Փհենչհան-2018․ Ցնցելով աշխարհը ջախջախեցինք Ադրբեջանին․․․

15 total views, 1 views today

Հայաստանն ավարտեց ելույթը 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Հիշեցնենք, որ ձմեռային մարզաձևերի կարևորագույն փառատոնին մեր երկիրը ներկայացրին դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Կանանց 10 կմ դասական ոճում 30 րոպե 25.1 վայրկյան արդյունքով 90 մասնակիցների շարքում Գալստյանը գրավել էր 72-րդ հորիզոնականը: Ըստ նախնական հայտի՝ Գալստյանը պետք է մրցեր նաև կանանց սպրինտում, սակայն անհայտ պատճառով չէր հայտավորվել մրցմանը: Տղամարդկանց 15 կմ դասական ոճում ցույց տալով 39 րոպե 01․4 վայրկյան արդյունք՝ Միքայելյանը 118 մասնակիցների շարքում զբաղեցրել էր 83-րդ հոիզոնականը։ Ավելի վաղ՝ տղամարդկանց 1․5 կմ սպրինտում Միքայելյանը 3:37.40 արդյունքով զբաղեցրել է 72-րդ տեղը: Միքայելյանը չէր հաղթահարել որակավորման փուլը: Եզրափակիչ փուլ դուրս էին եկել 1-30 տեղերը զբաղեցրած դահուկորդները: Այսօր վերջապես ելույթ ունեցավ Աշոտ Կարապետյանը հատուկ ոլորավայրէջք ձևում ցույց տալով 42-րդ արդյունքը: Եզրագիծը հատած լեռնադահուկորդների շարքում սա վերջից 2-րդն է: Կարապետյանը նախ առաջին վայրէջքում գրավել է 54-րդ, իսկ երկրորդ փորձից հետո 2:08.08 արդյունքով զբաղեցրել 42-րդ հորիզոնականը: Նշենք, որ մրցմանը հայտավորված են եղել 106 լեռնադահուկորդներ և նրանցից միայն 43-ին է հաջողվել հասնել եզրագծին:

Հիշեցնենք, որ Կարապետյանը հասարակության շրջանում հայտնի էր դարձել Օլիմպիական խաղերում դահուկներ չունենալով: Փետրավարի 15-ին Կարապետյանը պետք է ելույթ ունենար հսկա ոլորավայրէջք ձևում, սակայն անհայտ պատճառներով ասպարեզ դուրս չէր եկել։ Գրանցված արդյունքներն ինչ խոսք չեն կարողացնել գոհացնել մարզասերներին, չնայած որ հայ օլիմպիականները հայտարարել էին, որ բավարարված են իրենց ելույթներից:

23-րդ Օլիմպիական խաղերը մեզ համար նշանավորվեց խայտառակությամբ: Նախ մրցավայր մեկնելուց առաջ Հանրային հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում Գալստյանն ու Միքայելյանը ասել էին, որ ՀԱՕԿ-ը նույնիսկ նորմալ մարզահագուստ չի տրամադրել: Մասնավորապես, Միքայելյանը ցուցադրելով ամառային կիսաթև շապիկներ և շորտեր, հայտարարել էր, որ ստացածը Ամառային օլիմպիական խաղերից մնացած հավաքածուն է: «Հագուստը ոչ միայն Ամառային օլիմպիական խաղերից մնացածն է, այլև մեծ է»,- ասել էր դահուկորդը: ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ կիսաթև շապիկներն ու շորտերը նախատեսված են հյուրանոցում և այլ փակ հաստատություններում կրելու համար: «Վստահեցնում եմ, որ մեր մարզիկները երբևէ տեխնիկական խնդիրներ չեն ունեցել: Մասնագիտական գույքը երբեք ՀԱՕԿ-ը անձամբ չի գնում: Ֆեդարցիան գնում է, իսկ ՀԱՕԿ-ը վճարում, որ հետո դժգոհություններ չլինեն»,- հայտարարել էր Ռոստոմյանը: Իսկ թե ինչու էին հայ օլիմպիականները ցուցադրել հենց ամառային մարզահագուստները, այնքան էլ ընկալելի չէր:

Աշոտ Կարապետյանի դահուկներ չունենալու պատմությունն իսկապես ցնցող կարելի է որակել: Անկախ նրանից, թե ով էր կատարվածի մեղավորը, խայտառակ եղանք աշխարհով մեկ: Առաջացած աղմուկից հետո էլ Կարապետյանը նախ ասպարեզ դուրս չեկավ, իսկ երկրորդ փորձից գրավեց վերջին երկրորդ հորիզոնականը:

Ցավալին այն է, որ արդեն այսօր մեր օլիմպիականների ելույթը Փհենչհանում, հասարակության շրջանում որակվում է որպես ջախջախիչ հաղթանակ Ադրբեջանի նկատմամբ: Բանն այն է, որ Ադրբեջանը Փհենչհանում ներկայացել էր ընդամենը մեկ ավստրիացի դահուկորդով: «Ադրբեջանցի» Պատրիկ Բրախները այսօր ելույթ է ունեցել Աշոտ Կարապետյանի հետ և չի կարողացել հասնել վերջնագծին: Բրախները շրջապտույթներից մեի ժամանակ վայր է ընկել: Սոցիալական ցանցերում մեր համաերկրացիներից շատերը տեղի ունեցածը ևս որակել են փայլուն հաղթանակ Ադրբեջանի նկատմամբ: Կարծում ենք մեկնաբանությունն ավելորդ է: Մեր մարզիկների ցուցադրած արդյունքները պետք է օրինաչափ համարենք: 3 հայ օլիմպիականներից նվաճումներ և բարձր արդյունքներ չէինք ակնկալում: Շատ ավելի ցանկալի կլիներ, որ այս արդյունքները գրանցվեին առանց ավելորդ ռեզոնանսի: Ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք:

Թե Հայաստանի, և թե Ադրբեջանի համար ձմեռային սպորտաձևերը երկրորդ, նույնիսկ երրորդ պլանում են: Ավելին, հարևան երկիրը նույնիսկ ադրբեջանցի մարզիկ չունի, որի որակները թույլ են տալիս ելույթ ունենալ Օլիմպիական խաղերում: Հետևաբար Ձմեռային մարզաձևերում Ադրբեջանի հետ «ոտք քցելն» ուղղակի անիմաստ է: Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնում նախօրեին արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սև ֆիգուրներով հաղթել էր Ադրբեջանի հավաքականի անդամ Ռաուֆ Մամեդովին: Վերջինի վարկանիշը 140 կետով գերազանցում է Պետրոսյանի վարկանիշին: Մարզական առումով սա կարծում ենք շատ ավելի նշանակալի և ուրախալի հաղթանակ էր հարևան երկրի նկատմամբ, քան Փհենչհանում գրանցված արդյունքներն ու Բրախների վայր ընկնելը: