Սահմանադրությունը չի կարելի տառացի, բառացի մեկնաբանել, նախագահի ուղղակի ընտրություն չի լինելու. սահմանադրագետ

11 total views, 1 views today

Սահմանադրագետ Արմեն Մազմանյանը համակարծիք չէ փաստաբան Վահե Գրիգորյանի հետ, ըստ որի` Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն գործող Սահմանադրության 125 հոդվածում, որը դեռ ուժի մեջ չէ: Այն ուժի մեջ կմտնի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը: Այսինքն` չորրորդ նախագահը նույնպես պետք է ընտրվի ուղիղ քվեարկության միջոցով` գործող Սահմանադրության համաձայն։

«Վահե Գրիգորյանի կողմից հետաքրքիր փաստարկներ են ներկայացվել, բայց այս պարագայում ես նրա հետ չեմ համաձայնի։ Ես ինքս կցանկանայի, որ նախագահին ընտրեինք ուղիղ ընտրության միջոցով, բայց այս պարագայում ես Վահեի հետ չեմ համաձայնի։ Վահեի փաստարկները բացառապես հիմնված են Սահմանադրության տեքստային մեկնաբանությունների վրա։ Կարծես թե կա որոշակի թերություն, բայց Սահմանադրությունը չենք կարող մեկնաբանել՝ որպես զուտ տեքստի տառին համաձայն։ Սահմանադրությունը ունի նախապատմություն, իմաստ։ Իսկ նախապատմությունը եղել է այն, որ հայեցակարգից սկսած իշխանությունները մեզ ասել են, որ նախագահի ընտրություն չի լինելու։ Երկրորդ հայեցակարգից սկսած մեզ արդեն ասացին, որ համապետական ընտրություններ չեն լինելու։ Ես չեմ կարծում, որ Սահմանադրության հեղինակները, իշխանությունները երբևէ թաքցրել են, որ դա իրենց իրական նպատակն է եղել։ Հենց այդպես էլ Սահմանադրության նոր տարբերակը գովազդվել է և ներկայացվել է հանրությանը։ Այստեղ տեքստուալ մեկնաբանության կարիք նույնիսկ չկա։ Ակնհայտ նպատակ է եղել, որ նախագահի ընտրություններ այլևս չլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մազմանյանը։

Նրա խոսքերով՝ իշխանությունները ոչ մի բան չէին շահի, եթե դիտավորությամբ Սահմանադրության տեքստում վրիպակ կամ հակասություն թողնեին։ «Ցանկացած օրենք, Սահմանադրության ցանկացած նորմ, եթե փորձենք զուտ տեքստային ձևով մեկնաբանել, վրիպակներ կտեսնենք։ Հենց դրանում է էությունը, որ չպետք է տառացի, տեքստային մեկնաբանություններին առաջնություն տալ»,- հավելեց սահմանադրագետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։