Դաշնակցական երկերեսանիությունը սահմաններ չի ճանաչում

13 total views, 2 views today

Երեկ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության նախաձեռնությունը, որով խմբակցությունը առաջարկում էր հրաժարվել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձարկված ռեյտինգային ընտրակարգից և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հիմնական հիմնավորումն այն է, որ թեև Սահմանադրությամբ խորհրդարանի ընտրությունները պետք է տեղի ունենան համամասնական ընտրակարգով, բայց ռեյտինգային ընտրակարգը մեծամասնական ընտրակարգի բացահայտ դրսևորում է, որի արդյունքում խորհրդարան են հայտնվում, ոչ թե քաղաքական գործիչները, այլ նրանք, ովքեր կարողանում են փողի միջոցով ռեյտինգ գնել: Հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 15 անդամներից 5-ը, դեմ՝ 9-ը, ինչի արդյունքում նախագիծը մերժվեց: «Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը նիստին չէր մասնակցում: Նախագծին դրական եզրակացություն տալուն կողմ քվեարկեցին հանձնաժողովում «Ծառուկյան» դաշինքի 4 անդամները և «Ելք»-ի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, իսկ դեմ էին ՀՀԿ-ի 8 և ՀՅԴ-ի միակ ներկայացուցիչը: Մինչդեռ, ՀՅԴ ներկայացուցչի նման պահվածքը, մեղմ ասած, տարօրինակ էր:

Երբ «Ծառուկյան» դաշինքը նախագիծ ներկայացրեց՝ առաջարկելով փոխել ընտրակարգը, այդ նախաձեռնությունը պաշտպանեց ոչ միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, այլ, որքան էլ տարօրինակ թվա, իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ խմբակցությունը: «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը իր նախագիծը խորհրդարան էր ներկայացրել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, իսկ արդեն այս տարվա փետրվարի 2-ին ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ հայտարարության հեղինակները, անդրադառնալով այս խնդրին, գրել էին. «Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը և ավագանիների ձևավորման համամասնական ընտրակարգ:

ՀՅԴ ներկայացուցիչները ոչ միայն հայտարարությամբ էին իրենց աջակցությունը հայտնել «Ծառուկյան» դաշինքին, այլ հետագայում ևս կապվել էին դաշինքի ներկայացուցիչների հետ և իրենց պատրաստակամությունը հայտնել պաշտպանելու դաշինքի հիշյալ նախաձեռնությունը, առաջարկելով դառնալ նախաձեռնության համահեղինակներ: Երեկվա հանձնաժողովի նիստի ժամանակ էլ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների ներկայացուցիչները, խոսելով այս նախաձեռնության մասին, ասում էին, որ դա խորհրդարանում ներկայացված չորս խմբակցություններից երեքի հավաքական դիրքորոշումն է: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ստեղծված իրավիճակը բնորոշեց «Կոնսենսուս հանած ՀՀԿ», նկատի ունենալով, որ մյուս երեք խմբակցությունները այս հարցում եկել են կոնսենսուսի՝ համաձայնության, և միայն ՀՀԿ-ն է դուրս մնացել դրանից, դեմ լինելով ընտրակարգի փոփոխությանը:

Մինչդեռ, հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ համերաշխ քվեարկությունը կատարեց, այդպիսով՝ ցույց տալով, թե ինչպիսի երկդիմի քաղաքականություն է վարում ՀՅԴ-ն: Մի կողմից ՀՅԴ-ն հայտարարում է, որ կողմնակից է ռեյտինգային ընտրակարգի փոփոխությանը, մյուս կողմից՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության միակ ներկայացուցիչ պատգամավորը դեմ է քվեարկում այդ նախաձեռնությանը, հանձնաժողովի նիստում որևէ բառ չարտասանելով այդ նախագծի վերաբերյալ:

Տեղի ունեցածին տարբեր բացատրություններ կարելի է տալ, բայց ամենաիրականն այն է, որ ՀՅԴ-ն, որպես ինքնուրույն քաղաքական ուժ, դադարել է գոյություն ունենալուց և վերջնականապես վերածվել է ՀՀԿ-ի կցորդի: ՀՅԴ ներկայացուցիչները քվեարկում են այնպես, ինչպես քվեարկում են ՀՀԿ անդամները, և դա նրանց մոտ արդեն ենթագիտակցության մակարդակում է: Որովհետև որևէ ՀՅԴ-ական չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, որին դեմ է ՀՀԿ-ն, որքան էլ, որ դրա մասին հայտարարած լինի ՀՅԴ Բյուրոն կամ Գերագույն մարմինը: ՀՅԴ-ականների համար այդ մարմինները այլևս ածանցյալ են, որոշիչը ՀՀԿ Գործադիր մարմնի որոշումն է: