Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Երեք կարգավիճակ Ծառուկյանի համար

25 total views, 1 views today

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական գնահատական է տվել ռեյտինգային ընտրակարգը վերանայելու Ծառուկյան դաշինքի առաջարկին, ինչը բնականաբար միանգամայն սպասելի էր:
Ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ-ի համար ներկայիս բարդ պայմաններում անաղմուկ վերարտադրության թերևս ամենահուսալի մեխանիզմներից մեկն է և քանի դեռ ՀՀԿ-ն չի մշակել առավել կատարելագործվածը, այդ ընտրակարգից հազիվ թե հրաժարվի:

Հրաժարվելու մյուս տարբերակը կլինի այն, երբ Հանրապետականին, կամ Սերժ Սարգսյանին հաջողվի ձևավորել երկբևեռ այնպիսի համակարգ՝ ներկայիս իշխող համակարգի այսպես ասած շրջանակային սահմաններում և ռեսուրսներով, որի պարագայում իշխանափոխության հավանականությունն այլևս չենթադրի նաև կապիտալի վերաբաշխում, սեփականության խնդիրներ և այլն: Դե ֆակտո, իշխող համակարգը արդեն մեկ տասնամյակ գործում է երկբեվեռ ռեժիմով, որի մի բեվեռն էլ ԲՀԿ-ն է:

Բայց, ԲՀԿ-ն ունենալով երաշխավորված երկրորդ կարգավիճակը, միևնույն ժամանակ տեսնում է, որ ՀՀԿ-ն տեսանելի ապագայում չի էլ պատրաստվում քննարկել «փոխատեղման» հնարավորությունը: Դա, իհարկե, բխում է ոչ միայն ներքին անվստահությունից կամ փոխադարձաբար միմյանց լավ ճանաչելուց, այլ նաև համակարգի ինստիտուցիոնալ թերկայացածությունից, անգամ եթե խոսքը փակ համակարգի տրամաբանությամբ և դեմոկրատական իմիտացիայով ինստիտուտների մասին է: Այլ կերպ ասած, քանի դեռ զսպող կամ կարգավորող մեխանիզմը ոչ թե խաղի կանոններն ու դրանց ինստիտուցիոնալ երաշխիքներն են, այլ իշխանության լծակները, անգամ համակարգից ծնված ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին նույնիսկ ժամանակավորապես չի վստահի իշխանությունը, քանի որ դա կբերի կապիտալի ստատուս-քվոյի փոփոխության:Եվ խնդիրը այստեղ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն չեն, այլ իրավիճակն ու համակարգային բնույթը:

Խորհրդարանական կառավարման մոդելի անցումով, ի թիվս այլ խնդիրների, Սերժ Սարգսյանն ըստ էության հաշվարկում է թերևս լուծել նաև այդ հարցը և իմիտացիան հասցնել ավելի բարձր՝ ընդհուպ իշխանափոխության հնարավորության մակարդակի: Սակայն դրա համար պետք է գործեն սեփականության անձեռնամխելիության ինստիտուցիոնալ երաշխիքները: Խորհրդարանական մոդելը առավել կենսունակ է ամբողջատիրական իշխանության պայմաններում այդ երաշխիքներին մոտենալու հարցում, թեև հաջողությունն անկասկած երաշխավորված չէ:

Ստացվում է, որ Ծառուկյան դաշինքը պարզապես չի համբերում, երբ ՀՀԿ-ն իր հետ կարող է քննարկել արդեն իշխանափոխության կանոնների հարց, այդպիսով առավել թուլացնելով Հայաստանում առկա սոցիալ-հոգեբանական լարվածությունը, որը գուցե առերևույթ ոչ, սակայն ներքին առումով ահռելի ճնշման տակ է պահում առանց այդ էլ արտաքին մարտահրավերներով ճնշված իշխանությանը: Բայց տվյալ դեպքում խնդիրը միայն «անհամբերությունը» չէ:

Նախ, Ծառուկյանը մի կողմից իհարկե փորձում է հնարավորություն ստեղծել պրոցեսը, ըստ այդմ նման քննարկումների հավանականությունը մեծացնելու համար, մյուս կողմից սակայն, նրա առանցքային խնդիրը այն է, որ ներկայիս զարգացումները կարող են իշխանության ներսում առաջացնել «երկրորդ բեվեռի» նոր հավակնորդ: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ոչ միայն Սերժ Սարգսյանի այսպես ասած ընտրությամբ, այլ զարգացումների բնականոն և տրամաբանական ազդեցությամբ, որոնք Հայաստանի ներքին գործընթացներում պահանջում են ավելի ու ավելի քաղաքական որակներ՝ հաշվի առնելով դրանց վրա արտաքին միջավայրի ազդեցության հիմնարար աճը: Դա, այսինքն «երրորդ ավելորդը» դառնալու խնդիրն է Ծառուկյանի ներկայիս խնդիրը, որը ստիպում է դնել գործնականում իշխանության ձևավորման մեխանիզմներին առնչվող հարցեր, որը իր խորքում ոչ այնքան առաջին լինելու կամ դառնալու, որքան երկրորդի դիրքը ամուր պահելու շարժառիթն է: