Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մայիս-հունիս ամիսներին հնարավոր է պատերազմը վերսկսվի

44 total views, 2 views today

զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսի «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվությունը, որում նշվում է 2018 թվականին Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վտանգի մասին: Զեկույցում նշվում է, որ կողմերը զիջումների գնալու ցանկություն չունեն: Որքանո՞վ է դա հավանական այս փուլում:

– Այն գնահատականը, որ երկու կողմերը պատրաստ չեն զիջումների գնալ, սխալ է, որովհետև հայկական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել զիջումների գնալու, մինչև իսկ նախագահը հստակորեն ասել է, որ մենք պատրաստ ենք ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները զիջել և այնտեղ որոշակի կարգավիճակով պահել միջանցքը: Հետևաբար դրանից ավելի զիջում, պարզ է, չեն կարող: Ինքս համաձայն չեմ այս տեսակետին:

Որքանո՞վ է հնարավոր 2018-ին պատերազմը. մի քանի ամիս առաջ էլ ասել եմ, որ հատկապես Ռուսաստանի ընտրություններից հետո շատ հնարավոր է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ վերսկսի: Ես նաև ունեի ներքին ինֆորմացիա բարձրաստիճան ռուսներից, որ Ալիևը խոսել է Պուտինի հետ, և նա Ալիևին հանձնարարել էր մինչև ընտրություններ համը չհանել: Եվ երբ լսեցի, որ Ալիևն ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխեց, իմ մեջ կասկածներն այդ հարցում ավելի խորացան: Այսինքն՝ ինքը նաև չի ուզում վտանգել իր ընտրության հարցը, որովհետև վստահ չէ՝ ինչ ձևով կընթանա այդ պատերազմը, և բերեց ապրիլ: Եվ ցավոք սրտի, ամերիկյան եզրակացությունը, որ հնարավոր է մայիս-հունիս ամիսներին պատերազմի վերսկսում, ես էլ եմ կիսում:

– Երկու երկրներում էլ ընտրություններ են՝ հին կադրերի վերարտադրմա՞մբ: Արդյոք նոր փուլ կսկսվի՞ խնդրի կարգավորման համար:

– Չէի ասի, որ նոր փուլ է սկսվում: Ո՛չ Ադրբեջանում, որտեղ պարզապես հին նախագահը վերընտրվում է հերթական անգամ, նույնն էլ մեզ մոտ է: Մեզ մոտ էլ Սահմանադրությունը փոխվեց, և ըստ էության ոչինչ չի փոխվում: Պարզապես նախագահը վերանվանվում է վարչապետ, և վարչապետը ունենում է նույնքան լիազորություններ, որքան ներկայիս նախագահը: Իսկ նախագահը արարողակարգային ներկայացուցչական կերպար է և որևէ հարց լուծող չէ: Եվ հատկապես Դաշնակցությունը, որ այս Սահմանադրության հեղինակներից մեկն է, փորձում է ասել, որ այս Սահմանադրությունը բերում է խորհրդարանական հանրապետության. պետք է ասեմ, որ այդ տեսակետը չեմ կիսում, սա խորհրդարանական հանրապետության Սահմանադրություն չէ, սա կուսակցապետական հանրապետության Սահմանադրություն է, որտեղ իշխում է ոչ թե խորհրդարանը, այլ կուսակցապետերը: Եվ քանի դեռ կուսակցությունների ներսում չկա ժողովրդավարություն, քանի դեռ այստեղ չկա իշխանափոխություն՝ ներկուսակցական առումով, և ազատ ընտրություններ, բնականաբար, որևէ խորհրդարանական կառույցի մասին չենք կարող խոսել: Այնպես որ, համաձայն չեմ, որ հին կադրերով նոր փուլ է սկսվում: Հին կադրերով շարունակվում է ամեն ինչ նույն ձևի՝ որոշ պաշտոններ վերանվանելով:

– ԱՄՆ-ը Հայաստանի կառավարությանը ծանուցել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ հնարավոր գործարքների կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին։ Սա, փաստորեն, արդեն լուրջ մարտահրավեր է Հայաստանին, և վերջինս ինչպե՞ս պետք է արձագանքի սրան։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը պատժամիջոցներից զերծ մնալու համար:

