքը, դժվար է կանխատեսել, թե դա ինչի կարող էր հանգեցնել: Չէ որ փողոց դուրս եկած ցուցարարները բողոքարկում էին ընտրությունների պաշտոնական արդյունքները, նրանք բողոքարկում էին Սերժ Սարգսյանի հաթանակի օրինականությունը:

Երրորդ տարբերակն այս երկուսի միջինն է, ըստ որի՝ պետք չէ մեծ տարբերություն դնել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, որովհետև նրանց երկուսին էլ պետք էր հանրային բողոքի ճնշումը․ մեկին իշխանությունը հանձնելու, մյուսին՝ իշխանությունը ստանձնելու իմաստով: Քանի որ իրավապահ մարմինները այդպես էլ չբացահայտեցին սպանություններ կատարողներին անգամ, դժվար է հույս ունենալ, որ նրանք կբացահայտեին պատվիրատուներին:

Չնայած դրան, իշխանությունները ոչ ուղղակիորեն, բայց շատ գրագետ ու նրբորեն Մարտի 1-ի պատասխանատվությունը ուղղորդել են դեպի Ռոբերտ Քոչարյանը: Դա արվել է բավական գրագետ, և հանրային գիտակցության մեջ վերջին 10 տարիներին նստեցվել է այն պատկերացումը, որ Մարտի 1-ի սպանդի իրագործման հիմնական պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է: Յուրաքանչյուր անգամ, երբ հասարակական քաղաքական կյանքում ակտուալ է դարձել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացման, եթե չասենք վերադարձի հնարավորությունը, միանգամից դուրս է լողացել Մարտի 1-ի պատասխանատվության հարցը: Սա մի տեսակ զգուշացում է Քոչարյանին, որ եթե նա իսկապես փորձի իշխանության հայտ ներկայացնել, ապա նրան կհիշեցնեն Մարտի 1-ի մասին և կստիպեն պատասխան տալ 10-ամյա վաղեմության հանցագործության համար:

Հայաստանում մեկուկես ամիս հետո լուծվելու է իշխանության հարցը: Չնայած առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ որոշված ու կանխորոշված է, որ Սերժ Սարգսյանի վարչապետությանը այլընտրանք չկա, բայց իշխանական էլիտան իրականում եռում է: Ոչ բոլորն են լեգիտիմ համարում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ գնալու ցանկությունը, և օրինակ են բերում Ռոբերտ Քոչարյանին, որը երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո կամովին հանձնեց պաշտոնը: Շատերն ասում են, որ եթե խոսում են Սերժ Սարգսյանին այլընտրանք չլինելու մասին, հատկապես պատերազմող երկիր լինելու և անվտանգության հարցերում մյուս թեկնածուների ոչ կոմպետենտ լինելու առումով, ապա այդպիսի այլընտրանք կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը ինքն էլ դեմ չէ ստանձնելու այլընտրանքի դերը, բայց մի պայմանով, որ ինքը չպայքարի ու չստանձնի հեղափոխական առաջնորդի դերը, այլ՝ էլիտան գնա և խնդրի իրեն վերադառնալ և փրկել իրենց վերահաս կործանումից: Եվ ահա նման իրավիճակում է, որ կրկին դուրս է լողում Մարտի 1-ի ոճրագործությունը, որպես Ռոբերտ Քոչարյանի համար չկարդացված դատավճիռ, բայց խարան բաց ճակատին:

Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին բավական հաճախ է խաղարկել այդ խաղաթուղթը, և դժվար թե համաձայնվի ուրիշի խաղի շարքային մասնակիցը լինելու կարգավիճակին: