Վարչապետը ներկայացրեց արդարադատության նորանշանակ նախարարին, կարևորեց համակարգի բարեփոխումները

Քաղաքական մեծամասնությունն ունի կամք իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում, այսօր Արդարադատության նախարարությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այդ առումով շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են Կառավարության կողմից:

Վարչապետն այսօր Արդարադատության նախարարությունում էր՝ ներկայացնելու նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին։

Փաշինյանը նշեց, որ Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկություններով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի։

«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ, և ես շատ կարևոր եմ համարում որ այսօր՝ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները», – ասաց վարչապետը։

Դիմելով նորանշանակ նախարարին՝ վարչապետն ընդգծեց՝ կարևոր է, որ նախարարությունում պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի. – «Ես համոզված եմ, որ Դուք ի վիճակի եք նման մթնոլորտ ստեղծել, որպեսզի Արդարադատության նախարարությանը և համակարգին մոտիվացնեք պոզիտիվ, կրեատիվ և ինովացիոն ոճի աշխատանքի, և այս առումով Ձեզ և նախարարության բոլոր աշխատակիցներին հաջողություն եմ մաղթում»։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արտակ Զեյնալյանին՝ կատարած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Զեյնալյանն իր ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կունենա։

Զեյնալյանն այսօրվա հանդիպմանը ներկա չէր, գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ արդարադատության նախկին նախարարը բացակայում է Հայաստանից։

Նշենք, որ Բադասյանը երեկ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեցԱրդարադատության նախարար։ Նա 28 տարեկան է, ծավալել է փաստաբանական գործունեություն, 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2018-ի մայիսը աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան և գործընկեր, մասնագիտացած է հարկային իրավունքի և տնտեսական հանցագործությունների ոլորտում:

Ավելի քան մեկ տարի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արտակ Զեյնալյանը հունիսի 7-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Մի քանի օր անց նա պարզաբանեց՝ նախարարի պաշտոնից հրաժարական տալու որոշում է կայացրել՝ «գնահատելով տեղեկատվական հոսքերը՝ մեդիայով և ոչ միայն մեդիայով»։