– 20 տարի առաջ պիտի ձեռնարկեր անկախ ռազմարդյունաբերության ստեղծումը: Այն ժամանակ ռազմական փորձագետները և ես նույնպես նշում էինք, որ նախընտրելի է սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնել բոլոր առումներով, բայց մերոնք գնացին այլ ճանապարհով, որովհետև այստեղ հիմնականում ատկատների խնդիր կար: Հիմա ԱՄՆ-ը ոչ թե մեր դեմ, այլ Ռուսաստանի դեմ ընդունել է պատժամիջոցներ, որը բոլորին է վերաբերում, բնականաբար՝ նաև մեզ: Այսինքն՝ եթե ինքը թույլ չի տալիս իր ընկերություններին Ռուսաստանի հետ գործարքներ կատարել, ինչո՞ւ պետք է մեզ թույլ տա: Դա վերաբերում է նաև Ադրբեջանին, որը նույնպես չի կարող մեծ քանակությամբ զենք գնել և այլն: Բայց այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանն արդեն իսկ շատ ավելի մեծ քանակությամբ զենք ունի գնած, բացի այդ, չլինելով ԵԱՏՄ անդամ, դրա շնորհիվ հնարավորություն ունի դրսից ավելի էժան զենք գնելու:

Մենք ի՞նչ պետք է անենք. մենք պետք է ենթարկվենք՝ շատ պարզ պատճառով. մեր տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակում է, գնալով ավելի է վատանալու, արդեն 7 միլիարդ արտաքին պարտքի շեմին ենք, 2020-ին էլ ամենածանր տարին է լինելու՝ պարտքերը փակելու, տոկոսները վճարելու առումով: Ըստ էության՝ մեր բյուջեի մի զգալի մասը մենք տալու ենք այդ պարտքը փակելուն: Մեր երկիրը գոյատևում է շնորհիվ նրա, որ դրսից որոշակի օգնություն ենք ստանում կամ ուղղակի ԱՄՆ-ից, կամ շատ ուրիշ միջազգային կազմակերպություններից և երկրներից, որոնց վրա ԱՄՆ-ի ազդեցությունը կա: Այստեղ շատ կարևոր է բանակցել, բացատրել և հիմնավորել, որ Հայաստանի համար սա ունի կենսական նշանակություն: Պետք է նշեմ, որ Միացյալ Նահանգները մշտապես բարյացակամ վերաբերմունք է ունեցել Հայաստանի նկատմամբ, և այն տարիներին Իրանի հետ ցանկացած գործարք շատ երկրների համար արգելված էր, պատժամիջոցների տակ էին ընկնում, Միացյալ Նահանգները երբևէ Հայաստանի նկատմամբ նման քաղաքականություն չիրականացրեց: Այն ժամանակ մեզ հաջողվեց բացատրել ԱՄՆ-ին, որ Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն: Հիմա նույնը պետք է բացատրել, որ եթե մենք Ռուսաստանից այդ զենքը չենք առնում, ուրեմն Միացյալ Նահանգները մեզ պետք է տրամադրի զենք, ինչպես այսօր քրդերին է տրամադրում:

– Շատերի գնահատմամբ՝ այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են: Այդ բացն ինչպե՞ս պետք է լրացվի:

– Բնականաբար, հայ-ամերիկյան հարաբերությունները չունեն այն ընդգրկումը և խորությունը, որը կարող էին ունենալ, և որի համար մենք ունեինք նախադրյալներ: Ուզում եմ հիշեցնել, որ Առաջին հանրապետության տարիներին Հայաստանը միակ հանրապետությունն էր, որի անկախությունը Միացյալ Նահանգները ճանաչեց՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի: Եվ չգիտեմ ինչու, մերոնք տոնեցին հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ այն դեպքում, երբ դրանք 1920-ից են եղել: Մենք ունենք երկար դիվանագիտական քաղաքական հարաբերությունների նախընթաց, ունենք բավականին ազդեցիկ համայնք, բայց մենք գրեթե ամբողջությամբ այսօր սպասարկում ենք Ռուսաստանի քաղաքականությունը: Մեզ թվում է, թե ԱՄՆ-ը պարտավոր է մեզ օգնել, բայց ինքը ոչ մի բան մեզ պարտավոր չէ, քանի որ ի տարբերություն Ռուսաստանի՝ մենք չունենք պայմանագրեր: Մենք պետք է լինենք նախաձեռնող: Եվ կա մեկ ուրիշ հանգամանք, այն է՝ Միացյալ Նահանգները շատ է կարևորում երկրի ներսում մեկը մյուսի նկատմամբ հարգանքը, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարը. այս բոլոր ցուցանիշներով հետընթաց ենք ապրում: Եվ արձանագրելով հետընթաց՝ մենք չենք կարող ակնկալել, որ ԱՄՆ-ը շարունակի մեզ օգնել: Հիշենք «Հազարամյակի մարտահրավերները», մենք տարեկան 250 միլիոն դոլար փող էինք ստանում, որից մեզ զրկեցին ամերիկացիները հենց այն պատճառով, որ իշխանությունը գնդակահարեց սեփական ժողովրդին, և որևէ հետաքննություն չեղավ: Այսինքն՝ եթե մենք չենք համապատասխանում ամերիկացիների պատկերացումներին, չենք կարող ակնկալել աջակցություն: