Կարմիր բանակի 100-ամյակը․ Վիգեն Սարգսյանը կմասնակցի Հայաստանի Առաջին հանրապետության ոչնչացման «տոնակատարություններին»

12 total views, 2 views today

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն մեկնում է Մոսկվա: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին և հանդիսավոր արարողություններին:

Այսօրվա Ռուսաստանի համար պետական քաղաքականություն է դարձել սովետական խորհրդանիշների, տոների ռեստավրացիան, անգամ Ստալինի անձի ֆետիշացումը և սա բնական է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Պուտինի քաղաքականության առանցքում կայսրության վերականգնման ձգտումն է: Կասկածից վեր է նաև, որ Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձի միջոցառումները հարմարեցված են Ռուսաստանում տեղի ունեցող նախագահական քարոզարշավի ժամանակացույցին և Պուտինի PR-ի մի մասն են:

Նախարարական մակարդակով նման միջոցառմանը մասնակցելը բացահայտում է Հայաստանի գործող իշխանությունների արժեքային համակարգը: Սերժ Սարգսյանի իշխանությունը բարձր մակարդակով մեծարում է դեսպոտիզմի, բոլշևիկյան կայսրության խորհրդանիշը հանդիսացող բանակի տարեդարձը:

Ավելորդ է ասել, որ նման վարքագիծը հարիր չէ մի իշխանության, որը Եվրամիության հետ կնքել է շրջանակային պատմական համաձայնագիրը, իսկ ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանը Մյունխենի Անվտանգության ամենամյա համաժողովի բարձր ամբիոնից Հայաստանի հավատարմությունն էր հայտնում եվրոպական, համամարդկային արժեքներին: Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձն արժևորելով` Հայաստանն, ըստ էության, լեգիտիմացնում է ռուսական այսօրվա կայսերապաշտությունը, Հայաստանի ոչնչացմանն ուղղված ռուս-թուրքական դավադրությունը:

Հայաստանի Առաջին հանրապետությունը ոչնչացվել է Կարմիր բանակի կողմից 1920 թվականին, ընդ որում, ներխուժելով Հայաստան, կարմիր բանակի ստորաբաժանումները Հայաստան են հրավիրել թուրքական բանակին՝ արդեն խորհրդայնացված Հայաստանում ավարտին հասցնելով արևմտահայերի ցեղասպանությունը, որին զոհ 300 հազար գաղթական Արևմտյան Հայաստանից:

Կարմիր բանակի անմիջական մասնակցությամբ Հայաստանից խլվեցին տարածքներ ու նվիրաբերվեցին Թուրքիային ու Ադրբեջանին: Եթե ՀՅԴ-ն գոնե մի փոքր սկզբունքայնություն և ինքնուրույն դիմագիծ ունենար, Վիգեն Սարգսյանի այցի ֆոնին կհայտարեր կոալիցիան լքելու որոշման մասին:

Ուշագրավ է, որ Հայաստանի իշխանությունները պետականորեն, ըստ էության, չեն արժևորում համազգային շարժման 30-րդ տարեդարձն, որն ուղղակիորեն առնչվում է անկախ պետության վերականգնման հետ, սակայն մասնակցում են Կարմիր բանակի ծննդյանը նվիրված տոնակատարությանը` անուղղակիորեն արդարացնելով Հայաստանի սովետական օկուպացիան:

Ավելի ցինիկ է այն փաստը, որ Վիգեն Սարգսյանը մեկնում է Մոսկվա՝ Առաջին Հանրապետության, մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի շեմին, համազգային շարժման 30-րդ տարեդարձից երկու օր անց: