01/III/2008թ․–10. Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենն ու փակուղին

13 total views, 1 views today

1998-ի հրաժարականից երկու տարի էլ չէր անցել, երբ իշխանության մի հատվածում առաջացավ Լևոն Տեր-Պետրոսյանին հետ բերելու ցանկություն: Դա տեղի ունեցավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին դիմակայող երկրապահաներն ունեին խարիզմատիկ առաջնորդի անհրաժեշտություն: Սակայն առաջին նախագահը գիտեր իր խոսքի արժեքն ու լռության գինը: Նա մերժեց Երկրապահի էլիտայի առաջարկը: Տեր-Պետրոսյանի հիմնական մոտիվն այն էր, որ նա սկզբունքորեն մերժում է իշխանության գալու ռազմական կան հեղաշրջման տարբերակը: Բացի այդ, թերևս առաջին նախագահը դեռ այն ժամանակ հասկացել էր, թե որտեղից է գալիս Հոկտեմբերի 27-ի «քամին»: Մյուս կողմից` չգրված կանոնները հուշում են չխոչընդոտել հաջորդ նախագահի գործունեությունը նրա մանդատի ժամկետներում:

Պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր նախագահական հավակնությունը ձևակերպեց միայն այն ժամանակ, երբ ավարտվում էր Քոչարյանի նախագահության տասնամյակը: Մյուս կողմից` սա բավարար ժամանակ էր, որպեսզի հարթակում եղած բոլոր ընդդիմադիր ուժերն, ըստ էության, սպառեին իշխանափոխության իրենց ռեսուրսները և Տեր-Պետրոսյանի վերադարձը դառնար ոչ միայն քաղաքական, այլ նաև` հասարակական պահանջ:

Լևոն Տեր-Պետրոսյանն, անկախ քաղաքական կոնյուկտուրայից ու սխալներից, մնում է Երրորդ հանրապետության անգերազանցելի քաղաքական գործիչը: Նա ֆենոմենալ հաջողության է հասել` քսան տարում ղեկավարելով երկու համաժողովրդական, զանգվածային շարժում: 2008-ի քարոզարշավի և հետընտրական զարգացումների ժամանակ բացահայտվեց Տեր-Պետրոսյանի տարբերությունը նախորդ բոլոր ընդդիմադիր թեկնածուներից:

Առաջին նախագահը շեշտը դնում էր ոչ թե «կրիտիկական զանգվածի» և «կայծակնային» հաջողության, այլ` իշխանության ռեսուրսը փոշիացնելու մարտավարության վրա. Տեր-Պետրոսյանի շարժմանն էին միանում ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորներ, պաշտոնյաներ, հատկապես` նրանք, ովքեր շփվում էին միջազգային կառույցների հետ: Նախագահի թեկնածուն հավատարիմ մնաց իր մարտավարությանը` չնայած հրապարակից համառորեն հնչող «հիմա» կարգախոսին ու այն հանգամանքին, որ փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի միջոցառմանը հարկադրաբար բերված մարդիկ զանգվածաբար միացան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Նրա մարտավարությունը գրեթե անխոցելի էր և անխուսափելի էր դարձնելու իշխանության կաթվածը, եթե Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր հապաղեր և չտար մարտի 1-ի արյունոտ գործողությունների հրամանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի մյուս առանձնահատկությունն այն էր, որ նրա քարոզարշավի հիմնական շեշտը դրված էր հենց նրա խարիզմայի, ազդեցիկ խոսքի վրա` չնայած առաջին նախագահի շուրջ ձևավորված էր քաղաքական, հանրային լայն կոնսոլիդացիա: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը դատապարտված էր պարտության և խնդիրը միայն իշխանության բռնությունը չէր, այլ` առաջին հերթին, այն, որ առաջին նախագահը լուծումները, նախորդ ընդդիմադիրների օրինակով, տեսնում էր ռուսական դաշտում, որտեղ իշխանություններն, ըստ էության, մրցակցությունից դուրս էին: Պատահական չէ, որ 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո Տեր-Պետրոսյանի շարժումն աստիճանաբար մտավ փակուղի, որովհետև նրա օրակարգը համահունչ չէր միջազգային համատեքստին: